Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ Վանաձորի կենտրոնական գրադարանում կազմակերպվեց մանկավարժ, երգահան Էմմա Անտոնյանի հեղինակած «Վիրավոր նռնենի» վավերապատում գրքի շնորհանդեսը:
Միջոցառման մասնակիցները հավաքվել էին նաեւ ոգեկոչման խոսք ասելու վանաձորցի ծանրամարտիկ, ՀՀ ծանրամարտի պատանեկան առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած մարտիկների՝ Մհեր Մարտինի Քոչինյանի եւ նրա զինակից ընկերների հիշատակին, որոնց գործած սխրանքների մասին էլ պատմում է «Վիրավոր նռնենին»: Գրքի խմբագիրներն են Գագիկ Անտոնյանը եւ Հովհաննես Կարապետյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Նա անդրադարձավ «գեղարվեստական ուրույն լուծումներով հարուստ, պատերազմի ողջ դաժանությունները վեր հանող եւ լավատեսական շնչով ավարտվող» գրքի կարեւորությանն ու արժանիքներին՝ այն համարելով յուրովի հուշարձան՝ նվիրված թե Մհերի, թե պատերազմում զոհված մյուս հայորդիների հիշատակին:
Օրհնության եւ արժեւորման խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ հատուկ շեշտելով, որ թեեւ գրքի գլխավոր հերոսի կյանքը ողբերգական ավարտ է ունեցել, արծարծած թեման էլ մեզ պարտադրված դաժան պատերազմի մասին տխուր պատմություն է, բայց վավերապատումն ընթերցողին հուսալքության ու վատատեսության չի տրամադրում, հպարտության ու վեհանձնության է մղում: Այն «բոլորիս սրտից բխող մի վկայություն է»:
Մհեր Քոչինյանն այս օրերին կդառնար 22 տարեկան, բայց, ավաղ, իր ծառայակից ընկերների՝ Մոնթե Մեսրոպյանի, Կարեն Շահինյանի, Ժորա Մարտիրոսյանի եւ այլ հերոսորդիների հետ հայրենիքին պատուհասած ամենակուլ վտանգի դեմ ահեղ ժայռացավ եւ իր կյանք-սխրանքով կերտեց մի նոր պատմություն, որն ստիպում է մեզ՝ ապրողներիս վերարժեւորել մեր աշխարհընկալման ողջ հայեցակարգը:
Հենց այդ անմեղ զոհերի «անունից» խոսեց Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական, պատմաբան Արման Բերնեցյանը՝ նշելով, որ գրքում հանգամանորեն եւ համոզիչ փաստերով ու դրվագներով վեր են հանված պատերազմի թե դաժանությունները, թե հերոսական էջերը, ապա ներկաներին զգաստացնող հարց ուղղեց. «Եվ նրանք աչքերը վերից հառած մեզ են նայում՝ արդյոք պահում-պաշտպանո՞ւմ ենք այն, ինչի համար իրենք ընկան»:
Մհեր Քոչինյան հայրենապաշտ զավակի հոգեկերտվածքի դարբնոցը Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցն է, որտեղ հիմա հերոսն է իր անվամբ ու փառքով հայրենասիրության դասեր տալիս եկող սերունդներին: Սիրելի սանի հիշատակին եւ հեղինակի՝ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի, Մհերի դասղեկ Էմմա Անտոնյանի տքնաջան աշխատանքին նվիրված հուզիչ խոսք ասաց Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը:
Երբ որոտում են զենքերը, ռազմադաշտն է թելադրում իր գրված ու չգրված օրենքները, եւ հենց այնտեղ է երեւակվում մեր դավանած արժեքների գինը, ինչը հավասարազոր է դառնում մարդկային անթիվ կյանքերին եւ ճակատագրերին… Դահլիճում էին Մհեր Քոչինյանի մարտական ընկերները, ովքեր մինչեւ վերջ իրենց ուսերին տարան պատերազմի ծանրածանր բեռը: Հաղորդավարները՝ Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար, ասմունքող Ջիվան Սարգսյանը, Մերի Մանուկյանը ներկայացրեցին ներկա հերոսներին՝ Վահե Թադեւոսյանին, Քաջիկ Արշակյանին, Սարգիս Պապիկյանին, Զորիկ Զիրոյանին: Բոլորի անունից հեղինակին շնորհակալական խոսք ասաց տանկի հրամանատար Սարգիս Պապիկյանը, հերոսներին նվիրված գիրքը համարեց «հայրենասիրության պատմություն»: Նա պատմեց, որ հրամանատարական կազմի ոչնչացումից հետո պաշտպանական մարտերը խիզախորեն համակարգում էր տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Անդրանիկի Զիրոյանը: Երիտասարդ հրամանատարը «Մեր տղերքի թափած արյունը չի կորչելու» խոսքերով ուժ է տվել բոլորին, որոնցից ամեն մեկն ասես ռազմի դից դարձած անհնարինն էր անում, միայն թե ոչ մի քայլ այլեւս չնահանջեին:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը հավուր պատշաճի անդրադառնալով գրքի արժանիքներին` վստահություն հայտնեց, որ այն «գիտական մակարդակով ներկայացնում է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը, պատերազմի պատճառները, ավարտը, հերոսական անմոռանալի դրվագները»: Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը վավերագիրքը համարեց «բարձր մղումով երկնած մի աշխատություն», պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը՝ «այնպիսի հերոսապատում, որ հաջողված բաց դաս կարող է ծառայել հանրակրթական դպրոցներում»: Մհեր Քոչինյանի մարզչի՝ աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, եռամարտից համաշխարհային վեցակի եւ Գինեսի գրքի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանի կարծիքով` «Վիրավոր նռնենին» սուրբ գիրք է, ինչպես որ սուրբ է հայրենյաց համար նահատակված քաջորդիներին նվիրված մեկ այլ գիրք:
Իրենց սրտի ջերմագին խոսքն ասացին նաեւ«Լոռվա արվեստագետներ» ֆիլմաշարի հեղինակ, «Արվեստագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը՝ ներկաներին հրամցնելով նաեւ Եսենինի «Մայրը» բանաստեղծությունը եւ սեփական ստեղծագործություններից: Սիրով, խոնարհումով խոսափողը տրամադրվեց անմահ հերոս Մհեր Քոչինյանի մայրիկին՝ տիկին Ռոզային, վերջում՝ գրքի հեղինակին: Ցերեկույթի ընթացքում փոխնիփոխ հնչեց 4 երգ, որոնցից երեքի խոսքերի հեղինակը Էմմա Անտոնյանն է, մեկինը՝ Մհերի մարտընկեր Սարգիս Պապիկյանը, բոլորի երաժշտության հեղինակը դարձյալ Է. Անտոնյանն է, գործիքավորողը՝ Արեն Իսրայելյանը: Երգերը կատարեցին Վանաձորի արվեստի քոլեջի ուսանողներ Հայկ Հարությունյանը, Նորայր Սարդարյանը եւ Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը՝ պրոֆեսոր Սերգեյ Հարությունյանի խմբավարությամբ: Մեջընդմեջ ներկայացվեցին գրքից քաղված թատերական մանրապատումներ, Ջիվան Սարգսյանն ունկնդիրներին հրամցրեց Պարույր Սեւակի սքանչելի բանաստեղծություններից մեկը, եւ, նման միջոցառումների համար հատուկ ավանդույթով, Լոռվա սոխակ, «Հորովել» երգի, պարի համույթի մենակատար Ստեփան Դալլաքյանը վերջում կատարեց լոռեցի գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգը: Ցերեկույթին հաջորդող օրը, որ Մհեր Քոչինյանի ծննդյան օրն էր, այցելություն կազմակերպվեց զոհերի հիշատակին հառնած պանթեոնում հերոսի գերեզմանին: Հոգեհանգստյան կարգ կատարեց Վանաձորի Մայր Աստվածածին եկեղեցու ավագ քահանա տեր Օհան Լուսարարյանը: Նա էլ սրբօծեց Տարոն թաղամասի Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված նորաստեղծ պուրակում Մհեր Քոչինյանի հիշատակը հավերժացնող խաչքար-կոթողը: Այն նրա հարազատի՝ Ռոման Զավարյանի, անձնական նախաձեռնությունն է ու բոլորիս երախտիքի տուրքը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի