ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք-Այրիվան, նաեւ Գեղարքունի բերդ կոչվող գյուղը Սեւանա լճի արեւմտյան ափին է՝ մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս-արեւելք, ծովի մակերեւույթից 1940 մ բարձրության վրա։
Սեդրակ Բարխուդարյանի հեղինակած «Դիվան հայ վիմագրության», «Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու եւ Վարդենիսի շրջաններ» գլխում (Երեւան, 1973թ., պրակ-4, էջ 67-68) տեղեկություն կա նաեւ Հայրավանքի մասին։ Ըստ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու (1710, Երեւան-1780, Վաղարշապատ)՝ ներկայիս Բերդկունք եւ Հայրավանք գյուղերը, որոնք շատ մոտ են իրար, հնում եղել են մեկ բնակավայրի կազմում։ «Ազատ քաղաք»՝ այս անունն է կրել այդ բնակավայրը, որտեղով ժամանակին, ըստ Հ. Մանանդյանի («Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները», Երեւան, 1936թ., էջ 60), անցել է Դվին-Պարտավ գլխավոր ճանապարհներից մեկը։ Հայրավանք գյուղում՝ Սեւանա լճի ափամերձ ժայռի վրա է կառուցվել հայ միջնադարյան վանական համալիրներից մեկը՝ Հայրավանքը, որը հայտնի է նաեւ Հայր Հովհաննու վանք կամ Մարդաղավնյաց վանք անուններով։ Այս դիրքով վանական համալիրը, որը ժամանակին պարսպապատ է եղել, նաեւ ամրոցի դեր է խաղացել։ Սրբավայրում այժմ կանգուն են 6.15մ x 7.15 մ ներքին առանցքային չափերով Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի հիմքերը դրվել են 9-րդ դարում, եւ գավիթը։ Ս. Բարխուդարյանը գրում է. «Եկեղեցին քառաբսիդ գմբեթավոր շենք է՝ ներսից եւ դրսից խաչաձեւ հատակագծով. ունի մի խորան՝ հարավ արեւելքից…»: Եկեղեցու պատերին ամենահին արձանագրությունը 1211 թվականից է (թիվ 261) եւ վերաբերում է հիմնական նորոգումներին։ Դրան անդրադարձել է նաեւ Ղեւոնդ Ալիշանը. «Երկուեւսմղոնաւյել.Հր. սորին կայ Հայրուանք գեօղ, Այրի Վանք կոչեցեալ ի ռամկաց 30 տամբք, յանկեան այլոյ խորշի ծովուն. եւ յերկոցուն միջի գոգոցս՝ կարկառեալ տարածանի ցամաք իբրեւ թերակղզի՝ երկու մղոն կամ աւելի լայն, հերձակտուր եւ ժանեւոր ափամբք. ի հարաւային ոստ մի նոցին մերձ ի Հայրուանս կայ Ագգալե (Սպիտակ բերդ) բերդաւոր գեօղ 30 տամբք։ Բովանդակ ցամաքակղզիս այս լի է աւերակօք մեծագործ հայկական դաստակերտաց…» («Սիսական», Վենետիկ, 1893)։ Հետեւյալ արձանագրությունը նույնպես կա Ալիշանի գրքում։ «է. Ի ԹՎՄ ՀԱՅՈՑ: ՈԿ 1211 ՆՈՐՈԳԵՑԱՎ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵ: ՅՈՎԱՍԱՓ ԵՒ ՆԵՐՍԻՍԻ ՄԵԾ ՍՊԱՌԱՊԵՏՆ ԲՈՒԲԱՅՆ ՏԷՐ ԵՐԿՐԻՍ ԵՏ ՅԱՌԻՆՋՔ ԶԱՅԳԻՆ ՈՍԿԵԲԱԿՍ ՈՐ Է ԱՌՈՒ ՔԱՆԱՔԵՌՈ Բ ԱԿՆ ՋԱՂԱՑ Ի ՆՈՐԱՇԻԿ ՏՐ ՎԱՆԱԿԱՆ ԵՏ ԶԽԱԺԼԻ ՁԱԳՆ ՈՐ ԲԵՐԴԱԺՈՂՈՎՈՒՐԴ ՎԱՆԻՑՍ ԿԱՐԳԵՑԱՔ ԶՅԱՅՏՆՈՒԹԵ ՃՐԱԳԱԼՈՒՅՑՆ ԵՒ ԸԶԶԱՏԻԿԻ ԺԱՄՆ ԿԱՏԱԸՆ ՏԱՆ ՈՐ ԽԱՓԱՆԷ ԿԱՄ ԵԿԵՂԵՑՈՒՅՍ ՀԱՆԷ ՄԱՍՆԱԿԻՑ ՅՈՒԴԱՅԻ ԵՒ ՍԱՏԱՆԱԻ ԼԻՑԻ ԱՄԵՆ: ՎԱՆՔԻՍ ԻՄ ՄՈՒԼՔՆ ՏՎԻՆՔ ՎԱԽՄՆ ՈՎ ԽԱԲԱՆԻ ԱՅ ԴԱՏԻ»:
Ս. Բարխուդարյանը տեղեկացնում է նաեւ՝ բուն եկեղեցու վրա կա ընդամենը 5 արձանագրություն, որոնք էլ կոպտատաշ քարերով շարված պատերի մեջ հատուկ ագուցված քարերի վրա են։ Իսկ գավիթը, որ կառուցված է սրբատաշ քարերով, իր վրա կրում է մոտ 50 արձանագրություն, եւ բոլորն էլ 1211 թվականից հետո են։ Իսկ Սուրբ Ստեփանոս եկեղեցին իր առանձնահատկություններով Գեղարքունիքում 9-10-րդ դարերում կառուցվածներից է։ Հայոց ճարտարապետության եզակի հոգեւոր կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են: Գմբեթն ունի ութանիստ թմբուկ, որը կառուցված է սրբատաշ տուֆով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1211թ. վանական եղբայրներ Հովհասափ եւ Ներսես վարդապետների կողմից։ Նույն ժամանակ սուրբ հայրերը կառուցել են տվել նաեւ եկեղեցուն կից երկսյուն երդիկավոր ութանիստ շթաքարեզարդ գմբեթով գավիթը, որը նույնպես ճարտարապետական գոհար է։ Գավիթը, ինչպես ընդունված է, գլխավոր եկեղեցու արեւմուտքում է։ Սակայն, ինչպես նշում է Ս. Բարխուդարյանը. «…ժայռոտ հրվանդանի տեղանքի անհարմարությունը խանգարել է եկեղեցու հետ ուղիղ առանցքի վրա լինելուն։ Գավիթը համակ սրբատաշ քարերով է շինված. մեծ եւ ընդարձակ. արեւմտյան երկու սյուների եւ արեւելյան կողմից՝ երկու կիսասյուների վրա կանգնած է բարձր թաղը, որի կենտրոնում սովորական երդիկն է։ Ունի երկու մուտք՝ արեւմուտքից եւ հարավից»։ Վանքի տարածքում ու հարակից կողմերում պահպանվել են նաեւ բնակատեղիի ավերակներ, որտեղ կան շինությունների պատեր, հիմքեր, որոնք ժամանակին գործել են որպես հոգեւորականների խցեր, եղել են տնտեսական նպատակով, թաքստարաններ, մատուռ, հնարավոր է տարածքում գործել է նաեւ գրապահոց։ Վանքի տարածքում պահպանվել են նաեւ մոտ 2 տասնյակ խաչքար ու տապանաքար, որոնք արտացոլում են միջնադարյան քանդակագործությունը։ Այս խաչքարերին վերջերս անդրադարձել է հնագետ Համլետ Պետրոսյանը՝ որոշները համեմատելով Ջուղայի խաչքարերի կերտման մշակույթի հետ։ Վանքը գործել է գրեթե մշտապես, մինչեւ 19-րդ դարավերջ։
1980-ական թթ. եկեղեցին ու գավիթը հիմնանորոգվել են, բարեկարգվել է տարածքը։ Հայրավանքի բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երեւում է: Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արեւի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Հարավարեւելյան անկյանը կից ունի մի խորան, որը, հավանաբար, հետագայում է ավելացվել: Գմբեթը կործանվել է 19-րդ դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: 1952, 1972 եւ 1973 թթ. Հ. Մնացականյանի ղեկավարությամբ վանքի տարածքում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան սեւ անոթի բեկոր, Միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաեւ կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ եւ այլն։ Հայրավանքից մոտ 1 կմ հյուսիս՝ Բերդկունք (նախկին անվանումները` Աղկալա, Ազատ) գյուղում «Սպիտակ բերդ» ամրոցն է, որը վանքի ժամանակակիցն է։ Ըստ հնագետների՝ այս ամրոցի տեղում դեռեւս Ք. ա. 2-1-ին հազարամյակներում ամրոց է եղել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է 1737-ից Ամենայն Հայոց կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու (ծ. թ. անհայտ է, վախճանվել է 1751 թ., թաղված է Վաղարշապատի Սբ Գայանե վանքի բակում) «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» (Վաղարշապատ, 1734 թ.) գրքում գրի առած մի ավանդության հետ, ըստ որի՝ 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել։