«Մինաս, դու նկարիչ ես կամոքն Աստծո, դու կարող ես արդեն նկարել, ինչպես որ կամենում ես: Քեզ հաջողություն եմ մաղթում քո ծանր, բարդություններով լի, վայելքը շատ սակավ, տառապանքները շատ ու շատ, արդար գործի ճանապարհին…
…Գնացեք Մինաս Ավետիսյանի մոտ: Նրա կտավներն արեւի եւ լույսի հիմներ են: Ես ողջունում եմ երիտասարդներին՝ գեղանկարիչ, քանդակագործ, ովքեր ավագներից սովորելով՝ փնտրում են անծանոթ եւ անհայտ ուղիներ, ձգտում են դեպի անիմանալին, չբացահայտվածը: Ես ողջունում եմ համարձակներին ու ինքնատիպներին: Մինասը չի վախենում վառ գույներից: Նա քայլում է դեպի արեւի աշխարհը…»:
Մարտիրոս ՍԱՐՅԱՆ
Երեկ «դեպի արեւը քայլող» նկարչի՝ իր ծննդավայրն իրենով աշխարհին հայտնի դարձրած Մինաս Ավետիսյանի եղերական մահվան օրն էր, արվեստագետ, ով նախ ազատատենչ իր հոգու խառնարանում երկնեց սեփական գույները ու հետո դրանք նշխարեց կտավին: Նրա վրձնի կախարդանքով աշխարհահռչակ մարդիկ են սքանչացել. «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա՝ հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…»,- գրել է Վիլյամ Սարոյանը: Հանճարեղ Երվանդ Քոչարն էլ չի սքողել իր հիացումը. «Մինասը նկարչական աշխարհում երեւույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում…»: Եվս մեկ մեծահամբավ հայազգի արվեստագետի՝ Գառզուի խոսքով ամփոփենք մեծարման ու գնահատանքի անվերջանալի այս շարքը. «Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ծամանակակից է եւ շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…»:
Իսկ իմ ձեռքին գուցեեւ քչերին ծանոթ մի գիրք է՝ Մինաս Ավետիսյանի մտերիմ ընկերոջ՝ գրականագետ Վաչե Սաֆարյանի «Ազատն Մինասը. Լենինը Ապոլոն չի, որ նկարեմ» խոսուն վերնագրով: «Նա մեկն էր այն առասպելածիններից, որը բարձրացավ խարույկի վրա, որի վրա դարեր առաջ բարձրացել էր Ջորդանո Բրունոն,- գրում է հեղինակը:- Մինասը մի հրաշամանուկ էր, որ կանգնած էր հրածին, հրանուտ արեւի դեմ-դիմաց, օրեցօր զորավոր էր դառնում արեւի լույսով ու կրակով: Կաշխատեմ ներկայացնել Մինասից ինձ հասած իմ կյանքի, իմ կենսագրության անբաժանելի մասը դարձած պահերը՝ ամենայն անկեղծությամբ, Մինասին վայել անկեղծությամբ ու անմիջականությամբ: … Երանելի է այն մարդը, ով ճանաչել ու հասկացել է Մինասին՝ հայոց գեղարվեստի լեգենդար երեւույթներից մեկին, արվեստի մեծ նորոգիչ, նորարար Մինաս Ավետիսյանին: Ես բախտ եմ ունեցել տասնամյակներ շարունակ լինել Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում…»:
Վերընթերցելով փաստագրական լիարժեք հենքով գրված այս գիրքը՝ նպատակ չունեմ հանգամանորեն ներկայացնելու այն: Պարզապես հատվածներ եմ ներկայացնելու, հիրավի, այն դաժան իրականությունից, որում ապրել եւ ստեղծագործել է Մեծն ջաջուռեցին:
Եվ այսպես՝ խոսքը տանք գրականագետին. «Վերհիշենք բազում դեպքերից մեկը. նկարիչների միության այդ օրերի նախագահ, ապա նաեւ կուլտուրայի մինիստր Ռ. Պարսամյանը ոտքով հարվածել էր Մինասի նկարին, մի կողմ հրել եւ արհամարհանքով ասել. «Սա ի՞նչ է, սա էլ նկա՞ր է, սա ի՞նչ նկարչություն է…»: Մինասը, այդ մասին իմանալով, հանգիստ ասաց. «Կարծում էի, թե նա աթոռի մարդ է, աթոռային մտածողություն ունի: Պարզվում է, որ ոտքով, կոշիկով է մտածում: Սովետական աթոռը երկոտանի մարդուն դարձնում է չորքոտանի: Այդպիսին է ամեն մի աթոռակալ՝ հազվագյուտ բացառությամբ»: Ահա ձեզ Մինասի վերաբերյալ եղած պետական վերաբերմունքի առաջին, խոսուն օրինակներից մեկը:
Վերհիշենք այդ ամոթալի-խայտառակ օրերից եւս մի դեպք՝ շատերից մեկը. 1968 թ. նոյեմբերին պիտի բացվեր Մինասի առաջին անհատական, ամբողջական ցուցահանդեսը: Նկարիչների միության այդ օրերի քարտուղար, պետության կարեւոր ներկայացուցիչներ Մ. Սոսոյանը եւ Ս. Մուրադյանը ոտքի էին հանել սոցռեալիզմի ողջ ավագանուն՝ հին ու նոր: Օրական մի քանի անգամ մտնում էին նկարիչների միության նախագահ Գաբրիել Գյուջյանի առանձնասենյակը եւ պահանջում, որ նա արգելի Մինասի ցուցահանդեսը, թույլ չտա, որ այն բացվի: Իրենց չունեցած խիղճն ու ազնվությունը վաղուց կորցրած այդ մարդիկ՝ ոչ բարով նկարիչ կոչվածները, ասել էին, որ եթե Մինասի ցուցահանդեսը բացվի, դա խայտառակություն կլինի նկարիչների միության եւ առհասարակ նկարչության համար: Եթե նույնիսկ այդ ցուցահանդեսը բացվի, մեկ է՝ Մինասը տապալվելու է: Ցուցահանդեսը չպիտի բացվի: Լուսահոգի Գյուրջյանը, որը շատ բարեհոգի մարդ էր՝ լավ նկարիչ լինելով հանդերձ, ասել էր. «Նկարիչ է, ուզում է ցուցահանդես բացել, ցուցադրվել, մանավանդ ամեն ինչ պատրաստ է: Ցուցահանդեսը բացենք, եթե կտապալվի, թող տապալվի: Այդ մասին թող նա անհանգստանա: Եթե շատ եք ուզում, որ Մինասը տապալվի, որեմն բացեք, թող տապալվի: Իսկ եթե չտապալվի, ավելի լավ»: Մոտ հինգ ամիս ձգձգվելուց հետո, ցուցահանդեսը բացվեց: Նրանք պահանջել էին, որ այդ դեպքում նկարիչների միության շենքի մուտքին ոչ մի ազդագիր-հայտարարություն չլինի: Բայց քանի որ Մինասը վաղուց էր նվաճել Երեւանը, կատարվեց ճիշտ հակառակը…
… Լենինի 100-ամյակը պիտի նշվեր 1970 թ. ապրիլին: Վերհիշեցնում էին՝ Լենինի 100-ամյակի տոնակատարությունը շատ կարեւոր քաղաքական-գաղափարական արշավ է, որին անպատճառ պիտի մասնակցի Մինասը: Մինասը՝ հանգիստ, անտարբեր «ընկերների» պահանջին՝ ասաց. «Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ, չեմ նկարի…»: Պատասխանը ցնցող էր: Մինասի ասածը նույնն էր, ինչ որ մեկը գնար Մեքքա-Մեդինա՝ մահմեդականների սրբավայր եւ օրը ցերեկով մահմեդականության նվիրյալ գաղափարախոսների առաջ հայհոյեր, վարկաբեկեր Մուհամեդ մարգարեին… Մինասը մերժում, չէր ընդունում Լենինին՝ մարքսիզմ-լենինիզմի Մուհամեդ մարգարեին…
Պետական «ընկերները», սարսափած Մինասի պատասխանից (խոսքը Մինասն էր ասել, սակայն սարսափողները լսողներն էին), փորձեցին համոզել, բացատրել, թե ինչ անկանխատեսելի հետեւանք կարող է ունենալ այդ ամենը: Անդրդվելի Մինասը, որպեսզի լսելի դառնա «ընկերներին», զայրացած կրկնեց. «Նկարիչը բեռնակիր-համբալ չի, որ ինչ դնեն շալակին, այն էլ շալակի ու տանի: Չեմ նկարել, չեմ նկարելու: Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ…»:
… Ընկերների գնալուց հետո Մինասին ասում եմ. «Այ ծուռ մշեցի, տո լա՜ճ տնավեր, էս ի՞նչ ես անում: Առանց էն էլ քո կարմիր գույնը դեմ է սրանց կարմիրին, կարմիրների կարմիրին: Քո որդան-կարմիր գույնի ֆոնի վրա սրանց կարմիրը սեւանում է, սեւացել է: Հիշիր, թե ինչպես էին պետական մտածողությամբ այրերը ցուլի-կովի նման խրտնում քո կարմիրից, խմբովին հարձակվում էին նկարներիդ վրա: Քո կարմիր գույնը սրանց անդորրը վաղուց է խախտել: Գիշեր ու զօր քո գույներն են քննում եւ քեզ մեղադրում օրինախախտության մեջ: Լենինից-լենինիզմից հրաժարվելով՝ դու մահափորձ ես անում քո դեմ: Դա առնվազն ինքնասպանության փորձ է…
-Ես իմ հավատամքին, իմ սկզբունքներին դեմ չեմ գնացել երբեք, չեմ գնալու: Ինչ որ լինելու է, թող լինի,- ասում է պարանոցը սովետական գիլյոտինին պարզած-հանձնած հայ նկարիչը:
Այդ ճակատագրական զրույցից հետո սկսեցին ինչ-որ «պատահական-պատահարներ» կատարվել Մինասի հետ…
…1970 թ. ամառնամուտին էր, Մինասի մոտ եմ գնում: Աշխատում էր: Սովորական հանգիստը չտեսա: Բարեւ-ողջույնից, հարց ու պատասխանից հետո ցույց է տալիս պատուհանի ապակու վրա գնդակների հետքերը: Ցնցված եմ: Սառը քրտինքը պատում է մարմինս: Բերանս չի բացվում, որ խոսեմ: Դառնացած ասում է. «Ես որ ասում եմ, դու հակափաստեր ես բերում ինձ մխիթարելու, հանգստացնելու համար…»: Մինչ այդ նա բազմաթիվ անստորագիր նամակ-բացիկներ էր ստանում, որտեղ ամեն կարգի ստորությունները վերջաբանվում էին Երեւանից՝ Հայաստանից հեռանալու պահանջներով. «Տուն-ընտանիքդ հավաքիր եւ հեռացիր Հայաստանից, հակառակ դեպքում վերջը վատ կլինի»: Բոլոր կարգի սպառնալիքները սպառված էին՝ անցել էին գործի, գործնական քայլերի:
Եկավ եւ Հակոբ Անանիկյանը, որը փորձեց ինչ-որ նրբացուցիչ դեպք հանցանաց գտնել՝ ասելով, որ հիմա այնքան շատ մարդիկ որսորդական հրացաններ ունեն, պատահական կրակոցներ եղած կլինեն: Հակոբը նույնպես այլայլված, գունատված էր: Հետո ինձ ասաց. «Ապշելու բան է, ընկել են էս մարդու հետեւից, ի՞նչ են ուզում: Իսկապես որ ընկել են էս մարդու հետեւից, կարծես անոնիմ նամակները քիչ էին: Իսկ այս կրակոցները հաստատում են, որ ընկել են էս մարդու հետեւից…
…Հաջորդ «պատահական-պատահարը» 1972 թ. հրդեհն էր, երբ հրո ճարակ դարձան հայ արվեստի շատ գլուծգործոցներ: Հրդեհն սկսվել էր 1972 թ. հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը՝ լուսադեմին: Ցերեկը քաղաքում անմիջապես տարածվեց այն «կարեւոր» լուրը, որ հրդեհն առաջացել է էլեկտրական սալիկ-պլիտայից: Մինասն անուշադիր է եղել, դուրս գալուց պլիտան չի անջատել, որը եւ դարձել է հրդեհի պատճառը: «Մինասը շատ մոռացկոտ մարդ է»,- ասում էին ընկերները: Բայց Մինասը արվեստանոցից դուրս էր եկել 1971 թ. դեկտեմբերի 28-ին, օրվա երկրորդ կեսին: Այդ օրը արվեստանոցը մաքրեց մի շատ բարի, աշխատասեր, ավանդապահ մալական կին, հատակին էլ մաստիկա քսեց: Այդ կինը միշտ գալիս եւ մաքրում էր Մինասի արվեստանոցը: Մինասն արվեստանոցը փակեց եւ մեկ ժամ հետո, ընտանյոք հանդերձ, մեկնեց Ջաջուռ: Սովորության համաձայն՝ Նոր տարին մեծամասամբ դիմավորում էր Ջաջուռում, հարազատների շրջանում: Այդ օրերին էլ, այսօր էլ ասում եմ՝ հաշվեք, խնդրեմ, մոտ հինգ օր պլիտան վառվել է, նոր միայն հունվարի 2-ի լուսադեմին հրդեհը բռնկվել է: Անհավատալի, անհասկանալի հիմնավորում է սա: Խելքի մոտ բան չէր, եւ շատ էր կասկածելի… Մինասի արվեստանոցի մոխիրի մեջ նավթի-բենզինի հետքեր էին հայտնաբերվել: Այդ մասին, իհարկե, արձանագրության մեջ չի նշվել…
…Մինասի կյանքի երկրային ժամանակը մոտենում էր ավարտին:
Երրորդ եւ վեջին «պատահական պատահարը» Մինասի հետ տեղի ունեցավ 1975 թ. փետրվարի 16-ին:
Վթարից երկու օր հետո եղա Մինասի մոտ՝ հիվանդանոցում: Վիճակը շատ ծանր էր, անհույս. «Մինաս, էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ…»: Մեղմ, մերձիմահ ժպտաց. «Ինչ որ պիտի լիներ, եղավ… Վարորդը, երբ մեքենայով բարձրացավ մայթի վրա եւ հարվածեց ինձ, ես ընկա: Ինձ համար մեծագույն վիրավորանք էր ընկած վիճակը: Երբեք չէի ընկել: Մի կերպ բարձրացա, մոտենալով երկու ձեռքով հենվեցի դռան կողքի լուսամուտի գոգին: Այդ ժամանակ մեքենան նորից հարվածեց ինձ, իսկ երրորդ անգամ սեղմեց պատին, որպեսզի ճզմի ինձ…»: Այդ մասին ինձ ասողը Մինասն էր, իրավաբանական տերմինով ասած՝ գործով, գործի առաջին-հիմնական վկան՝ տուժողը: Իսկ Մինասի ասածին չհավատալը առնվազն սրբապղծություն կլիներ: Մարդ, որն իր ողջ կյանքի ընթացքում ոչ մի սուտ բան չէր խոսել: Մինասի հետ զրույցից հետո, որը, ավաղ, ի դժբախտություն ինձ եւ մեզ, վերջինը եղավ, ինձ համար հարց ու հարցական չմնաց: Ամեն ինչ պարզ էր ու մեկին՝ կատարված էր բացահայտ, մտադրված սպանություն:
Մարտի կեսերին էր, գնում եմ Գիտությունների ակադեմիայի հին շենքի՝ Աբովյան փողոցի վրա գտնվող գրադարան: Մայթն անցա, մոտեցա այդ շենքի (այդ տարիներին Մյասնիկյանի շրջգործկոմի) մուտքի աջ կողմի լուսամուտին: Երկար ժամանակ Մինասի արյան հետքերը կային այդ պատի վրա: Համակ տխրությամբ նայում էի… Ինձ մոտեցավ 50-ին մոտ մի բոլորովին անծանոթ մարդ: Առանց ներկայանալու՝ ասաց. «Ես ներկա եմ եղել այդ վթարի պահին»: Ի զարմանս ինձ՝ նա բառացիորեն ասաց այն, ինչ Մինասն էր ասել հիվանդանոցում, բառ առ բառ.
«Մեքենան Սայաթ Նովայի փողոցից թեքվեց աջ՝ Տերյան փողոցով ներքեւ գնալու, բայց՝ զարմանալի կերպով ուղիղ քշեց դեպի ձախ մայթ, որի վրա բարձրացել էր բերետը գլխին մի բարձրահասակ տղամարդ: Հետո իմացա, թե ով է եղել այդ մարդը: Մեքենան մեծ արագությամբ բարձրացավ մայթի վրա ու հարվածեց այդ մարդուն: Նա մի կերպ ընկած տեղից բարձրացավ, հենվեց պատին: Մեքենան նորից հարվածեց, իսկ երրորդ անգամ սեղմեց պատին: Այս ամենը շատ էր տարօրինակ: Ես 20 տարուց ավելի ավտոմեքենա եմ վարել, ունեմ սեփական մեքենա: Նման դեպքի ականատես էի լինում առաջին անգամ: Արտառոց դեպք էր: Այդպիսի բան կարող է լինել կամ հատուկ դիտավորության, կամ շատ հարբածության դեպքում: Երկրորդը բացառվում է: Այդ զգացի, երբ վարորդին հանում էին մեքենայից: Վարորդին ոչ մի բան չէր պատահել, ոչ մի վնասվածք չէր ստացել: Նա ինչ-որ շարժումներ էր անում, խոսում էր անկապ, անհասկանալի: Ես հասկացա, որ վարորդը դերասանություն է անում, հանձնարարված դեր է խաղում: Այդ ամենը շատ էր ակնհայտ: Իմ անունը Հակոբ է, ազգանունս՝ Վարազյան»,- ասաց ու հեռացավ…»:
Ահա այսպես, ազգանվեր ընթերցող: Խորհուրդս է՝ կարդալ Վաչե Սաֆարյանի գիրքն ամբողջությամբ, որի էջերում Մինաս Ավետիսյանի ողբերգական կերպարն ու շնչառությունն է…
Հ. Գ. Իսկ այրված գլուխգործոցները 300-ն էին, որից 100-ից ավելին՝ ավարտուն, այդ թվում՝ նաեւ Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար առանձնացված աշխատանքները: Նաեւ՝ նկարչի անձնական արխիվը: Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության ժամանակ: