Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Պատմաբան-արեւելագետը՝ Ախալցխայից

Եղեռնի հուշահամալիրի ստեղծման ակունքներում

Ապրիլի 5, 2023
Մշակույթ
Պատմաբան-արեւելագետը՝ Ախալցխայից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծանուն իր զավակներով հպարտանալու իրավունք վաստակած երբեմնի հայահոծ Ախալցխա քաղաքը, որը վերաշնչավորվել էր 1830-ականներին էրզրումահայության մեծ ներգաղթով՝ իր երեւելիների անվանացանկը կազմելիս, գորովալից վերաբերմունքով պիտի արձանագրի նաեւ վաստակաշատ պատմաբան, հայտնի արեւելագետ Հովհաննես Ինճիկյանի անունը: Մտավորական, ով խորհրդային բանադրանքի ժամանակներում չէր երկնչում բարձրաձայնել Հայոց մեծ եղեռնի սոսկումների, թուրք ոճրագործ կառավարության հայաջինջ քաղաքականության ու դրա հետեւանքների մասին: Ավելին՝ ջանք չէր խնայում հայության արդարացի պահանջն ու բողոքի ձայնը հասցնելու թուրքասեր կարմիր կենտրոններին, կրեմլյան անգլուխ ու ծախված պարագլուխներին…

Տոհմիկ էրզրումցիների ընտանիքում ծնված պատմաբանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, ապա ուսանել Թիֆլիսի մանկավարժական տեխնիկումում, այն ավարտելուց հետո վերադարձել հարազատ ոստան եւ որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի հայկական գյուղերում: Ստալինյան բռնությունների փոթորկուն շրջանում երիտասարդ ուսուցիչը մեկնում է Մոսկվա, բուհական լիարժեք կրթություն ստանում մայրաքաղաքի պատմության, փիլիսոփայության եւ գրականության ինստիտուտում եւ այն ավարտելով՝ աշխատանքի անցնում Մոսկվայի կարմիր առաջնորդի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս: 1941-ին զինվորագրվում է եւ մասնակցում Մոսկվայի պաշտպանությանը: 1942-ին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարությունը նրան նշանակում է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար:

Երկրորդ աշխարհամարտից հետո Հովհաննես Ինճիկյանը հաստատվում է մայր հայրենիքում, զբաղեցնում ամենատարբեր պատասխանատու պաշտոններ՝ ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ արեւելագիտության բաժանմունքի ղեկավար, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն: Սակայն այդ բոլոր տարիներին նրա տարերքը գիտությունն էր լինելու: Լինելով ստեղծագործական խառնվածքի տեր մարդ՝ սկսում է կուսակցական-վարչական աշխատանքը զուգորդել գիտահետազոտական պրպտումների հետ՝ հանրապետական եւ միութենական գիտական հանդեսներում տպագրելով մի շարք ուշագրով հոդվածներ: 1954-ին պաշտպանում է ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:

Հայրենիքում Հովհաննես Ինճիկյանը հայտնի էր դեռ շատ ավելի վաղ՝ որպես մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպան: Երբ քառասուն տարեկան էր, լինելով Հայաստանի քաղաքական էլիտայի մաս՝ նա համարձակություն է ցուցաբերել պաշտպանելու Խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգորի Հարությունովին, ում ստալինյան բռնությունների տարիներին որոշել էին հեռացնել աշխատանքից եւ պատժել: Երբ հատուկ հրավիրված նիստի մասնակիցների մոսկվահպատակ մեծամասնությունը մեղադրում էր հանրապետության առաջին դեմքին, Ինճիկյանը քաջություն է ունենում առաջարկելու գնահատել նրա նվաճումները եւ նոր աշխատանքի նշանակել: Արդյունքում՝ այն ժամանակների համար նախադեպը չունեցող ընթացք՝ Հարությունովին անգամ չեն բանտարկում…

Խորագետ պատմաբանի ուսումնասիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրներին, կապիտալիզմի զարգացման առանձնահատկություններին: «Օսմանյան կայսրության բուրժուազիան» մենագրության մեջ ընդգծել է այն իրողությունը, թե ինչպես է նոր ձեւավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ մտել այլազգի բուրժուական խմբերի՝ հատկապես հայերի հետ եւ, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի հարստությունը, արգելել եւ խոչընդոտել նրանց գործունեությանը՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացում: «Օսմանյան կայսրության անկումը» աշխատության մեջ արծարծել է 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության քայքայման եւ անկման պատճառները, ցույց տվել, որ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը եւ կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ: Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչեւ քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի զանգվածային ոչնչացման: Անդրադառնալով «Սոցիալական հոգեբանությունը եւ ցեղասպանությունը» աշխատությանը՝ ճանաչված բանասեր, պրոֆեսոր Պիոն Հակոբյանը գրում է. «Մոլագար ամբոխը սովորաբար արյուն թափելուց հետո պահ մի զգաստանում է, փորձում զղջման ինչ-որ փորձեր անել, բայց թուրք պետական գործիչներն ու մտավորականները, թուրք ժողովուրդը, կոտորելով պատմական Հայաստանի տարածքում, իրենց հայրենիքում ապրող շուրջ երկու մլն հայ երեխաների, ծերերի եւ կանանց, նենգորեն զինաթափած տղամարդկանց, որոնք դեռ երեկ մարտնչում էին նույն Թուրքիայի համար, գազանաբար հոշոտելով հայ մտավորականությանը՝ առ այսօր ոչ միայն զղջման փորձ չեն արել, այլեւ նույնը կրկնեցին վերջին տարիներին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Ղարաբաղում… Հեղինակն այս ամենը դիտում է միասնական հենքի մեջ եւ ցույց տալիս, որ հին ու նոր օսմաններից մինչեւ երիտթուրքեր ու նրանցից մինչեւ ազերի կոմունիստ ղեկավարներ, նույն թուրքերն են, նույն դահիճները…»: Ինչպես ընդգծում է պրոֆեսորը, սույն աշխատության մեծ մասը, ըստ էության, Հայոց ցեղասպանության հարցերին է նվիրված:

Ժամանակին մեծ հնչեղություն ու արձագանք ունեցած կարեւոր մի իրողության մասին եւս. 1964 թ. Հովհաննես Ինճիկյանը նամակ է ուղղել Խորհրդային Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանին: Արեւելագետ գիտնականն այն գրել էր պատմաբաններ Ծատուր Աղայանի եւ Ջոն Կիրակոսյանի հետ միասին: Նրանք առաջարկում էին կառուցել հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի եւ դարձնել այն հիշատակի վայր ապրող ու գալիք սերունդների համար: 1965 թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած բողոքի հուժկու ցույցերից հետո Մոսկվան խոհեմություն ունեցավ եւ ընդունեց Զարոբյանի կողմից հավանության արժանացած հայ հայտնի պատմաբանների առաջարկությունը: Այդպիսով՝ Հովհաննես Ինճիկյանը դառնալու էր Մեծ եղեռնին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախաձեռնողներից մեկը: Ուխտատեղի, որ մշտարթուն է պահում հայոց խլված երկրի անամոք կարոտը, անժամանցելի մեր ցավն ու վերադարձի վիրավոր հույսը: Այդ կարոտն անթեղողներից մեկն է պապենական արմատները հայրենի Կարինում թողած պատմաբան-արեւելագետ, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանը:

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist