1982-ից Պարի միջազգային խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը՝ նվիրված բոլոր ոճերի պարերին։ Այս օրվան նվիրված՝ Երեւանի Կինոյի տանը տեղի ունեցավ տոնական ցերեկույթ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Տաթեւ» հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ։
Օֆելյա Պետրոսյանի տնօրինությամբ գործող մասնավոր այս դպրոցը հիմնադրվել է 2006 թ. Աշոտ Ասլիբեկյանի կողմից։ Համերգ-ցերեկույթին ներկա էին ծնողներ, դպրոցի ուսուցիչներ, ինչպես նաեւ՝ հյուրեր, որոնց թվում էին երգիչ Արսեն Համբարյանը, գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը, պատմաբան, բանասեր, թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմաներենի մասնագետ Աշոտ Հայրունին, այլ մտավորականներ։ Համերգն սկսվեց կրթօջախի օրհներգով, որը կատարեցին դպրոցականները.
Մի անկյուն գեղեցիկ,
Նա կանչում է բոլորիս,
Որ լավ սովորենք ու կիրթ լինենք,
Իմաստություն ձեռք բերենք…
«Տաթեւ» կրթօջախում, 1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրից բացի, պարուսույցների կողմից աշակերտներին ուսուցանվում են նաեւ ազգային պարեր։ Համերգին մասնակցեցին դպրոցի տարրական դասարանների աշակերտները։ Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ հայ-ազգագրական, ժողովրդական, ռազմահայրենասիրական երգերի հնչյունների ներքո։ Դասարաններն ունեն նաեւ իրենց անունները։ Առաջին դասարանցիները կրում են Հայաստանի պատմական անունները՝ «Հայասա», «Նաիրի», «Արատտա», «Ուրարտու», «Հայաստան»։ Երկրորդ դասարանցիները հանդես եկան Մեծ Հայքի նահանգների անուններով՝ «Տայք», «Աղձնիք», «Գուգարք», «Արցախ» եւ այլն։ «Արցախ» դասարանի խոսքն է.
Մեր Պատմական Հայաստանի հզոր Արցախ,
Քո սերունդն ենք, տաթեւցի ենք՝ քաջ ու անվախ,
Կլինենք մենք քո անվանը միշտ արժանի,
Ինչպես առյուծ` կպաշտպանենք հողը հայի։
Երրորդ դասարանցիները հանդես եկան Հայոց արքայատոհմերի անուններով՝ «Արտաշեսյաններ», «Արշակունիներ», «Բագրատունիներ»… Չորրորդ դասարանցիները կրում են Հայոց մայրաքաղաքների անունները՝ «Կարին», «Անի» եւ այլն։ Դպրոցի միջին ու բարձր դասարանների աշակերտները ներկայացնում էին խմբերին՝ նկարագրելով նաեւ կատարվող պարի պատմությունը։ Հայ ազգագրական, ժողովրդական պարերից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, խորհուրդը։ Խմբերն ավելի շատ հանդես եկան «Քոչարի» պարով։ Դարերի պատմություն ունեցող «Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված եւ ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ 2017 թ. դեկտեմբերի 6-ին ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
«Քոչ» արմատը, ըստ երեւույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ եւ խոչ անվանումների հետ։ «Ղոչ» գոյական անունից առաջանում է «ղոչաղ» ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերում նաեւ խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված տերմինները՝ «Խոյակ» եւ այլն։ Փոքրիկները սիրով կատարեցին նաեւ «Վերվերի» պարը։ Այս պարի մասին նշեցին. «Վերվերի (Վեր-վեր, Վերվերուկ) պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։ «Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել։ Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին երիտասարդների համար։ Բովանդակությամբ վերվերին կապված է նախնիների պաշտամունքին, կենդանական եւ բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայություններին։ Կոմիտասի բնութագրությամբ՝ վերվերին «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմպով»։ «Տաթեւի» փոքրիկ սաները բավական լավ կատարեցին նաեւ «Ծաղկաձորի» հայկական ծիսական պարը։ «Ծաղկաձորին» դասվում է այնպիսի պարանմուշների շարքին, որոնք դեռեւս հնագույն սին հավատալիքների շրջանում կատարվել են ոչ միայն կոնկրետ ծեսերի, այլեւ գրեթե ամեն արարողության ժամանակ։ «Ծաղկաձորին» հիմնականում պարել են Վասպուրականի շրջանում՝ ուխտագնացությունների ժամանակ։
Դպրոցականները հանդես եկան նաեւ ռազմահայրենասիրական երգերի հնչյունների ներքո՝ մեծ ոգեւորություն առաջացնելով ամբողջությամբ լեցուն դահլիճում։ Մոտ 2 ժամ տեւած համերգն անցավ ջերմ ու ուրախ մթնոլորտում։ Պարզ է՝ բեմում փոքրիկներն են՝ Հայոց ապագան։ Իհարկե, կատարյալ պարողներ դառնալու համար դեռ շատ պետք է աշխատեն մեր փոքրիկների հետ իրենց ուսուցիչ-պարուսույցները։ Բայց կարեւորը՝ երեխաներ են, որ մեծանում են ազգային գաղափարներով, հայի արժեհամակարգով։