«Մելիք Փաշաեւն ինձ հրավիրել էր Մոսկվայի Մեծ թատրոն: Հենց նույն օրերին հրավեր էի ստացել նաեւ Երեւանից: Ես գերադասեցի Հայաստանը: Չեմ սխալվել, որ եկել եմ Երեւան: Թեեւ Մեծ թատրոնում Հայաստանի համար ավելի շատ գործ կկատարեի: Բայց, այնուամենայնիվ, եկա Երեւան եւ ուրախ եմ, որ ծառայել եմ իմ ժողովրդին: Ինչ վերաբերում է իմ խաղացած դերերին, չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկը, բոլորն էլ հարազատ են: Տարիների ընթացքում հիմնականում խաղացել եմ գլխավոր դերեր, չեմ խուսափել նաեւ էպիզոդիկ դերերից: Իսկական դերասանը երկրորդական դերերը նույնպես պետք է լուրջ խաղա, կարեւորի այն, գտնի դերի բնորոշ հատկանիշները: Բեմին նվիրված դերասանը պետք է կարողանա էպիզոդիկ դերն այնպես կատարել, որ դասվի գլխավորների շարքը: Կերպարը լիովին բացահայտելու համար որոնել ու փնտրել է պետք՝ ստեղծելով կենսականորեն հավաստի կերպար: Բեմարվեստում հայտնի ճշմարտություն է. չկան փոքր ու մեծ դերեր, կան լավ եւ վատ դերասաններ…»:
Նար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում փայլել են երաժշտական արվեստի այնպիսի երախտավորներ, ովքեր նշաձող են սահմանել իրենցից հետո նույն բեմը բարձրանալու պատվին արժանացողների համար՝ Հայկանուշ Դանիելյան, Շարա Տալյան, Պավել Լիսիցյան, Ավագ Պետրոսյան, Միհրան Երկաթ, Գոհար Գասպարյան, Տաթեւիկ Սազանդարյան, Տիգրան Լեւոնյան եւ էլի անխամրելի դեմքեր, որոնցից անբաժան է Նար Հովհաննիսյանի անունը: Ճանաչված արտիստի դերերգերն ու համերգային ելույթներն ամենուր արժանացել են մամուլի, երաժշտասերների եւ երաժշտագետների ուշադրությանը: Դերասանական անսպառ տաղանդը, զուսպ, առնական խաղը եւ հարուստ երանգներով ձայնը հնարավորություն են տվել նրան կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ՝ Ա. Տիգրանյան՝ «Դավիթ Բեկ», Նադիր Շահ՝ Ալ. Սպենդիարյան՝ «Ալմաստ», Ներսես, Հոր-հոր աղա՝ Տ. Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ», «Լեբլեբիջի», Կոչուբեյ ՝ Պ. Չայկովսկի՝ «Մազեպա», Ջրաղացպան՝ Դորգոմիժսկի՝ «Ջրահարս», Դոն Բազիլիո՝ Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ», Ռամֆիս՝ Վերդի՝«Աիդա», Մեֆիստոֆել՝ Գունո՝ «Ֆաուստ», Օրովեզ՝ Բելլինի՝ «Նորմա», Ֆիլիպ Երկրորդ՝ Վերդի՝ «Դոն Կարլոս»… Բազմաբնույթ դերերի այս ցանկը կարելի է շարունակել: Ելույթներ է ունեցել նախկին Միության տարբեր քաղաքների, Սիրիայի, Լիբանանի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի, աֆրիկյան երկրների հեղինակավոր օպերային բեմերում… Իսկ նրա անցած արգասաբեր այս ճանապարհն ակունքվում է Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսից. այստեղ՝ մեծանուն գրող Նար-Դոսի ընտանիքում է ծնվել Նար Հովհաննիսյանը, ավարտել է վրաց մայրաքաղաքի կոնսերվատորիան, եղել Թբիլիսիի օպերայի եւ բալետի խմբերգիչ, որպես կամավորական՝ մասնակցել Երկրորդ աշխարհամարտին՝ մարտնչել Հյուսիսային Կովկասում, մասնակցել Կերչի, Սեւաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը, ծանր կոնտուզիա ստացած՝ բուժվել հոսպիտալում, ապա նաեւ Մոսկվայի հիվանդանոցներում: Ճակատագիրը նրան կյանք էր վերապահել՝ հունձք ուներ անելու, հարստացնելու հայրենի երգարվեստի գանձարանը, համալրելու իր ժողովրդի վաստակաշատ զավակների անվանացանկը: «Կոնսերվատորիան ավարտելուց հետո,-իր սակավաթիվ հարցազրույցներից մեկում վերհիշում է բաս երգիչը,- հայտնի դիրիժոր Ա. Պակովսկին ինձ հրավիրեց Լենինգրադի Կիրովի անվան օպերայում երգելու եւ ինձ ուղարկեց Բորիս Գուդունովի դերերգի տեքստը: Հրավերը սիրով ընդունեցի, բայց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Շատերի նման իմ ցանկությունն էլ կիսատ մնաց, մեկնեցի ռազմաճակատ: Սկզբում սակրավոր էի, հետո դարձա Հյուսիսային Կովկասի բանակի անսամբլի մեներգիչ: Եղել եմ տարբեր զորամասերում, մասնակցել Սեւաստոպոլի եւ Կերչի ազատագրմանը, պարգեւատրվել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով…»:
Վաստակաշատ երգչի գրառումներից ուշագրավ եւս մեկ նմուշ. հայոց սոխակի՝ Գոհար Գասպարյանի մեծարման երեկոն է: Գնահատանքի ու մեծարման խոսք է ասում նաեւ ինքը. «Տխուր է հիշել, բայց թատրոնի համար եղան դժվարին տարիներ, երբ ներկայացումները գնում էին դատարկ դահլիճներում, եւ սկսվել էր ֆինանսական ճգնաժամ: Բավական էր Գոհարի մեկ կամ երկու ելույթը, որպեսզի վճարվեր թատրոնի ողջ անձնակազմի ամիսների աշխատավարձը: Երջանիկ եմ, որ արվեստի հաճելի եւ պարտավորեցնող այս տաճարում ես էլ պատիվ ունեցա ներկա գտնվելու Գոհար Գասպարյանի մեծարման երեկոյին եւ ցանկանում եմ իմ Շուշանին, իմ Օլիմպիային, Ռոզինային, Ջուլիետային, Վիոլետային, Մարգարիտային եւ, վերջապես, իմ Նորմային բեմական երկարակեցություն: Գոհար ջան, բախտավոր եմ եւ հպարտ մեր բարեկամությամբ…»:
Բեմական երկարատեւ ու բեղմնավոր գործունեություն: Իսկ ո՞ւմ էր պարտական արտիստը երգարվեստը նախընտրելու ճանապարհին. «Հայրս շատ լավ երգում էր՝ փափուկ բարիտոն, հիմնականում հայկական ժողովրդական երգեր: Նա լսել էր իտալական հայտնի երգիչների, որոնք Թբիլիսի էին գալիս հյուրախաղերի: Նա ուրախանում էր, որ ես երգում էի: Հայրս է եղել իմ առաջին խորհրդատուն եւ ոգեւորողը…»: Հայրը, որ երազում էր ունենալ երկու արու զավակ, որպեսզի նրանց կնքեր մանուկ հասակում հիվանդությունից իրեն փրկած նարդոս ծաղկի անունով՝ Նար եւ Դոս: Բայց ունեցավ մեկը՝ Նարին, ով իր ծնողի հանգույն՝ փառք ու պատիվ էր բերելու Հովհաննիսյանների օրհնյալ գերդաստանին…