Այսօր գերության մեջ է Արցախ աշխարհի մեծ մասը, շատ արցախցիներ տեղահանվել են իրենց բնօրրանից ու բնակություն հաստատել Երեւանում, այլ վայրերում։ Իսկ Արցախի մնացած տարածքը շրջափակման մեջ է։ Բայց ԱՐՑԱԽՑԻՆ ու նրան սատարող մեր ժողովուրդը հավատում են՝ վերստին ազատագրելու ենք մեր հայրենիքը, վերստին Գտչավանքում ու Դադիվանքում, Ծիծեռնավանքում ու Կանաչ ժամում շարական է հնչելու, խնկարկում է կատարվելու, հայն է այդ սուրբ տաճարներում մոմ վառելու։
Այս ոգով էր կազմակերպված ցերեկույթը՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։ Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնի» դահլիճում, «Արցախ, ի՛մ հավերժ» խորագրով միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների եւ անհատների աշխատանքներ։ Միջոցառման հանդիսավոր մասի բացումն սկսվեց «IYOUWE» («ԵՍԴՈՒՄԵՆՔ») ՀԿ նախագահ, միջոցառման հիմնական կազմակերպիչ Լիանա Ադամյանի շնորհավորանքի խոսքով։ Նա անդրադարձավ Արցախյան շարժման ակունքներին, դրա կարեւորությանը, խնդիրներին ու պատճառներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Արցախյան շարժման առաջամարտիկներ, զինվորական ու քաղաքական գործիչներ, տեղահանված արցախցիներ, մտավորականներ, հյուրեր։ ԱՀ ԱԳ նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով օրվա առթիվ, նշեց՝ դահլիճում ներկա են մեր պատմության մի կարեւոր էջի կայացման մասնակիցներ։ Այս շարժման շնորհիվ պահպանվեց մեր ինքնությունը։ Ս. Ղազարյանի առաջարկով եղավ նաեւ լռության րոպե։
Դահլիճում ներկա էին նաեւ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների հարազատներ, ինչպես նաեւ արցախյան առաջին գոյամարտի մասնակիցներ, ովքեր մարտական ընկերներ ու հարազատներ են կորցրել։ Օրինակ՝ հադրութեցի Վեներան 3 զոհ ունի իր ընտանիքից, Կարեն Միրզոյանի Արեն որդին հրաշալի երաժիշտ կդառնար, սակայն նահատակվեց, Անիի նշանածը տուն չեկավ պատերազմից եւ այլն։ Կարեւորվեց, որ պայքարը շարունակվում է, դրա վառ ապացույցը 120.000 հազար շրջափակված, բայց մարտնչող արցախցիներն են։ Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր խոսքում ցավ հայտնեց Արցախի ներկայիս վիճակի համար, սակայն ասաց՝ պատմության ղեկը հնարավոր չէ հետ շրջել։ «Խնդիրները պետք է ազգովի լուծենք, եւ այս վիճակը չպետք է դառնա մեր ապագան։ Եվ այստեղ՝ Հայաստանում, եւ Արցախում տեսնում եմ միավորվելու միտում։ Մենք պետք է արժանի լինենք մեր մարտիրոսներին։ Թուրքիան ու Ադրբեջանը գոյություն չունեին, երբ կար ծաղկուն Արցախ Մեծ Հայքի կազմում»,- ասաց նա եւ կարեւորեց Արցախի ճանաչումը որպես անկախ միավոր։
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը նշեց՝ արցախյան խնդրին մենք պետք է գիտականորեն նայենք, ոչ թե՝ պատմականորեն։ Պետք է ճշտենք՝ ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Պետք է ճշտենք նաեւ՝ երբ է սկսվել Արցախյան շարժումը։ Հադրութից տեղահանված Լեւոն Հայրիյանը, ով կանգնած է Արցախյան շարժման ակունքներում, չնայած ներկա վիճակին, շնորհավորելով սկսեց իր խոսքը՝ արժեւորելով շարժման նվիրյալների՝ Իգոր Մուրադյանի, Արթուր Մկրտչյանի, Արցախյան բանակի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանի՝ Ագոյի, ով ներկա էր դահլիճում, եւ բազում հայրենասերների աշխատանքը։ Ինչ վերաբերում է ներկային, ապա Լ. Հայրիյանը համոզված է՝ պետք է կրկին ոտքի կանգնենք՝ փրկելու եւ ազատագրելու Արցախը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը, ով անցել է Արցախյան գոյամարտով, ղեկավարել Արցախի պաշտպանության բանակը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ասաց՝ նոր բիրտ ուժեր են հայտնվել, բայց դա չպետք է ազդի մեր հոգեբանության վրա, ոչ մի պարտություն մեզ չի կարող ստիպել՝ հետ կանգնելու մեր երկիրը հետ բերելուց։ «Հայոց պատմության մեջ շատ են եղել նման իրավիճակներ, բայց մենք միշտ էլ կարողացել ենք ուշքի գալ։ Պետք է պահենք Արցախը, որը հիմք կդառնա կրկին ոտքի կանգնելու համար։ Արցախն էր մինչ 2020 թ. նոյեմբեր Հայաստանի սահմանի պաշտպանը»,- ասաց նա՝ տեղեկացնելով նաեւ, որ այժմ իր թոռը, հարազատներն Արցախում են, բայց իրենց չեն համարում շրջափակված։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն Արցախի ներկայիս վիճակը համարեց ժամանակավոր. «Մեր ժողովուրդը շատ արհավիրքներ է տեսել, սակայն նորից ենք տեսնելու 35 տարի առաջվա բերկրալի օրերը, ազատագրված Արցախը։ Որովհետեւ Արցախում կա հայություն, այստեղ կան շատ նվիրյալներ, որոնցից են այժմ դահլիճում նստած Գուրգեն Մելիքյանը, այլք։ Կրկին Բերձոր եմ գնալու, գրկելու եմ իմ տնկած ծառը, որը մորս հիշատակին էր նվիրված»։
Միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական ու Արցախին նվիրված երգերով հանդես եկան Արսեն Գրիգորյանը եւ Շուշան Պետրոսյանը, ինչպես նաեւ՝ հադրութցի երիտասարդ երգչուհի Անուշ Ստեփանյանը։ Ա. Գիրգորյանը՝ Մրոն, նաեւ անդրադարձավ Արցախյան շարժման 35-ամյա պատմությանը՝ ասելով, որ այդ շարժումը մեր ժողովրդի ազգային արժանապատվությունը բարձրացրեց; Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս վիճակին՝ Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց այժմ այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, որ թշնամուն ցույց են տալիս իրենց վճռականությունը՝ տեր մնալ հայրենի երկրին։ Այնուհետեւ կատարեց իր «Արցախ» եւ Գ. Սարյանի խոսքերով «Մարտիկի երգը» երգերը։ Շուշան Պետրոսյանի ասելով՝ չարին միշտ էլ բարին հաղթել է։ Չնայած այսօր իր համար դժվար է, բայց ներկայացրեց «Անունս Արցախ է» երգը։ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Սուրիկի Հաջոյան-Թամոյանն անդրադարձավ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությանը։ Նշեց՝ Արցախյան շարժումն էր, որ հնարավորություն տվեց՝ աշխարհը ճանաչի եզդիներին։ «Թեքեյան կենտրոնի» տնօրեն Արմեն Ծուլիկյանը ներկաներին եւ մեր ժողովրդին մաղթեց եռանդ, ուժ, կամք, որպեսզի կարողանանք դուրս գալ ներկա վիճակից։
Հանդիսավոր մասից հետո ներկաները ծանոթացան ցուցադրությանը։ Ներկայացված էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ու ուսուցիչների գործերը՝ ձեռքի աշխատանքներ, ասեղնագործական նմուշներ, գեղանկարներ եւ այլն։ «ԳՈՅ մարդասիրական հիմնադրամի» «ԿերամաԶարդ» խեցեգործության արվեստանոց-ուսումնարանը, որը բացվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին Երեւանում, Արցախից տեղահանվածների համար է գործում։ Այս ընթացքում հասցրել են բավականին աշխատանք կատարել եւ ներկայացրել էին կավե ձեռագործ աշխատանքներ՝ ձեւավորված հայկական զարդանախշերով։ Կենտրոնի համահիմնադիր, ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը տեղեկացրեց՝ նրկայացված են նոր ցուցանմուշներ։ Այժմ կենտրոնն ունի 5 աշխատակից՝ բոլորն էլ Արցախից։ Նախատեսել են բացել ուսումնական խմբեր՝ 2 տարիքային խմբերով՝ մանկական եւ տարեցների համար։ Շուշիի գորգերի թանգարանը ներկայացրել էր 4 գորգ, որոնցից 2-ը գործվել են 19-րդ դարում՝ Արցախի Պատարա եւ Շոշ գյուղերում, իսկ 2-ը նոր են։ Տնօրեն Վարդան Ասծատրյանը տեղեկացրեց՝ Շուշիում թանգարանը հիմնել էին 2011 թ.։ Ունեին մոտ 300 գորգ, հնագիտական նյութեր եւ գեղանկարներ։ 2020 թ. պատերազմի ընթացքում հասցրել են ցուցադրվող գորգերը՝ 170 հատ, հնագիտական նյութերի մի մասը տեղափոխել Երեւան, սակայն բավականին նմուշներ մնացել են։ Կարեւորեց, որ արժեքավոր գորգերը տեղահանվել են եւ այժմ ցուցադրվում են Վանաձորում։ Մինչ այդ ցուցադրվել են Երեւանում։ Հիմնական տարածք դեռեւս չունեն, եւ ցուցադրությունները կազմակերպում են շրջիկ ձեւով։ Նշեց նաեւ, որ նոր գորգերը նույնպես գործում են ավանդական եղանակով, թելերն ու ներկերը բնական նյութերից են եւ ստեղծվում են հայ գորգագործության ավանդույթներով։ Իր հետ աշխատում է Կեսարիայում ծնված հայ Աբրահամ Դալման, ով մասնագիտացված է գորգագործության արվեստում։ Գորգերի հավաքածուում ամենահինը 17-րդ դարի է։ Վ. Ասծատրյանը նաեւ ներկայացրեց ցուցադրվող գորգերը, անդրադարձավ դրանց պատմությանը։ Գորգեր էր ներկայացրել նաեւ «Արցախկարպետ» ընկերությունը։ Տնօրեն Սեւակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ արտադրում են ձեռագործ գորգեր։ Մինչ պատերազմը՝ Հադրութի Տող գյուղում ամեն տարի կազմակերպվում էր «Դիզակի գույները» գեղանկարչության միջազգային փառատոնը, որին մասնակցում էին գեղանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնը ներկայացրել էր նաեւ այդ աշխատանքների փրկված նմուշներ։ Նույն կտավների մեծ մասը մնաց Հադրութում։
«Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը ներկայացրել էր հանդեսի տարբեր օրինակներ, որոնք նվիրեց ներկաներին։ Տեղեկացրեց՝ տարեկան տպագրվում է հանդեսի 4 համար։ Ներկայացված էին նաեւ Շուշիի ստվերների թատրոնի եւ «Փայտենիկ»- Ղարաբեկյանների ընտանիքի մասին պատմող նյութեր։ Ցուցադրված էր նաեւ տողերիս հեղինակի մոտ 30 լուսանկար, որոնցում Արցախ աշխարհի Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի եւ Տիգրանակերտի պատմական հուշարձաններն էին պատկերված՝ եկեղեցիներ, ամրոցներ։ Այդ հուշարձանները լուսանկարել եմ տարիների ընթացքում, երբ բնակվում էի Բերձորում։ Ցավոք, բոլորն էլ այսօր գերության մեջ են։ Սակայն ներկաների մեծ մասը հավատում է՝ նորից ենք այցելելու Տիգրանակերտ ու բարձրանալու Վանքասար։