Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հովհաննես Թումանյանի սիրտը

Երկօրյա միջոցառումներ Թբիլիսիում

Մարտի 31, 2023
Մշակույթ
Հովհաննես Թումանյանի սիրտը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
808
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեկ դար առաջ՝ 1923 թ․ մարտի 23-ին, երեկոյան ժամը 9-ին Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցում վախճանվեց Ամենայն հայոց բանաստեղծը՝ 54-ամյա Հովհաննես Թումանյանը՝ մեծ վիշտ պատճառելով հարազատներին, մեր ժողովրդին։ Երբ հիվանդանոցում բացել են Թումանյանի մարմինը, նրա որդի Արեգը թաքուն վերցրել է հոր սիրտն ու տարել հայրենի գյուղ։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է այսպես․ «Չցանկացա մեր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն։ Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, եւ հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։

Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում՝ հատուկ տուփի մեջ։ Մի անգամ էլ Ավետիք Իսահակյանն այցելել է բարեկամներին ու համոզել՝ սիրտը տեղափոխել Երեւանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան, որտեղ այն պահվել է մինչեւ Թումանյանի 125-ամյակը։ 1994 թ. սիրտը կառավարական հանձնաժողովի որոշմամբ տեղափոխվել է Դսեղ եւ ամփոփվել տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցված մատուռում։ Սիրտը մատուռի մեջ դրվել է Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից։ Այժմ մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։ Բոլոր ժամանակների մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործիչ Թումանյանին հուղարկավորել են Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում։

Մարտի 23-24-ին Թբիլիսիում անցկացվեցին հիշատակի ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 1-դարյա տարելիցին: Այս առթիվ «ՀՀ»-ն հարցազրույց ունեցավ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ, ով նույնպես մասնակցել է թբիլիսյան միջոցառումներին։

-Ո՞վ էր նախաձեռնել, եւ ինչո՞ւ Թբիլիսիում իրականացվեցին Թումանյանի հիշատակի արարողությունները։

-Նախաձեռնությունը Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանինն էր, իսկ Թբիլիսիում անցկացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այնտեղ՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում է հուղարկավորված Թումանյանը։

-Իսկ ո՞ւմ կողմից կազմակերպվեց այցը Թիբիլիսի եւ իրականացվեցին արարողությունները։

-Արարաողությունն իրականություն դարձավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Թումանյանի հիշատակի ոգեկոչման հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը կրում էր «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը:  Երկօրյա ծրագիրն իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության, վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի, Թբիլիսիի «Հայարտուն»  մշակութային կենտրոնի, Գ. Լիոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի եւ Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ օրհնությամբ եւ աջակցությամբ վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։

-Ովքե՞ր էին մասնակցում թբիլիսյան այցին հայկական կողմից։

-Մեր պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ներկայացուցիչներ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ դասախոս, գրականագետ Սամվել Մուրադյանը, թումանյանագետներ եւ արվեստագետներ:

-Ի՞նչ օրակարգով անցավ երկօրյա միջոցառումը։

-Մարտի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների, հայ գրողների, հասարակական գործիչների, դպրոցականների, ուսանողների մասնակցությամբ Խոջիվանքի պանթեոնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Նույն օրը Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանում տեղի ունեցավ «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ ես: Հիշատակի միջոցառումները մարտի  24-ին շարունակվեցին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում։ Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպանը եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։ Այնուհետեւ  կայացավ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգային ծրագիրը՝ Հովհաննես Թումանյանի պոեզիայի հիման վրա ստեղծված երգերի ու ռոմանսների, ինչպես նաեւ Կոմիտասի խմբերգերի կատարմամբ:

-Ի՞նչ է ներկայացվել ցուցադրությանը, եւ քանի՞ օր է այն տեւելու։

-Առանցքային 26 ցուցանմուշները տեղափոխվել են Թումանյանի երեւանյան թանգարանից՝ Թումանյանի ձեռագրեր, լուսանկարներ, անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, ընծայագրված վրաց բանաստեղծների կողմից Հովհ. Թումանյանին։ Պետք է նշել, որ մեծ է եղել ժամանակին վրաց մտավորականների սերն ու հարգանքը Թումանյանի հանդեպ։ Ցուցադրված են նաեւ Թումանյանի՝ Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի թարգմանությունները։ Թումանյանը ցանկանում էր թարգմանել այդ պոեմը, սակայն մնաց անավարտ։ Կարեւոր ցուցանմուշ էր Թումանյանի սրտի խորհրդավոր տուփը, որում նրա մահից հետո՝ մինչեւ 1940-ական թթ., պահվում էր նրա սիրտը։ Հետաքրքիր ցուցադրություն է նաեւ Թումանյանի արած առաջին լուսանկարների շարքը՝ Թբիլիսիի տեսարաններ, բնություն, մարդիկ։ Կարեւոր էին նաեւ Թբիլիսիում նրա ապրած 10 բնակարանների՝ անցյալ ու ներկա համեմատական լուսանկարները։ Վերջին բնակարանը, որտեղ 1909-ից մինչ կյանքի վերջն ապրել է Թումանյանը, այժմ վիրահայոց թեմի հովանու տակ է։ «Թումանյանը եւ Թիֆլիսը» ցուցահանդեսը Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության  թանգարանում գործելու է մինչեւ ապրիլի 13-ը։

-Իսկ այդ 10 շենք-բնակարաններին կա՞ն հուշացուցանակներ։

-Ոչ, ցավոք սրտի, դրանցից մեկը նույնիսկ չի պահպանվել։

-Իսկ ի՞նչ վիճակում են Խոջիվանքն ու Թումանյանի թբիլիսյան վերջին տունը։

-Խոջիվանքի գերեզմանոցը խնամված ու բարվոք վիճակում է, իսկ տունը, ինչպես նշեցի, վիրահայոց թեմի հոգածության ներքո է։

-Թումանյանի տանը պահպանվե՞լ են իրեր, այլ պարագաներ, որոնք պատկանել են նրան։

-Առարկաներից այնտեղ պահպանվում է մի կոմոդ, որն օգտագործվել է Թումանյանի օրոք, մնացած իրերը հիմնականում տեղափոխվել են Երեւան։ Բայց այդ բնակարանը, գնվելուց եւ վիրահայոց թեմին հանձնվելուց հետո, կահավորվել է ժամանակին համահունչ կահույքով, իրերով։

-Իսկ ովքե՞ր էին մասնակցում միջոցառումներին վրացական կողմից։

-Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին,  խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,  հասարակական-մշակութային գործիչներ,  այլ հյուրեր։ Ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին եւ Վրաստանի մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլիին փոխանցեցի «Հովհ. Թումանյան-150» եւ «Շոթա Ռուսթավելի» հուշամեդալներ, իսկ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի տնօրինությանը՝ «Հովհաննես Թումանյան» կենսագրական երկլեզու պատկերագիրքը եւ «Շոթա Ռուսթավելի» հուշամեդալի խորհրդանշական կրկնօրինակը:

-Ի՞նչպես եզրափակվեց երկօրյա մշակութային առաքելությունը։

-Մարտի 24-ի երեկոյան վիրահայոց թեմի «Հովհ․ Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ թբիլիսյան օրերի ամփոփիչ հանդիպում, որտեղ «Թումանյանի կյանքի վերջին օրերը» բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը: Ներկա էին  ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Վրաստանում ՀՀ դեսպանը, հոգեւոր դասի եւ թումանյանասեր հասարակության ներկայացուցիչներ: Երեկոյին հնչեցին թումանյանական խոսքերով երաժշտական կատարումներ՝ «Հայարտուն» կենտրոնի երիտասարդ սաների կատարմամբ։ Հայ եւ վրացի մտավորականների մտերմիկ զրույցում Թումանյանի մասին խոսեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը։ Նա պետք է ելույթ ունենար Խոջիվանքում, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով իր խոսքը ներկայացրեց մտերմիկ միջավայրում՝ Թումանյանի տանը։

-Ի՞նչ տվեց այս այցելությունը հայ-վրացական մշակութային համագործակցության զարգացման առումով։

-Այս այցելությունը Թբիլիսի վերջին տարիների ամենամեծ ծրագրերից մեկն էր։ Իսկ Թումանյանը բացառիկ ընկալում ու հարգանք ունի վրաց ժողովրդի, մտավորականների շրջանում։ Դա մենք զգացինք նաեւ միջոցառումների օրերին։ Վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն, ով մասնագիտությամբ պատմաբան է, իր խոսքում ասաց, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է հայ-վրացական դարավոր բարեկամական կապերի թարմացման համար, որ մենք միմյանց կրկին ճանաչելու հնարավորություն ունեցանք։ Նշեց նաեւ՝ այժմ մեր 2 ժողովուրդների մտավորականները քիչ են շփվում միմյանց հետ, ինչ-որ դադար է եղել, սակայն նման միջոցառումները դրանք վերականգնելու միտում ունեն։

-Իսկ նոր ծրագրեր, նախաձեռնություններ լինելո՞ւ են հետագայում։

-Բանավոր պայմանավորվածություն եղավ՝ առաջարկ Բաքրաձեի կողմից, որ Երեւանում կազմակերպվի ցուցահանդես՝ նվիրված Ակակի Ծերեթելիին։ Մեր այցը մեծ կարեւորություն ստացավ նաեւ այն առումով, որ վրացական արխիվներից Թումանյանին վերաբերող նոր ձեռագրեր, այլ փաստաթղթեր էլ ցուցադրվեցին, որոնք ուսումնասիրելու հնարավորություն ունենք։ Դրանց մեջ կան նաեւ ձեռագրեր, որոնք վերաբերում են ընդհանրապես Վրաստանում ապրած հայ այլ մտավորականների։

Թեգեր: ԿԳՄՍ նախարարությունՀՀ ԿԳՄՍՀովհաննես Թումանյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Երեւանի ՋԷԿ»-60

«Երեւանի ՋԷԿ»-60

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist