Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել հայոց մշակութային ամբողջական դաշտն առանց պատմական Ջավախքում ծնված մեծերի՝ առանց Դերենիկ Դեմիրճյանի ու Վահան Տերյանի, առանց Ջիվանու եւ Հավասու, Հովհաննես Քաջազնունու, առանց… Բայց Ջավախքում կա մի քաղաք, որ մեր ժողովրդին է պարգեւել մի խոշոր երկրի մշակութային դաշտը ծածկելու զորությամբ կոչվածների՝ Շառլ Ազնավուր, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, Լուսինե Զաքարյան, Վատիկանի հավատի տարածման միաբանության ղեկավար, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյան ու էլի երեւելիներ, որոնցով սքանչանում ենք հին ու նոր ժամանակների հոլովույթներում: Քաղաքն այդ կոչվում է Ախալցխա, որ ժամանակին հայահոծ էր ու հայաշունչ: Այստեղ են ծնվել նաեւ ակադեմիկոս, ականավոր հայագետ, բանասեր եւ բառարանագիր Ստեփանոս Մալխասյանցը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, նույնպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը:
Կանցնե՞ր, արդյոք, ծովագնացության ուսումնարան ավարտած ջավախքցի պատանու՝ Լեւոնի մտքով, որ նախախնամությունն իրեն այլ՝ գրականագիտության աշխարհ էր ուղղորդելու: Ուսանելու էր մայր բուհի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժնում, երեսուն տարեկանում դիսերտացիա էր պաշտպանելու «Ավետիք Իսահակյանը եւ ռուս գրականությունը» թեմայով եւ ստանալու էր բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Ապա դասախոսելու էր հարազատ կրթօջախում, ժամանակի ընթացքում ստանձնելու էր համալսարանի ռուսաց լեզվաբանության եւ թարգմանության տեսության, այնուհետեւ ռուս գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը: Տարիների ընթացքում գրված գրականագիտական ու թարգմանական գործերը երաշխիք էին լինելու անդամակցելու Հայաստանի գրողական ընտանիքին, ընտրվելու ՀԳՄ երկրորդ քարտուղար: Իսկ մայր բուհում իրեն էր վստահվելու ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկանի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնը:
Գրականագետի գրքերի գերակշռող մասը հրատարակվել են ռուսերեն՝ «Ավետիք Իսահակյանը եւ ռուս գրականությունը, «Ավետիք Իսահակյանը ռուսերեն», «Բանաստեղծությունների եւ թարգմանությունների մասին», «Հայ պոեզիան եւ 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները», «Բարին ընդ ձեզ», «Հարազատ գծեր», «Հարազատն ու մտերիմը», «Քաղցր է լույսը»: Հայ ընթերցողը քաջածանոթ է նրա «Իմանալ զբանս հանճարոյ», «Մեքսիկական էսքիզներ», «Վիլյամ Սարոյանը մոտիկից», «Պոեզիայի հասակը» եւ մյուս հրապարակումներին:
Մեծ է Լեւոն Մկրտչյանի ներդրումը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, թարգմանության ու մասսայականացման գործում: Գրականագետը ռուսերեն է հրատարակել ինչպես հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, այնպես էլ անթոլոգիաներ՝ հանգամանալից առաջաբաններով, ծանոթագրություններով, երբեմն նաեւ՝ տողացի թարգմանություններով: Ռուսերեն է հրատարակել «Սասունցի Դավիթ» շքեղ մեր էպոսը, նոր, ավելի կատարյալ թարգմանություններով ռուս ընթերցողին ներկայացրել 19-20-րդ դարերի հայ դասական եւ ժամանակակից բանաստեղծների՝ Թումանյան, Իսահակյան, Սահյան, ինչպես նաեւ հայերեն լույս ընծայել ռուս գրողների՝ Վ. Զվյագինցեւա, Ն.Տիխոնով, Ալ. Գիտովիչ, Ս. Շերվինսկի, Ե. Նիկոլաեւսկայա, Մ. Պետրովիխ, այլ անվանիների լավագույն երկերը: Նրա հարուստ ժառանգության մաս են կազմում 20-րդ դարի հայ եւ ռուս գրականության, արվեստի երեւելի գործիչներից շատերի մասին հուշագրությունները:
Ակադեմիկոսը թողել է նաեւ ինքնակենսագրական արձակ ստեղծագործություններ: Որպես թարգմանության տեսաբան՝ լայն ճանաչման է արժանացել նախկին Միությունում, նրա սահմաններից դուրս: Նրա նախաձեռնությամբ է մեզանում վերականգնվել Թարգմանչաց տոնը, որը խաթարվել էր տասնամյակներ շարունակ: Լեւոն Մկրտչյանի հեղինակած լավագույն գրքերից մեկը՝ «Զրույցներ բանաստեղծի հետ», նվիրված է Համո Սահյանին: Գիրք, որն ընթերցվում է «մեկ շնչով» եւ ընթերցողի համար նորովի բացահայտում ամենասիրված բանաստեղծներից մեկի մարդկային կերպարը, նրա սիրտն ու հոգին…
Այսօր վաստակաշատ ակադեմիկոսի ծննդյան օրն է: Եթե ճակատագիրը հազվադեպորեն բարեհաճ լիներ, ապա նա կբոլորեր իր արգասավոր կյանքի 90 տարին…