1942 թ. մարտի 18-ին Կերչում՝ Կեպչուտ կոչվող վայրում, զոհվեց խորհրդային բանակի քաղաշխատող, արդեն հմուտ լրագրող եւ արձակագիր, հայազգի Դեբենցը (Իսրայելյան)։
Ավետիս Սիմոնի Դեբենցը ծնվել է 1913 թ. Հաղպատ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետեւ սովորել եւ 1931 թ. ավարտել է Երեւանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո անմիջապես աշխատանքի է անցել մամուլում։ Ժամանակին «Պիոներ կանչում», «Ավանգարդում» տպագրվող ակնարկները պատմում էին վերափոխվող Հայաստանի բնաշխարհի եւ մարդկանց մասին։ 1940 թ. «Հայպետհրատը» խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակի առթիվ ընթերցողի դատին է հանձնել շնորհալի արձակագրի «Երկրի գույները» ակնարկաշարը։ Հեղինակը միանգամից աչքի էր ընկնում պարզ լեզվով, պատանիներին գրավելու հետաքրքիր ոճով։ Այդ շարքի «Լեռնային գեղեցկուհին», «Քարերը» եւ այլ ակնարկներում Դեբենցը գեղարվեստական նուրբ ճաշակով նկարագրել է Սեւանա լիճը, կղզին, Գեղամա լեռները, Հայաստանի վարդագույն գանձ է անվանել հայկական տուֆը։ Դպրոցական ճամբարային կյանքից են վերցված նրա «Արկածը», «Անտառի գիշերը» եւ այլ ակնարկների նյութերը։ Դեբենցը պատվավոր պաշտոններ է վարել «Գրական թերթ» եւ «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում, իսկ բանակ է զորակոչվել որպես Հայաստանի գրողների միության կառավարչի տեղակալ։ Գեղարվեստական խոսքի ուժ, կյանքի ճանաչողություն եւ դաստիարակիչ արժեքներ ունեն նաեւ Դեբենցի նամակները։ Նախ ծննդյան օրվա առթիվ դստերը, հետո էլ՝ 1942-ի հունվարին ուսանող կնոջը հասցեագրած նամակներն ավարտել է հետեւյալ նախադասությամբ. «…Հայրենիքը վտանգի մեջ է, եւ այս ծանր պահին պետք է մոռանալ ամեն մի անձնական բան…»։ Նա բանակը գնահատել է որպես կյանքի դպրոց եւ իր կյանքի ընկերուհուն խորհուրդ էր տալիս՝
Միշտ արի լինել, քանզի
Մարդու համար ավելի սուրբ,
Ավելի վեհ չկա ոչինչ,
Քան հայրենի երկինքը կրկնակի լուրթ,
Լեռները սեգ, ջրերը ջինջ։
Ավետիս Դեբենցն իր եղբայրներ Ռուբենի եւ Մինասի հետ հերոսաբար կռվել ու նրանց հետ էլ զոհվել է։ 1951 թ. պատերազմի արհավիրքներն ապրած Հրաչյա Քոչարի առաջաբանով «Հայպետհրատը» լույս աշխարհ է բերել վառվռուն եւ կենսասեր հայրենասեր զինվորի «Կյանքի սերը» ժողովածուն։ Այն բացվում է հեղինակի բարեկամ, նկարիչ Արարատ Արծրունու շրջագայությունների մասին Դեբենցի նոթատետրի գեղարվեստական նկարագրությամբ։ Շարունակության մեջ ներկայացված է Հայաստանի վերածնունդը թվերի լեզվով. 1939 թ. Երեւանի գործարանների համախառն արտադրանքը 104 միլիոն ռուբլի էր՝ 1900-ի համեմատ ավելի քան 660 անգամ ավելի։ Նույն տարվա մարդահամարով բնակչության թիվն անցավ 200.600-ը՝ 1926 թվի 64.613 մարդու դիմաց։ Գրողի օբյեկտիվում նաեւ հայոց բանակն է, հեղինակի հասակակիցներն են ու «սովետական պարզ մարդը»։
Դեբենց արձակագրի նուրբ ստեղծագործությունները ծանոթ են դարձել նաեւ ռուս ընթերցողին, տեղ գտել «Պսակում», «Ընտիր էջեր» եւ ուրիշ ալմանախներում։ Դեբենցն իր ուժերը փորձել է նաեւ թարգմանության ասպարեզում։ 1947-ին «Հայպետհրատը» տպագրել է Մաքսիմ Գորկու պատմվածքների ժողովածուն, որի թարգմանության հեղինակներն են Մկրտիչ Արմենը եւ Ավետիս Դեբենցը։ Դեբենցի անտիպ գործերը ժամանակին պահպանվել են կնոջ՝ պատմաբան, ԵՊՀ դասախոս Աշխեն Գասպարյանի մոտ։ Իր ակնարկներից մեկի մեջ, նկարագրելով գարնան աստղազարդ երկինքը, որի վրայով ցոլալով ընկնում են աստղերը՝ թողնելով լուսավոր շառավիղներ, Ավետիս Դեբենցը հարցնում է ինքն իրեն՝ կթողնի՞ ինքը լուսավոր հետք իրենից հետո։ Որ նա թողել է լուսավոր ու պատվավոր հետք, ինձ օգնեցին հասկանալու ու համոզվելու գրող Սասուն Գրիգորյանի «Նրանք ընկան երգը շուրթերին» եւ «Հուշամատյան սիրո եւ սխրանքի» գրքերը, եւ իմ բարեկամ, ճանաչված ալավերդցի, լոռեցի ստեղծագործողների հանդեպ իր յուրատեսակ վերաբերմունքով աչքի ընկնող Սոս Սիրադեղյանը, ով ինձ տրամադրեց Դեբենցի «Կյանքի սերը» ժողովածուն, եւ նաեւ ուղղորդեց դեպի շնորհալի լոռեցու մասին համացանցում առկա գրառումները։
Ծննդյան 110-ամյակի հոբելյանական առիթով անդրադառնալով Ավետիս Դեբենցին՝ նպատակս մեկն էր՝ մեկ անգամ եւս բարձրաձայնել ժամանակն ու պատմությունը ճիշտ գնահատելու, պատմության եւ երեւելիների դասերից մշտապես ճիշտ օգտվելու անրաժեշտության մասին։
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ