Կան արվեստագետներ, ովքեր լուսաշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ, արարում են մոլեռանդ նվիրումով՝ համոզված, որ դրանք դիմակայելու են ժամանակների նորարարական հոլովույթներին եւ, ի վերջո, դառնալու իր երկրի կամ քաղաքի խորհրդանիշ: Տվյալ պարագայում խոսքը ճարտարապետության մասին է ու այդ բնագավառում իր անխամրելի հետագիծը թողած Արթուր Թարխանյանի, որի նախագծած կառույցները տասնամյակներ շարունակ զարդարել, այսօր էլ զարդարում եւ շարունակում են զարմացնել եւ մեզ, եւ օտարներին:
Մեր երկիր ժամանողները հայոց ճարտարապետական ժառանգության հետ ծանոթացումն սկսում են հենց «Զվարթնոց» օդանավակայանից, որի հին մասնաշենքի հեղինակներից է Արթուր Թարխանյանը: Սա բոլորովին նոր՝ երեւակայական մտքի թռիչքից ծնված խոսք էր անծայրածիր խորհրդային երկրում ու այնքան հայտնի նրա սահմաններից դուրս, որ օտարազգի կինոռեժիսոր Քրիշտոֆ Կրատովսկին հատուկ գալիս է Հայաստան եւ իր ֆանտաստիկ ֆիլմի տեսարաններից մի քանիսը 1986-ին նկարահանում հենց «Զվարթնոցում»:
Արթուր Թարխանյանն իր մասնագիտական գործունեությունն սկսել էր արվեստների եւ արհեստների քաղաք Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքից: Աշխատում էր իր ուսուցչի հետ, ով արդեն նկատել էր երիտասարդ ճարտարապետի տաղանդը. «Թարխանյանի անունը դեռ շատ են լսելու»: Եվ չէր սխալվել. շուտով հրավեր է ստանում՝ մասնակցելու Աբովյան քաղաքի նախագծման աշխատանքներին: Ինչ-որ առումով՝ ճակատագրական հրավեր, քանզի վերին մի խորհրդով հանդիպելու եւ քսանհինգ տարի անընդմեջ մայրաքաղաքին նոր դեմք ու դիմագիծ էին տալու երեք երեւելի ճարտարապետները՝ Արթուր Թարխանյան, Հրաչյա Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան հնչեղ անուններով: Իսկ նրանց համատեղ հերթական աշխատանքը լինելու էր Երեւանի ամենահին շուկայի տարածքում հառնած «Ռոսիա» կինոթատրոնը՝ երեք դահլիճներով՝ յուրաքանչյուրը 1600, 1000 եւ 280 նստելատեղերով: Ճարտարապետներն առաջարկում էին կինոթատրոնին տալ ազգային «Այրարատ» կամ գոնե «Նոյան տապան» անունը: Սակայն, երկար քննարկումներից հետո որոշվում է «Ռոսիան». որը հավերժ բարեկամության եւ «մեծ եղբոր» խորհուրդն ու հանգամանքն ուներ… Ինչեւէ, միայն հիշենք, որ շահագործման տարում փառավոր այս կառույցում գործում էին ցուցասրահներ, սրճարաններ, իսկ հայտնի ու սիրված ֆիլմերի ցուցադրման օրերին տոմսարկղների առջեւ գոյանում էին անվերջանալի հերթեր: Բայց թե ինչի է վերածվել գեղաշուք կինոթատրոնն այսօր, կարծում եմ, խոսելն անգամ տխուր է ու ծիծաղելի…
Արթուր Թարխանյանի եւ իր տաղանդավոր ընկերների հաջորդ արարումը ժամանակին Պլանի գլխի բարձունքին «թեւածող» Երիտասարդական պալատն էր՝ մայրաքաղաքի խորհրդանիշներից ու երիտասարդության ամենասիրելի, գեղաշուք օջախներից մեկը, որը հողին հավասարեցվեց անողորմ մի ձեռքով՝ զրկելով սիրելի մայրաքաղաքը բացառիկ մի գեղեցկությունից: Թե այժմ ինչի է վերածվել այդ բարձունքը՝ միայն ողբալ կարելի է… Մի՞թե հնարավոր չէ վերականգնել այն, չէ՞ որ ամենուր այլակերպ ու այլազան շենքեր, երկնաքերներ, օտարաոճ ու խորթ կառույցներ են երկինք խոյանում, մի՞թե հնարավոր չէ նոր կյանք տալ հիշողություն դարձած Երիտասարդականին…
Իսկ ճարտարապետության տաղանդաշատ եռյակին նոր կառույց էր սպասում՝ մարզահամերգային համալիրը: Նրանց առջեւ խնդիր էր դրված՝ ստեղծել համալիր՝ լայն հնարավորություններ ունեցող դահլիճներով: Եվ, ինչպես հայտնի ֆիլմի անվանումն է հուշում, երեքին գումարվում են երկուսը՝ վաստակաշատ ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը եւ Գուրգեն Մուշեղյանը: Գիտակցելով գործի կարեւորությունը՝ նրանց Դիլիջանում առանձնատուն է հատկացվում, տրվում է երկամսյա սուղ ժամկետ՝ համալիրի նախագծման աշխատանքներն անելու եւ ավարտելու համար: Ճարտարապետները տքնում են գիշեր ու ցերեկ: Արդյունքում՝ նախադեպը չունեցող կոթողի նախագիծը պատրաստ է: Սկսվում են շինարարական աշխատանքները: Նախատեսված ժամկետում Ծիծեռնակաբերդի բլուրն ստանում է նոր շուք ու նոր տեսք՝ շնորհիվ խորհրդային ճարտարապետական մոդեռնիզմի գլուխգործոց ճանաչված մարզահամերգայինի, որը ԽՍՀՄ Պետական մրցանակի էր արժանանալու:
Իսկ մինչ այդ՝ 1967-ին, Ծիծեռնակաբերդի բլրին հառնել էր Արթուր Թարխանյանի նախագծով կառուցված Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը: Ճարտարապետն անձամբ էր հետեւել շինարարական աշխատանքներին՝ սիրել է, որ ամեն ինչ լինի կատարյալ:
Միայն գլուխգործոցային այս կոթողներով չէ, որ նժարվում է տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական վաստակը: Նրա նախագծերով են կառուցվել ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը, «Էրեբունի-3» միկրոշրջանը, բնակելի շենքեր Երեւանի Սարյան, Չարենցի եւ Բագրատունյաց փողոցներում, Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը Դիլիջանում, Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողները Դսեղում, Տաթեւում, Բազմաբերդում: Նա է ճարտարապետը Մարտիրոս Սարյանի, Շառլ Ազնավուրի արձանների՝ տեղադրված Երեւանում եւ Գյումրիում: Գյումրիում է նաեւ նրա վերջին՝ քաղաքում հայտնի «Համերաշխության շատրվանը», որն «հնչելու» էր որպես կարապի երգ…
Մեծանուն ճարտարապետի վաստակի մասին շատերն են խոսել: Նրանցից մեկն էլ արվեստակից մտերիմ ընկերն է՝ Սաշուր Քալաշյանը. «Նա եկավ, աստղի նման իր պտույտն արեց եւ հեռացավ»: Աստղի նման՝ ամեն ինչ ասված է: Իսկ ինչպիսին էր նա որպես մարդ: «Յուրահատուկ, սուր հումոր ուներ, գյումրեցի էր,- գրում է թոռը՝ Արտավազդ Թարխանյանը:- Դիպուկ հումորով կարող էր մի ամբողջ նախագիծ եւ դրա հետեւում թաքնված մտածելակերպ ոչնչացնել: Հենց ինքն էր իր թիվ մեկ քննադատը: Ժողովրդի մեջ հայտնի իր ստեղծագործությունների մականուններն ինքն էր հորինում: Մարզահամերգային համալիրը երգիծանքով կնքել է «ադիբուդի», Երիտասարդական պալատը՝ «կրծած կուկուրուզ», իսկ «Զվարթնոց» օդանավակայանը՝ «բուբլիկ»: Իր ստեղծագործություններին հոգեզավակի պես էր վերաբերվում. ոլորտի նվիրյալներին բնորոշ հատկանիշ է: Ի վերջո, հսկայական ժամանակ եւ ջանք է ներդրվում նախագծի մտածման, մշակման, ձեւավորման փուլում…»:
Իսկ մնայուն գործերը կյանք են առնում հենց այդպես: