«Մի անգամ մենք միասին հյուրախաղերի էինք Զանգեզուրում: Շեներից մեկում նրան մեծարելիս այսպիսի խոսք ասվեց. «Դու քո արձանն արդեն քո կենդանության օրոք կանգնեցրիր…»: Եվ, այո, Ավագ Պետրոսյանն իր արվեստով մնաց ժողովրդի հոգու մեջ եւ կմնա հավերժապես: Ինձ միշտ թվացել է, թե նա մեր քարքարոտ սարերից պոկված մի հզոր ժայռաբեկոր է՝ ինքն իրեն ծնած, ինքն իրեն ստեղծած… Ես ընդհանրապես չգիտեմ, թե Ավագն ինչ է սովորել կոնսերվատորիայում: Ի՞նչ կարող էին սովորեցնել, եթե բնությունը նրան շնորհել էր մի ձայն, որի նմանը ես մինչեւ օրս չեմ լսել, այդպիսի հզորություն, այդպիսի անսահմանություն ես երբեք չեմ տեսել…»:
Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
Հայ օպերային երգարվեստի անդաստանում անմրցակցի իր շքեղ վրանը խփած Ավագ Պետրոսյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանից՝ Ակոռիից ներգաղթած վաճառականի ընտանիքում: Ինչպես մեծերից շատ-շատերի ճակատագրին է բնորոշ, ունեցել է դառը մանկություն. որբացել է երկու տարեկանում, իսկ ընտանիքը մատնվել է ծանրագույն վիճակի: Ապագա երգչի միակ սփոփանքն Էջմիածնում երգող հորից ժառանգած ձայնն էր լինելու՝ աստվածային պարգեւ, որը նրա կյանքը զարդարելու էր համաժողովրդական սիրո ու մեծարանքի պսակով: Մուսաների հովանավորությամբ, սակայն, բախտը նրան ժպտում է տակավին երիտասարդ հասակում՝ հանդիպեցնելով իր կյանքում, թերեւս, ամենակարեւոր մարդկանց՝ ուսուցիչներին, մոսկովյան եւ պետերբուրգյան երաժշտական շրջանակներում ամենահայտնի պրոֆեսորներին՝ Նադեժդա Գարդյանին, այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ Քսենյա Դորլիակիին: Հենց այդ տարիներին էլ երիտասարդ երգիչը հայտնություն էր դառնալու՝ իր զուլալ, բարձր ձայնով հմայելով բոլորին: Ձայն, որն ապշեցնում էր ոչ միայն հնչեղությամբ, այլեւ տեքստի պարզ ու հասկանալի արտաբերումով ու ընդգծված առոգանությամբ: Ավելին՝ տակավին մոսկովյան երաժշտանոցի ուսանող՝ իրավունք էր վաստակել միութենական մայրաքաղաքի բեմահարթակներում հանդես գալ ժամանակի մշակույթի տարբեր ոլորտների ամենահայտնի ու հզոր դեմքերի հետ՝ Ռուբեն Սիմոնով, Վահրամ Փափազյան, Իվան Կազլովսկի, Էմիլ Գիլելս, Սուրեն Քոչարյան, Սվյատոսլավ Ռիխտեր, արվեստի այլ երեւելիներ:
Անկշռելի, անսակարկելի ու անհամեմատելի է Ավագ Պետրոսյանի ավանդը հատկապես հայկական օպերաներում գլխավոր դերերգերը կատարելիս՝ Սարո՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Սանթուր՝ «Դավիթ Բեկ», Տիրիթ՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Շեյխ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» եւ այլ օպերային ներկայացումներում: «Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան,- գրել է անզուգական Գոհար Գասպարյանը:-Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան եւ երբ կատարում էր «Արցունք մի թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե խաղընկերները, թե հանդիսատեսը, հուզվում էինք իր հետ միասին…»: Իսկ «Հայոց սոխակի» երախտաշատ ամուսինը՝ Տիգրան Լեւոնյանը այսպես է բնութագրում Սարոյի անգերազանցելի դերակատարին. «Երգիչը պետք է ազգային պատկանելություն ունենա, ինչպես որ արվեստը պետք է ունենա հասցե: Պետք է ունենա ոչ միայն աշխարհագրական, այլեւ պատմական հասցե: Եվ եթե արվեստագետն իր հազարամյա ազգային պատմության, իր աշխարհամասի, իր հոգեւոր հայրենիքի ներկայացուցիչը չէ, ապա նրա արվեստը հեղհեղուկ է, զուրկ է հիմքից եւ հենքից: Այս առումով շատ մեծ է Ավագ Պետրոսյանի ավանդը հայ երգարվեստում, որովհետեւ նա ճշմարիտ ներկայացուցիչն է իր ազգի, մեր երկրի աշխարհագրության, մեր ազգի պատմության, մեր նախասիրությունների, մեր կրքի, մեր ուրախության ու տխրության, մեր վշտերի եւ հրճվանքների… Ուստի համարձակորեն կարող ենք ասել, որ նա ճշմարտապես մեր ժողովրդի տաղանդն է, տաղանդ, որ իմաստավորված է մեր ժողովրդի հոգու էությամբ, հոգու պատմությամբ: Եվ այդ ամենը նրա ձայնի մեջ լսելու համար անհրաժեշտ են ոչ միայն աչքեր եւ ունկեր, այլեւ՝ հոգու հայացք: Եվ հոգու հայացքն է, որ միշտ խոսում է Ավագ Պետրոսյանի երգի մեջ…»:
Ավագ Պետրոսյանը բեմ է բարձրացել հայկական օպերային արվեստի այնպիսի հռչակավորների հետ, ինչպիսիք են Տաթեւիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Շարա Տալյանը, Նար Հովհաննիսյանը, Միհրան Երկաթը, այլ երախտավորներ: Բայց միայն օպերան չէր ժողովրդական արտիստինը՝ հանդես է եկել նաեւ կամերային համերգներով, հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Նրա կատարմամբ Աշոտ Սաթյանի հանրահայտ ու սիրված «Մարտիկի երգն» առ այսօր շարունակում է անգերազանցելի մնալ հին ու նոր, տաղանդավոր ու ճանաչված երգիչների խիտ անվանացանկում:
Բազմաթիվ մեծանուն արվեստագետներ են սքանչացել Կամարիսում աչքերը բացած տենորի երգարվեստով: Նրանցից մեկն էլ հայոց թատերաբեմի զարդերից Վարդուհի Վարդերեսյանն էր. «Մեծ արվեստագետը նման է հանքի՝ որքան խորանաս, այնքան նոր հարստություններ կհայտնաբերես: Ավագ Պետրոսյանն այդ հանքի ամենաշքեղ ադամանդն էր, որին ժողովուրդը սիրեց եւ իրենը դարձրեց: Ես չեմ հիշում օպերային մեկ այլ երգչի, որն այդքան մեծ ժողովրդականություն վայելեր: Նա երգում էր հայ մարդուն…»: