ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի երկարամյա թղթակից անդամ, Երեւանի պետական համալսարանի նույնքան երկարամյա պրոռեկտոր, անվանի տնտեսագետ, նկարիչ, մանկավարժ, Սյունյաց աշխարհի լավագույն զավակներից Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանն այսօրվա հայ հասարակությանը ու եկող սերունդներին կտակել է ճանաչողական մեծ արժեք ունեցող իր կենսապատումը: Այն վերնագրված է «93-ամյա կենսագրական էջեր»:
Կենսապատումը ներկայացնում է նրա կյանքի` հաճախ դժվարին դրվագներ ունեցող ուղին, որն ինքը հաղթահարել է նպատակաուղղվածությամբ եւ, անշուշտ, կենսասիրությամբ: Գրիգոր Ղարիբյանի կյանքի պատմության գործող անձինք Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական կյանքում նշանակալի դեր կատարող մարդիկ են՝ գերակշիռ մասը ծագումով Սյունյաց աշխարհից: Այս գրքից պարզորոշ երեւում է հեղինակի կյանքի ընթացքը Խորհրդային Հայաստանում եւ դրան հետեւած անկախության տարիներին:
Նրա մանկության տխուր էջերից է 1938 թ. Ալեքսան հայրիկին կուլակաթափ անելն ու մեկ տարի Գորիսի բանտում պահելը: Իսկ ամենամեծ ողբերգությունը՝ իր սիրելի կնոջ՝ Գայանեի մահը, որը հեղինակի կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ եղել է հաստատուն հենարան: Բարեկեցիկ ընտանիքում մեծացած քաղաքաբնակ գեղեցկուհին ընտրել է նյութական ապահովություն չունեցող երիտասարդին, ու նրանք ստեղծել են իրենց օրինակելի ընտանիքը: Երկրորդ մեծ վիշտը Գրիգորի ավագ եղբայրներ Երվանդի ու Հայկազի զոհվելն է Հայրենական մեծ պատերազմում:
Գիտականորեն ապացուցված է, որ մարդկանց չնչին տոկոսն ունի երախտագիտության այնքան կարեւոր զգացմունքը: Այս գիրքը լի է երախտագիտության խոսքերով՝ ուղղված բոլոր այն մարդկանց, որոնք գիտնականի կյանքում աջակցել են նրան: Դրանք առաջին հերթին իրեն որդեգրած նանաներն են (մայրերը)՝ Բոխչագյուլն ու Լալան, որոնք Գայանեի մեծ սրտի ու մարդասիրական հոգու շնորհիվ գյուղից տեղափոխվեցին Երեւան, ապրեցին Գայանեի տանը՝ կատարյալ սիրո ու հոգատարության մեջ: Այս փաստի ներկայացումը գրքում հիշեցնում է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի հարցազրույցի մի հատվածը՝ տպագրված Փարիզի «Պարի Մաչ» ամսագրում: Վերնոյն ասում է, թե «Մայրիկ» ֆիլմը նկարել է ոչ միայն դատապարտելու երիտթուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը, այլեւ եվրոպացիներին սովորեցնելու հայերի մարդասիրական ավանդույթը: Հայը երբեք ծերացած ծնողներին ծերանոց չի տանում:
Գրիգոր Ղարիբյանն իր ուսումնառությունը Երեւանում սկսել է Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում՝ նկարիչ դառնալու երազանքով: Սակայն ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երրորդ կուրսից թողել է ուսումնարանը: Մի շարք դպրոցներ մերժում են նրան ընդունել՝ միջնակարգ կրթությունն ավարտելու համար: Նրան օգնում է Հակոբ Հարությունյանը՝ անվանի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հայրը: Գրիգոր Ղարիբյանին օգնության ձեռք է մեկնել անվանի տնտեսագետ Սմբատ Բադալյանը, որը խոստումնալից երիտասարդին ծանոթացրել է Հայաստանի ներքին գործերի նախարարության գեներալ-մայոր Ռաֆայել Մուրադյանի ընտանիքի հետ, եւ ուսանողական տարիներին Գրիգորն ապրել է նրանց հյուրընկալ հարկի տակ: Ապագա տնտեսագետի կյանքում կարեւոր դեր են խաղացել Մոսկվայի Վ. Մ. Լոմոնոսովի համալսարանում սովորելու տարիները, որոնց ժամանակ մշտապես իր կողքին է եղել սիրելի կինը՝ Գայանեն: Գրքում հեղինակի կողքին կան բազմաթիվ մտավորականների ամբողջական դիմանկարներ: Գիրքը յուրօրինակ հանրագիտարան է:
Ղարիբյանի պաշտելի անձերից մեկը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն է՝ այն հայը, որն առանց վախենալու ԽՍՀՄ-ի առաջին դեմքի՝ Միխայիլ Գորբաչովի դեմքին խիզախորեն նետեց պայքարի ձեռնոց՝ հանուն Արցախի ազատագրման: Գորբաչովը Համբարձումյանի մարտահրավերը չմոռացավ, եւ նրան 70 տարեկան դառնալու պատրվակով ազատեցին Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից՝ այդ կերպ նաեւ հեռացնելով մեծ հայրենասերին Հայաստանի քաղաքական դաշտից: Գրքում կարդում ենք նաեւ մարդկային նախանձի դրսեւորման ավերիչ դեպքերի մասին:
«Հաջորդ ծանր հատվածը 1997 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսի ընտրության ժամանակ իմ ստացած ձայների կեղծումն էր, որի արդյունքում ես չընտրվեցի ակադեմիկոս: Այդ ընտրություններում ՀԳԱ ակադեմիայում ընդամենը տասը քվեաթերթ էր համարվել անվավեր, որից ինը իմ քվեաթերթերն էին: Երբ այդ մասին տեղյակ պահեցի ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին, զարմացավ եւ քվեաթերթիկը ստուգման ուղարկեց ՀՀ Ազգային անվտանգության կոմիտե: ՀՀ Ազգային անվտանգության կոմիտեից պաշտոնապես պատասխանեցին, որ իմ քվեաթերթիկները ձայները հաշվելու ժամանակ կեղծվել են: Ֆադեյ Սարգսյանը չխայտառակվելու համար խնդրեց ձայն չհանել, չբողոքել»: Բացի այդ Գրիգորի դոկտորական ատենախոսությունն Արտաշես Առաքելյանի «ջանքերով» չի հաստատվել Մոսկվայում ուղիղ 4 տարի:
Սակայն այս գիրքն աչքի է ընկնում իր լուսավոր կողմերով: Կյանքի հասուն տարիքում Գրիգոր Ղարիբյանը վերադառնում է իր պատանեկան տարիների երազանքին՝ նկարչությանը, եւ սկսում է վրձնել հայրենի Սյունիքի բնաշխարհը: Մի քանի անգամ Երեւանում բացվել է նրա նկարների ցուցահանդեսը: Գրքում կարելի է տեսնել գիտնականի հրաշալի բնանկարներն ու ծաղկային կոմպոզիցիաները: Ընդհանրապես՝ գիրքն աչք է շոյում բազմաթիվ գունավոր նկարներով:
Գրքի էջերից իմանում ենք, որ Հայաստանի գիտության մեջ, որպես Սյունիքի պարծանք, նա պաշտում է միջազգային հռչակ ունեցող Նիկողայոս Ադոնցին, իսկ ժամանակակից գրականության մեջ նրա սիրելին Համո Սահյանն է, որին նվիրված հոդված ունի «Սյունյաց աշխարհ» թերթում: Նա իր հոդվածում մեջբերում է քաղաքական գործիչ, գրականության սիրահար Ալեքսան Կիրակոսյանի հետեւյալ դիպուկ բնութագիրը. «Համոյի պոեզիան տիեզերական վիթխարի տարերք ունի: Չունի մի տող, որ անկեղծորեն գրած չլինի: Համոն մեր ժողովրդի ազգային կյանքի հանրագիտարանն է: Համոն վիթխարի անհատականություն է եւ անսպառ գանձ: Իմաստության հեղեղ է, ապշելու բան է»:
Մի առանձին բաժին գրքում ներկայացնում է Ղարիբյանին սրտամոտ գեղանկարիչներին, քանդակագործներին: Դրանց մեջ են տարբեր ազգանուններով, սակայն հարազատ եղբայրներ, տաղանդաշատ նկարիչ Զախար Խաչատրյանն ու քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Նրա սիրելիներից են նաեւ նկարիչ Փարավոն Միրզոյանը եւ արվեստաբան Արարատ Աղասյանը, որոնք առանձին հոդվածներով ներկայացված են գրքում:
Սյունյաց աշխարհի քաղաքական մերօրյա գործիչները եւս կան գրքում: Ներկայացված են Հայաստանի կոմկուսի Կենտկոմի 1-ին քարտուղար Սուրեն Թովմասյանը, 2-րդ քարտուղար Մուշեղ Ադոնցը, ՀՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտին Հարությունյանը, Երեւանի քաղսովետի նախագահ, Երեւանն առաջնակարգ քաղաք դարձրած Գրիգոր Հասրաթյանը, Պավել Սաֆյանը, Հայաստանի բանկի կառավարիչ Վլադիմիր Աղասյանը, Յուրի Ջավադյանը, Գագիկ Ոսկանյանը: Չմոռանանք, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես սյունեցի է:
Առանձին բաժին են կազմում գրքում եղած սյունեցի գիտնականները, որոնց երկու հոդվածներով գլխավորում է Նիկողայոս Ադոնցը: Հոդվածներ կան Կարապետ Մելիք-Օհանջանյանի, Հրանտ Ադոնցի, Էդուարդ Աղայանի, Հրաչիկ Սիմոնյանի, Ս. Ա. Արզումանյանի, Մորուս Հասրաթյանի, Լենդրուշ Խուրշուդյանի, Արամ Սիմոնյանի, Մուշեղ Ադոնցի, Մուրադ Հասրաթյանի, Աելիտա Դոլուխանյանի, Արարատ Աղասյանի մասին:
Գրքում առանձին բաժին կա աշխարհահռչակ միկրոքանդակագործ, նկարիչ, արվեստագետ, ջութակահար Էդուարդ Տեր-Ղազարյանի մասին, զետեղված են Գրիգոր Ղարիբյանի 80, 85, 90-ամյակների առիթով հանրապետության մամուլում հրապարակված հոդվածները, պարգեւատրման նկարները:
Գրախոսականն ուզում եմ ավարտել գիրքը եզրափակող «Վերջաբանի փոխարեն» հատվածով: «Ավարտեցի «93-ամյա կենսագրական էջեր» գիրքս: Ամենաթանկ էջն ինձ համար չորրորդ էջն է, ուր զետեղված են Հայրենական պատերազմում զոհված, դեռ չամուսնացած եղբայրներիս՝ Երվանդի եւ Հայկազի զինվորական հագուստներով նկարները եւ իմ «Կակաչ» գեղանկարը: Այսօր անհետք զոհված եղբայրներիս միայն ես եմ հիշում: Վաղը՝ ինձանից հետո նրանց հիշող չի լինելու: Նրանց «կհիշի» միայն գրքիս արցունքոտված չորրորդ էջը:
Պատերազմները միշտ էլ հազարավոր անհետք զոհված երիտասարդներով մեծ վիշտ են պատճառել իրենց հարազատներին: Ո՞րն է մեր փրկությունը: Մեծ իմաստուն Ավետիք Իսահակյանը «Ուստա Կարո» գրքում (էջ 410) գրել է. «Հայերի թուրը շողալով տեսնի, ու գյուլլեն երկինք հասնի, Աստված վախից էլի կհայանա»: Արդյունքում մենք կփրկվենք: Թշնամիներով շրջապատված Հայաստանը գոյատեւելու, զարգանալու համար պետք է ամեն գնով ստեղծի շողացող թուր-ուժեղ զինված բանակ եւ ուժեղ դպրոց: Դա է մեր փրկությունը: Բարեբախտաբար, այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ թալանված հարստությունը վերադարձվի պետությանը, եւ այդ միջոցներով ստեղծվի ուժեղ զինված բանակ: Դրան պետք է նվիրվի ողջ հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում»:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ