Սփյուռքահայ անհատ բարերաների եւ միջազգային հիմնադրամների նվիրատվություններով հիմնադրված «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը պաշտոնապես բացվեց 2022 թ. հոկտեմբերի 21-ին՝ Երեւանում, Իսակովի 40/4 հասցեում։ Այն ծնունդ առավ «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի կողմից՝ միտված 2020 թ. 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանված արվեստագետների համար ստեղծագործական միջավայր ապահովելու նպատակով։ Անցած կես տարվա ընթացքում այս ուսումնարանը դարձել է յուրօրինակ հավաքատեղի արցախցիների եւ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների համար՝ սպասված գործունեություն ծավալելու արդյունքում։
«ԿերամաԶարդի» վարպետները պատրաստում են ամբողջովին ձեռագործ կերամիկական իրեր, որոնց վրա նկարում ու նկարազարդում են հայկական՝ մասնավորապես Արցախ-Սյունիք գորգանախշերը, զարդանախշերը եւ տառարվեստը: Կապված մայիսյան եռատոնի եւ ընդհանրապես մայիսյան բոլոր հաղթանակների հետ՝ «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը Երեւանում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում գործող ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, կազմակերպել էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության «Արցախը ՄԵՐ մեջ» խորագրով ցուցահանդես-վաճառք, որի նպատակն էր վերարժեւորել մայիսյան եռատոնը եւ աջակցել Արցախի կորուսյալ ժառանգության հիմնահարցին։ Ներկա էին հոգեւորականներ, արվեստասերներ, տեղահանված արցախցիներ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Մելիքյանը, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ստեղծված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդես-վաճառքի բացումն սկսվեց հոգեւոր հոր օրհնանքի խոսքով՝ Տերունական աղոթքով։ Նա իր խոսքում նշեց, որ օրը պատահաբար չէ ընտրված։ Հավելեց, որ «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում արտադրված կերամիկական արվեստի նմուշների վրա պատկերված են Արցախի հոգեւոր ժառանգության գանձերը, որոնց մեծ մասը մնացել է թշնամու տիրապետության տակ, եւ վտանգված են դրանք։ Եվ Արցախյան պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելը «ԿերամաԶարդում» ստեղծված արվեստի միջոցով է փոխանցվում մեզ։ Տեր հայրը կոչ արեց՝ չհամակերպվել ներկա իրողությանը, որ վտանգված են մեր՝ դարերի պատմություն ունեցող հոգեւոր հուշարձանները, եւ պայքարել յուրաքանչյուրն իր հնարավորություններով։ «Որքան գեղեցիկ է, այնքան էլ անհանգստացնող է այս ցուցահանդեսը»,- ասաց տեր հայրը՝ կարեւորելով «ԿերամաԶարդի» նախաձեռնությունը, շնորհավորելով կազմակերպիչներին, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանին՝ մաղթելով Արցախի կորուսյալ տարածքների վերադարձ, որն իրականանալու է պայքարի միջոցով։ Այս առումով անդրադարձավ 1988 եւ հետագա տարիների մեր հզոր պայքարին, որի շնորհիվ ազատագրվեցին Արցախը, Ադրբեջանի տիրապետության տակ բռնի անցած մեր հայրենիքի այլ հատվածներ։ Հիշեցրեց նաեւ, որ՝ հենց Արցախի հողում է նահատակվել առաջին հայրապետ Սուրբ Գրիգորիսը՝ Գրիգոր Լուսավորչի թոռը, ով հուղարկավորված է Ամարասում։ Կարեւորեց նաեւ այն, որ այժմ թշնամու տիրապետության տակ անցած Դադիվանքում, վտանգելով իրենց կյանքը, հայ հոգեւորականներն իրենց պարտքն են կատարում։ Խոսքի վերջում տեր հայրն Աստծո օրհնանքը տվեց շրջափակման մեջ մնացած արցախահայությանը։
Ազատուհի Սիմոնյանը շնորհավորեց ներկաներին մայիսյան եռատոնի առթիվ՝ կարեւորելով այն, որն իր մեջ Արցախի հայկականության ու պետականության խորհուրդն ունի։ «ԿերամաԶարդ» արվեստանոցը մի քանի ամիս է, ինչ պատրաստվում էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության թեմայով «Արցախը ՄԵՐ մեջ» խորագրով ցուցահանդես-վաճառքին։ Ձեր ներկայությամբ եւ աջակցությամբ մենք կկարողանանք եւս մեկ անգամ բարձրաձայնել Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության հիմնահարցի կարեւորությունը, տեղահանված արցախցիների խնդիրները եւ տարածել մարդուն աշխատանքով օգնելու, նրանց համար աշխատատեղեր բացելու եւ ոչ թե նրանց կարեկցելու կամ բարեգործություն անելու գաղափարը: Եկեք միասին գոտեպնդեք մեր տեղահանված հայրենակիցներին, միասին վերարժեւորենք մայիսի 9-ը»,- իր խոսքում ասաց Ա. Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ 2020 թ. 44-օրյա կործանարար պատերազմի պատճառով թշնամու տիրապետության տակ է անցել Արցախի տարածքի մեծ մասը, որտեղ առկա են մոտ 2000 հնադարյան ու ժամանակակից մշակութային կոթողներ: Նշեց նաեւ, որ թշնամին մեր հոգու վրա ազդելու նպատակով՝ այժմ հայ մարդուց զատ, իր կռիվն է տալիս նաեւ հայոց մշակույթի դեմ՝ ոչնչացնելով դարերի պատմություն ունեցող քարե վկայությունները մեր պատմական հայրենիքում, որն անցել է իր տիրապետության տակ, եւ դրանք ցուցադրում է սոցցանցերում, այլ ուղիներով։ Հավելեց նաեւ, որ մենք չպետք է թույլ տանք Արցախի Հադրութի ու Շուշիի, Քաշաթաղի ու Քարվաճառի եւ բռնազավթված այլ տարածքներում գոյություն ունեցող հայոց մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Եվ այս մեծ նպատակին հասնելու ճանապարհին փոքր քայլ է ներկա ցուցադրությունը։ Անդրադարձավ ցուցադրված խեցեղեններին, որոնց վրա նկարված են Արցախի տարբեր վայրերում պահպանված հուշակոթողները։ Նշեց՝ ցուցադրված նկարներն ապրելու են երկար եւ փոխանցվելու են սերունդներին։ Խոսքի վերջում Ա. Սիմոնյանն անդրադարձավ «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանի գործունեությանը եւ ներկաներին հրավիրեց ծանոթանալու ցուցադրությանը։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը եւ քարտուղար Անահիտ Քոսակյանը նույնպես ներկա էին ցուցահանդեսին։
Կ. Մովսեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկա գտնվեցինք «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կերամիկական իրերի վրա: Մեծ բավականություն ստացանք: Նաեւ, անկախ մեզանից հուզվեցինք: Առավել, երբ գտանք Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ տաճարը, Մելիքատունը: Շնորհակալություն կազմակերպիչներին եւ Ազատուհի Սիմոնյանին հրավերի համար: Մայիսյան հաղթանակները, անկախ ներկա իրավիճակից, պետք է միշտ վառ պահենք մեր մեջ, փոխանցենք սերունդներին։ Եվ այս առումով կարեւոր են նման միջոցառումները եւ պետք է շատ կազմակերպվեն՝ միշտ հնչեցնելու զգոն մնալու զանգը»։