«Այսօր Երեւանը օտարվել է մեզնից եւ դարձել օտար լեզուների գրվածքների քաղաք: Հայաստանի հեռավոր շրջաններ ես գնում, ապշում ես, որ հայերեն ցուցանակի փոխարեն տեղադրվում են օտարալեզու ցուցանակներ: Օրինակ՝ Տավուշի մարզի՝ նախկին Շամշադինի տարածքում անգլերեն մեծ գրվածքով են քեզ դիմավորում, Ագեձոր ես մտնում, անգլերեն է գրված, Չորաթանում, Չինարիում էլի նույնն է: Իմ պայքարից հետո միայն Չինարիում ավելացվեց աննշան, փոքրիկ հայերեն տառերով գրվածքը…
… Այսօր որեւէ պետական մարմին չի զբաղվում լեզվական քաղաքականության ծրագրով: Ի՞նչ է նշանակում, որ ով քնից արթնանում, ինչ մտածում է, այդ մասին գիրք է գրում: Այսինքն՝ փող ունեն, գիրք են հրատարակում՝ ո՛չ բովանդակություն կա, ո՛չ էլ այն իրենից արժեք է ներկայացնում: Բայց այսպես փողոցներում շնորհանդեսներ անցկացնելով՝ ո՛չ գրականություն ենք ստեղծում, ո՛չ էլ կարողանում ենք պահպանել մեր մայրենին…»:
Լավրենտի ՄԻՐԶՈՅԱՆ
Հոգու խորքում հայրենիք ու հայրենի հող փայփայող մարդը միայն կարող է խոսել նման սրդողանքով: Իր մայրենին պաշտող ու հանուն դրա պայքարող հայորդին միայն կարող է նաեւ այսպես պատգամել ապրող ու գալիք սերունդներին. «Ուր էլ լինես, ուր էլ բնակվես, հիշիր, որ քո մայր լեզուն հայերենն է՝ ոսկեղենիկ հայոց լեզուն, եւ պարտավոր ես պահպանել այն, սիրել երեխայի պես, գուրգուրել… Ուր էլ լինես, հիշիր մանկությունդ, օրորոցդ հնամենի, տունդ նորօրյա…»:
Իսկ նրա արմատներն ու հնօրյա օրորոցն այնտեղ են՝ գեղատեսիլ Տավուշ աշխարհի Չորաթան գյուղում, որտեղ աչք է բացել, սովորել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում, ապա ավարտել մայր բուհի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, այնուհետեւ՝ Մոսկվայի կոմերիտական բարձրագույն դպրոցն ու Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալության հանրային ծառայությունների բարձրագույն դասընթացները: Ուսումնառության պատկառելի ընթացք, որը, թերեւս, լիարժեք չէր լինի՝ առանց ասպիրանտական կրթության. 1973-ին ավարտելով բուհը՝ ուղեգրվում է սովորելու ասպիրանտուրայում, համատեղությամբ աշխատում հարազատ ֆակուլտետի ամբիոնում որպես լաբորանտ, զուգահեռաբար կատարում «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղարի պարտականությունները: Այստեղից էլ սկսվում է նրա անցնելիք երկար ու ձիգ ճանապարհը: Բուհական թերթի նեղ շրջանակներին հաջորդում է այդ ժամանակներում հսկայական տպաքանակ ու ընթերցողների հսկայական բանակ ունեցող հանրապետական մամուլը. 1975-80 թթ.՝ «Պիոներ կանչի» բաժնի վարիչ, «Ավանգարդի» պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագրի տեղակալ, 1987-ին՝ «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» մանկավարժական ամսագրի գլխավոր խմբագիր: Շնորհիվ երիտասարդ, բայց խորիմաց ու փորձառու խմբագրի՝ մանկավարժական ինքնատիպ հանդեսը ճանաչվածություն ու ընթերցողների նոր շրջանակներ է նվաճում եւ՛ հայրենիքում, եւ՛ նրա սահմաններից դուրս՝ տպաքանակը հասցնելուվ շուրջ 100 հազարի: Իսկ այն տարիներին ամեն ինչ ոսպնյակի տակ էր, եւ «տաշած քարը չէր մնում գետնին ընկած». ամենաերիտասարդ խմբագրին հրավիրում են Հայաստանի կոմկուսի կենտկոմ՝ նրան վստահելով գաղափարախոսական բաժնի մամուլի սեկտորի գլխավոր տեսուչի պաշտոնը: Ամենուր իրեն լավագույնս դրսեւորած հայորդին 1990-ին ընտրվում է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, այնուհետեւ՝ մշակույթի, լեզվի եւ լրատվության հանձնաժողովի նախագահ, Երքաղխորհրդի նախագահության անդամ: Ազգային վերազարթոնքի ժամանակներ էին: Ազգային նպատակ ու վաղվա օրն ավելի պայծառ տեսնելու երազանք ունեցող անհատները անում էին հնարավորը այդ օրը մոտեցնելու համար: Լավրենտի Միրզոյանն այդ նվիրյալների շարքերում էր: Դժվարին այդ տարիներին նա արդեն առավել քան պատասխանատու ոլորտում էր՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ինֆորմացիայի գլխավոր խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ՝ «Լրաբեր» ծրագրի տնօրենի պաշտոնում: Անուրանալի է լրաբերցիների այն օրերի մեղվաջան գործունեությունը՝ լիներ ռազմաճակատային գոտիներում, սահմանային վտանգավոր հատվածներում, թե այլուր: Ամենուր իր գործընկերների հետ էր նաեւ ինքը՝ տավուշցի անդադրում նվիրյալը՝ աչքաթող չանելով, սակայն, ստեղծագործողի իր կոչումը՝ հոդվածներ, գրքեր, խմբագրումներ: Եվ ծնվում է նրա «Առձեռն մայրենի» սքանչելի ձեռնարկը: Պետական, հասարակական գործունեությանը զուգահեռ, հիմնադրում եւ խմբագրում է «Հայ աշխարհ», «Էրեբունի», «Քաղաքացիական ծառայություն» թերթերը, «Պայքար», «Հանրային կառավարում» ամսագրերը: Թե ինչպես էր հասցնում՝ միայն իրեն է հայտնի…
Հետո դասախոսական աշխատանքի էր հրավիրվելու ՀՀ կառավարման դպրոց (այժմ՝ ակադեմիա)` ստանձնելու «Պետական ծառայություն» հրատարակչության գլխավոր խմբագրի պաշտոնը, խմբագրելու եւ հրատարակելու էր տարբեր ոլորտների վերաբերող շուրջ 200 գիրք, դրանց թվում՝ ուսումնական դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ:
2001-ին մեր թերթի լավ բարեկամը նշանակվում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետի տեղակալ, 2004-ին՝ ՀՀ լեզվի պետական տեսչության պետ: Լինելով կառավարության անվանակոչությունների, անվանափոխությունների պետական հանձնաժողովի անդամ՝ խմբագրել է երկհատորյա «Հայաստանի ազգային ատլասը», «Երեւանի պատմաաշխարհագրական ատլասը», «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուն», տառադարձել շուրջ 30 հազար աշխարհագրական անուններ, մշակել եւ գործածության ներառել բազմաթիվ տերմինների հայերեն համարժեքները:
Անուրանալի է Լավրենտի Միրզոյանի վաստակը նաեւ սերնդակրթման գործում: ՀՀ ՊԿ ակադեմիա, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտ, այլ բուհեր, որոնցում դասավանդում է ամենատարբեր առարկաներ՝ հայոց լեզու, հայոց լեզվի մեթոդիկա, գրաբար, հայ մամուլի պատմություն, պետական եւ պաշտոնական լեզու, բանակցությունների վարման հմտություններ, հանրության հետ կապերի կազմակերպում: Եվ սա ամբողջական ցանկը չէ: Պարզապես զարմանալ կարելի է նրա իմացության շրջանակներով, անսպառ եռանդով, մարդու ու գիտնականի իր տեսակով:
Ամենատարբեր բնագավառներում իր վաստակը թողած մշտազբաղ մտավորականը ժամանակ է գտել հետագա սերունդներին ժառանգելու նաեւ բազմաթիվ մեծարժեք գրքեր՝ «Իմացաբանական շտեմարան», «Գրպանի ուղղագրական բառարան», «Սխալ եւ ճիշտ», «Հավերժության ղողանջներ», «Կյանքի ուղեցույց», «Կայացման ակնթարթներ», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Տավշո արմատներ»: Եվ ոչ միայն սրանք. վաստակաշատ լեզվաբան-խմբագիրը շուրջ 3000 հոդվածների, հարցազրույցների, մեկնաբանությունների հեղինակ է, մշակել է բազմաթիվ տերմինների հայերեն տարբերակներ, խմբագրել 4000 մամուլ: Թարգմանվել է տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, քրդերեն, ուզբեկերեն, էստոներեն: Եվ արժանվույնս է գնահատվել մայրենիի խոնարհ մշակը՝ արժանանալով բազմաթիվ հնչեղ պարգեւների, մեդալների ու շքանշանների: Բայց ամենամեծ գնահատանքը իր վաստակած հեղինակությունն է, խորին հարգանքը, որ վայելում է ամենուր…
Զորություն մաղթենք մեղվաջան մեր բարեկամին եւ նոր շեղջեր՝ կալուկուտ արած ոսկե իր հունձքին…