Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Մարտի 31, 2023
Մշակույթ
Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Զարմանալի բան է հայրենիքի կանչը: Այն ապրում է քո ներսում անլռելի, կենդանի արարածի նման, նրան ոչնչով խլացնել հնարավոր չէ, ու երբեմն անհնարին ուղիներով գնում ես այդ ձայնի ուղղությամբ…

Դժվար է ապրել արվեստագետի ուժերը մասնատող երկակի կյանքով՝ տարուբերվելով երկու միմյանց բացասող աշխարհների միջեւ: Մինչդեռ արվեստը հպարտ է, չի կարող ապրել կենվորի իրավունքով, այն պետք է ապրի տանտիրոջ իրավունքով, լինի իր օջախի ծխի տերը, արմատներով իջնի հողի մեջ, սաղարթներով ապրի իր երկնքում…»:

Երաժշտական աշխարհի գագաթներից մեկի՝ խմբերգային արվեստի Պագանինիի՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի մտորումներն են առ հայրենիք: Նրա, ում, ճակատագրի բերումով վիճակված էր լույս աշխարհ գալ օտար հողում, օտար երկնի ներքո՝ Պոլսի Շիշլի թաղամասում գտնվող Չեքիջյանների տանը, որի պատին փակցված էր Կոմիտասի «Գուսան» երգչախմբի նկարը, եւ որտեղ թագավորում էր երաժշտությունը: Հա՛յ երաժշտությունը. հայրը երգել էր հայոց երգի Վեհափառի երգչախմբում՝ լինելով խմբի կրտսեր անդամներից: Հնչել է հատկապես քառաձայն երգեցողությունը, երբ նրանց հարկի տակ էին հավաքվում Կոմիտասի երգչախմբի մյուս անդամները եւս: Նրանց խոսակցության նյութն իրենց տանը 15 օրով հյուընկալված Կոմիտաս վարդապետն էր: Իսկ եթե ասվածին հավելենք այն, որ Հովհաննեսի ծնողները, նաեւ պապը «շնչել» են երաժշտությամբ, ավելին կասի, թե ինչ մթնոլորտում է հասակ առել ապագա հանճարեղ խմբավարը. հայրը հիանալի ջութակ է նվագել, մայրը՝ դաշնամուր, Ղազարոս պապը՝ կլառնետ: Ասել է թե՝ Չեքիջյանների օջախում ապրել է հայկական երգը՝ Կոմիտասը՝ փոքրիկ Հովհաննեսի մանկության օրերը թաթախելով իր հոգու լույսերի մեջ: Երգել է նաեւ ինքը. «Մանկական ամենավաղ հիշողություններս ինձ տանում են Ստամբուլի մեր հայկական տուն, ուր տեսնում եմ ինձ ուսերիս հասնող մազերով: Ամենախոր մանկությունից ականջիս է հասնում իմ երգաձայնը: Հիմա հիշում եմ՝ ինչպես էր հնչում այդ երգաձայնը, երբ ինձ առնում-դնում էին աթոռակին եւ հորդորում երգել: Հիշում եմ բաց լուսամուտի առաջ հավաքվող բազմությունը եւ Պերճուհի մորս ու Հարություն հորս արցունքոտ հրճվանքը. մինչ հինգ տարեկան ես չեմ խոսել, եւ նրանք իմ ձայնը լսում էին միայն երգով…»:

«Ո՞վ կմտածեր, որ մանչուկը, ով մինչեւ հինգ տարեկան հասակում չէր խոսում,- գրել է ռեժիսոր, մշակութաբան Լաերտ Մովսիսյանը,- հետո կխոսեցնի աշխարհը, հետո կերգի աշխարհի համար, աշխարհի հետ: Ո՞վ կմտածեր, որ Ստամբուլում աշխարհ եկած մանչուկն իր մեջ կհավաքի հայ երգի կարոտը եւ, որպես բարի սերմնացան, լիաբուռ կնվիրի աշխարհին…»:

Մեծահամբավ մաեստրոն նախնական կրթությունն ստացել է Մխիթարյան վարժարանում, այնուհետ հաճախել Սեն-Միշել վարժարան: 1944-ին Ստամբուլի կոնսերվատորիայի ուսանող էր: Դեռ 14 տարեկանից սկսել է վարել հայկական եկեղեցիներին, բարեգործական հաստատություններին կից երգչախմբերը՝ համերգների հասույթները հատկացնելով հայկական դպրոցներին եւ հիվանդանոցներին: Մինչդեռ այդպես երկար չէր շարունակվելու. հոր պահանջով Փարիզում քիմիայի գծով պետք է ավարտեր բարձրագույն ուսումնական հաստատություն եւ դառնար նրա գործակիցը կաշեգործության եւ կաշվի առեւտրի բնագավառում: Հենց այդ նպատակով էլ Հովհաննեսն ուղարկվում է Փարիզ եւ ընդունվում կաշեգործության գիտահետազոտական ինստիտուտ: Հայրն առաքում է որդու ամսական ծախսերը, իսկ նա այդ գումարներով վճարում էր Էկոլ Նորմալ դը Մյուզիք կոնսերվատորիայում ուսանելու վարձը եւ սնվում աղքատ ուսանողների համար սահմաված հատուկ կտրոններով:

1954-ին ստանալով քիմիկոս-ինժեների դիպլոմ՝ միաժամանակ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժան Ֆուրնեի դասարանում ուսանում է սիմֆոնիկ դիրիժորի արվեստը: Վերադառնալով Ստամբուլ՝ երկու տարի սովորում է տեղի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, իսկ 1958-ից սկսում է պրոֆեսիոնալ երաժշտի իր գործունեությունը: Նույն տարում Ստամբուլում հիմնադրվում է պետական օպերային թատրոն, որի երաժշտական մասի ղեկավարումը վստահվում է երիտասարդ Հովհաննես Չեքիջյանին: Այդ շրջանում նա միաժամանակ Ստամբուլի երգչախմբի դիրիժորի օգնականն էր, իսկ 1960-ից ստանձնում է խմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունը: Անշուշտ, մանավանդ երիտասարդ երաժշտի համար վատ սկիզբ չէր, սակայն սփյուռքահայի, հատկապես Թուրքիայի հայի համար, կենսական անհրաժեշտություն էր ունենալ իր հոգեւոր հայրենիքը, որովհետեւ թռչող արարածին որքան որ պետք է երկինքը, նույնքան անհրաժեշտ է եւ պատվանդան, որտեղից սկսվում է թռիչքը: «Արվեստագետը պիտի ստեղծագործի իր հայրենիքում: Ահա ինչու, երբ ինձ հնարավորություն ընձեռվեց մեկնել Խորհրդային Հայաստան, այնպես հեշտությամբ եւ առանց ափսոսանքի բաժանվեցի երաժշտական բարձր պատվանդաններից…»,- գրել է մաեստրոն:

Իսկ հայրենիքում հանգրվանելուց հետո 1961-ի նոյեմբերի 27-ը դառնալու էր նրա կյանքի օրերի օրը՝ առաջին համերգը հայրենիքի սրտում. «Միակն ու եզակին, ինչպես միակն է մարդուս ծննդյան օրը, երբ մայրդ քեզ պարգեւում է կյանքը՝ իր առաջին առավոտով, ամբողջ լույսով ու խավարով, մարդկային խոր ցավերով, կարոտներով, այն ամենով, ինչը դառնում է հետո ճակատագիր, դառնում քո ապրած օրերի արժեքը…»:

Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական երիտասարդ ղեկավարի առաջին համերգն անցնում է «վիթխարի հաջողությամբ»: Չեքիջյանի երեւանյան հաղթական համերգից հետո դիրիժորի ընտանիքին առաջինն այցելում է Պարույր Սեւակը, տաք հրճվանքով ողջունում նրանց տունդարձն ու նվիրումը ազգային մշակույթին:

…Սունդուկյանի անվան թատրոնում կայանալիք հանդիսավոր համերգին Չեքիջյանը պատրաստվում էր ելույթի, երբ թեւերը պարզած՝ Մաեստրոյին ընդառաջ է շտապում վեհատեսիլ մի մարդ, եւ Չեքիջյանը հայտնվում է նրա գրկում. «Օ՜, եկար, չէիր կարող չգալ: Գիտեի, որ կգաս, հայրենիքն է այն պատվանդանը, ուր կարող ես ճախրել: Աղեկ ըրիր, եկար, մանչս…»: Վեհատեսիլ մարդը բեմերի տիրակալն էր՝ Վահրամ Փափազյանը, որի ասած խոսքը Մաեստրոն տանելու էր օրերի ու տարիների միջով՝ որպես տունդարձի օրհնություն, ժողովրդին ծառայելու հորդոր… 

Ժամանակի հետ երաժշտական աշխարհը փոթորկած Հովհաննես Չեքիջյանի փառքն ու համբավը տարածվելու էին մոլորակով մեկ: Եվ այդ աշխարհի երեւելիները չէին թաքցնելու իրենց ուրախությունն ու սքանչացումը նրա արվեստով: Սքանչանալու էին հայ եւ օտարազգի մեծերը՝ Արամ Խաչատրյանն ու Գոհար Գասպարյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Հովհաննես Բաղրամյանը, Օհան Դուրյանն ու Երվանդ Քոչարը, Սոս Սարգսյանն ու Պարիս Հերունին… Նաեւ օտարները՝ Դմիտրի Շոստակովիչն ու Եվգենի Մռավինսկին, Գենադի Ռոժդեստվենսկին, Բորիս Պիոտրովսկին  ու Դմիտրի Կաբալեւսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին ու Գուստավ Էռնեսաքսը: Նրանցից մեկի՝ մեզ հրեղեն «Սասունցի Դավթի» հավերժախոս փառահեղ ձիարձանը պարգեւած մեծն Երվանդ Քոչարի խոսքով ամփոփենք անամփոփելի հայի՝ Հովհաննես Չեքիջյանի մասին ասված համեստ մեր խոսքը. «Անասելի եւ ցնցող երգահանդես էր… Չեքիջյանը պարզապես Աստո պարգեւն է, եւ միայն նրա հայրենակիցը լինելու համար արժե հայ ծնվել: Ինձ համար նույնացան Դավթի Թուր Կեծակին  ու Չեքիջյանի մոգական փայտիկը: Օրհնյալ է այն պահը, երբ հրաշագեղ Գոհար Գասպարյանից բացի, Բարձրյալը մեզ նաեւ հզոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ պարգեւեց: Ես շատ սիրեցի Հովհաննեսին, եւ եթե նա թույլ տա, ես ինձ նրա բարեկամն ու ընկերը կհամարեմ…»:

Թեգեր: երաժշտությունՀովհաննես Չեքիջյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Թաթոյանների ջրաղացում

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist