Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄՊԿ) «Կանչ» եւ «Դեպի լույս» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի բեմական եւ ստեղծագործական 25-ամյա հոբելյանական «Իմ տեսնող աշխարհ» խորագրով համերգ-երեկոն։ «Դեպի լույս» երգչախումբը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, որի տնօրենն է վաստակաշատ մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը։ «Կանչ» երգչախումբը գործում է ԳԴՄՄՊԿ-ում, որն արդեն 40 տարի է՝ ղեկավարում է մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյանը։ Համերգը նվիրված էր հիշյալ երգչախմբերին։ Ներկա էին ծնողներ, երգարվեստի սիրահարներ, աշակերտներ, ուսուցիչներ։ Բացի «Դեպի լույս» եւ «Կանչ» երգչախմբերից, համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հատուկ հրավիրված երաժշտական խմբեր։
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄՊԿ «Միլենում» ժամանակակից պարի ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ավագիմյան, պարուսույց՝ Շուշան Դաբաղյան) հանդես եկան պարային կատարումներով, որոնցից վերջինը շնորհավորհական էր։ «Մայրիկ» երգը հնչեց մեներգիչ Արամ Հովհաննիսյանի կատարմամբ՝ ԳԴՄՄՊԿ Սաթենիկ Թոփուզյանի անվան մարիոնետների թատրոնի սաների (գեղ. ղեկ.՝ Մարո Անդրիասյան) եւ թիվ 14 հատուկ դպրոցի պարի խմբակի (գեղ. ղեկ.՝ Նելլի Աբովյան) աջակցությամբ։ Արմեն Դիվանյանի անվան «Արեւներ» մանկապատանեկան համույթի սաները գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդես եկան Վարդուհի Խաչատրյանի արդեն 15 տարվա պատմություն ունեցող եւ աշխարհի տարբեր երկրների բեմերից հնչած «Իմ քոչարին» երգի կատարմամբ, որն ուղեկցվեց գեղեցիկ պարով։ «Վան» ակորդեոնահարների համույթը՝ Հարություն Մուրադյանի ղեկավարությամբ, նույնպես հատուկ հյուրերի կազմում էր։ Ներկաներին իրենց հրաշալի կատարումով ողջունեցին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնահարուհիներ Աննա Հայրապետյանը՝ հանրապետական ու միջազգային «Վերածնունդ» մրցույթների բազմակի դափնեկիր, եւ Գոհար Սոլկարյանը՝ նույն մրցույթների առաջին կարգի դափնեկիր։ Համերգի հաղորդավար Սոնա Վերդյանը սիրով տեղեկացրեց՝ քանոնահարուհիների ղեկավարն է կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը, որը ներկա էր համերգին եւ օրերս դարձավ 85 տարեկան։ Հաղորդավարուհին շնորհավորեց տաղանդաշատ քանոնահարուհուն, ով մեր ժողովրդի կողմից ճանաչված է որպես «Քանոնի թագուհի»։ Համերգի կազմակերպիչների կողմից Ա. Աթաբեկյանին նվիրվեց ծաղկեփունջ, որից հետո հնչեց «Ալեկոծ ծովը» ստեղծագործությունը քանոնահարուհիների կատարմամբ։ Համերգի հիմնական մասում հանդես եկան «Դեպի լույս» երգչախմբի սաները, ովքեր, չնայած որոշ տեսողական խնդիրներին, կարողացան մոտ 1 ժամ իրենց հրաշալի կատարումներով հիացնել ունկնդրին, հուզել, հավատ ներշնչել, որ պետք է ուժեղ լինել հոգով ու ձգտել դեպի լույս ու երջանկություն։
Համերգի սկզբում ներկայացվեց ֆիլմ «Հայ արեւ» համույթի՝ «Հայաստան» երգի կատարմամբ։ Հաղորդավար Ս. Վերդյանը, ներկայացնելով երեկոյի ծրագիրը, ասաց. «Այս գեղեցիկ եւ, ընդհանրապես, մեր բոլոր գեղեցիկ օրերի եւ կյանքի համար պարտական ենք մեր հերոսներին, մեր քաջերին…»։ Եղավ լռության րոպե՝ ի հարգանք անմահ հերոսների վառ հիշատակի։ Այնուհետեւ հաղորդավարն անդրադարձավ Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործական գործունեությանը։ Երգչուհին 1998 թ. «Արձագանք» ստուդիայում ձայնագրել է իր առաջին երգը, այնուհետեւ թողարկել հեղինակային «Սիրո անուրջներ» առաջին ձայնասկավառակը։ Շուտով նույն սկավառակի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Արդեն Վիա բեմական ահունով Վ. Խաչատրյանը հանդես է եկել բազում համերգներով, ձայնագրություններով, մշակութային այլ գործունեությամբ։ Այս 25 տարվա ընթացքում բազում մրցույթներում արժանացել է մրցանակների, դարձել դափնեկիր։ Այնուամենայնիվ, նրա ստեղծագործական կյանքում ամենակարեւոր փուլն սկսվում է 2016-ից։ Համերգի ընթացքում հիմնականում հնչեցին Վ. Խաչատրյանի գրած երգերը փոքրիկների համար։ «Դեպի լույս» անվանումը երգչախումբն ստացել է իր ղեկավարի համանուն երգից, որն էլ դարձել է երգչախմբի օրհներգը։ Եվ այս երգով էլ պատանի երգիչների խումբն սկսեց համերգը։ Պարզապես տեսնել ու լսել է պետք՝ ինչպիսի սիրով էին երգում «Դեպի լույս»-ը երգը այն երեխաները, ովքեր ձգտում են լույսի, ովքեր տեսնում են սրտով։ Ու «Դեպի լույս»-ի կողմից հնչեցին «Իմ դպրոց», «Հավատում ենք», «Տեսնող սրտեր», «Իմ մայրիկը» եւ այլ երգեր՝ մեկը մյուսից լավ ու հրաշալի կատարմամբ։ Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ «Հայի երազ» երգը, որ կատարվեց առաջին անգամ։ Երբեմն «Դեպի լույս» եւ «Կանչ» երգչախմբերը հանդես էին գալիս միասնական երգերով։ «Կանչի» սան, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի ուսանող Արթուր Նիկոլյանը դերասանական վարպետությամբ կատարեց «Հայոց կռունկ» երգը՝ արժանանալով ներկաների ծափողջույններին։
Համերգի վերջում «Դեպի լույս»-ի պատանիների հետ «Հայ զինվոր» երգը կատարեցին նաեւ Երեւանի Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները՝ Շուշան Անտոնյանի ղեկավարությամբ։ Մոտ 2 ժամ տեւած համերգի ընթացքում եղան այլ ելույթներ եւս։ Համերգին ներկա էին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը, ԿԳՄՍՆ ԳԴՄՄՊԿ տնօրեն Սամվել Բալոյանը, ինչպես նաեւ թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը։ Իրենց արդեն 80-ամյա դպրոցի մշակութային կյանքում մեծ ձեռքբերումների համար Ա. Ահարոնյանը Նիկողայոս Տիգրանյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրեց Վարդուհի Խաչատրյանին՝ շնորհավորելով երեկոյի առթիվ։ Դպրոցի տնօրենն առավել կարեւորեց այն, որ մինչեւ արցախյան 44-օրյա պատերազմը «Դեպի լույս» երգչախումբը ղեկավարի գլխավորությամբ այցելել է Արցախ, հանդես եկել զորամասերում։ Առանձնահատուկ ոգեւորություն են իրենց պարգեւել Արցախի զորամասերի համերգները: «2018 թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգներում շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորները նրանց հետ գրկախառնված պարեցին, երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգեւատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքն ավելի մեծ էր, երբ այցելեցինք եւ համերգ ունեցանք Ստեփանակերտի անհետ կորածների եւ զոհվածների հուշ-թանգարանում: Մեծ բավականություն ստացած վերադարձանք»,-մի առիթով ասել է երգչախմբի գերղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: Երեկոյի վերջում Վ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ իրենց համերգի կայացմանն աջակցողներին։
Հ. Գ. 1938 թ. Կույրերի միավորումում միտք է հղացել եւ կազմակերպվել Հայաստանում կույր մանուկների կրթության եւ դաստիարակության գործը: 7-ամյա գիշերօթիկ դպրոցն իր գործունեությունն սկսել է 1939 թ. ապրիլի 29-ից: Դպրոցը 7-ամյա ծրագրով գործել է մինչեւ 1954 թ., որից հետո ՀԽՍՀ լուսավորության մինիստրության կողմից մտցվել է 10-ամյա միջնակարգ կրթությունը: