Այս օրերին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման թեման։ Հարցը օրակարգային դարձավ հատկապես մայիսի 12-ին եւ 13-ին, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ներթափանցեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Հայաստանի եւ արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել են աջակցել սահմանազատման եւ սահմանագծման հարցում, ինչպես նաեւ այդ նպատակով հանդես են եկել հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաեւ՝ միջնորդ։ Ինչ քաղաքական հետեւանքներ կունենա հայ-ադրբեջանական պետական սահմանի ի հայտ գալը Հայաստանի համար, ինչպես նաեւ Արցախի հակամարտության լուծման հարցում։
-Այս պահին երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն անհնար է սկսել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ կստորագրվի երկկողմ պայմանագիր, որը կնախանշի խաղաղ գոյակցության փոխընդունելի պայմանները, այդ թվում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին դիմել է Ադրբեջանի շատ կոնկրետ ռազմական սպառնալիքներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով, եւ, ուստի, խիստ տարակուսելի է, որ մեր դաշնակից գործընկերները, այսօր առկա հիմնական խնդիրը դեռ չլուծած, խոսում են ինչ-որ անորոշ ապագայում դեռեւս անհրաժեշտ իրավական հիմքերը չունեցող մի գործընթացին աջակցություն ցույց տալու իրենց պատրաստակամության մասին: Ադրբեջանն առանց նախապայմանների պետք է իր զորքը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից, միայն դրանից հետո կարելի է վերացական զրույցներ վարել այն մասին, թե ով եւ ինչպես կարող է հետագայում նպաստել սահմանազատման գործընթացին:
-Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին պայմանագրի 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով։ Արդյոք այն կարո՞ղ է լուծումներ տալ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման հարցում, եւ որքանո՞վ եք հավանական համարում Ռուսաստանի ակտիվ ներգրավումն այս մասով։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ինչպես ակտիվ ներգրավումը, այնպես էլ՝ դիտորդի կամ միջնորդի կարգավիճակում մնալը։
-ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն դժվար թե այս փուլում ակտիվ ռազմական ներգրավվածություն ունենա, թեեւ չի բացառվում, որ Բաքուն կարող է ավելի ուշ Արցախում ռուս խաղաղապահներին ՀԱՊԿ բազմազգ կոնտինգենտով փոխարինելու փորձ անել: Այլ է մեր ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի պարագան. Մոսկվան ստիպված է լինելու կողմնորոշվել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին ուժով պատասխանել-չպատասխանելու հարցում: Հասկանալի է, որ ռուսական կողմի համար նախընտրելի կլինի Բաքվի կողմից հրահրված միջադեպը խաղաղությամբ լուծելը, սակայն ես կասկածում եմ, որ Ռուսաստանին նման հնարավորություն տրվի:
-Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ միաժամանակ պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել: Իսկ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական, եւ որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Արեւմուտքին անհանգստացնում է տարածաշրջանում ռուսական ազդեցության մեծացումը, եւ այս կերպ փորձում են նվազեցնել այն։
-Նախ պետք է ճիշտ գնահատենք հետպատերազմյան իրողությունները Հարավային Կովկասում: Իրականում արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում էապես թուլացել են: Կարելի է ասել, որ Մոսկվան չկարողացավ կամ չցանկացավ կանխել Թուրքիայի ռազմական ներկայության հաստատումը Հարավային Կովկասում եւ այսօր այստեղ փաստացի երկիշխանություն է, մինչդեռ նախկինում մեր տարածաշրջանը ռուսական ռազմաքաղաքական մենաշնորհի գոտի էր: Հավանաբար ջանքեր են գործադրվելու ռուսական այս մնացուկային ազդեցությունն է՛լ ավելի նվազեցնելու կամ, առհասարակ, զրոյացնելու ուղղությամբ: Մոսկվան ինքը պետք է որոշում կայացնի՝ մնում է, թե վերջնականապես հեռանում այստեղից:
-Թեեւ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, սակայն ուժային տարբեր կենտրոնների ակտիվացումը ցույց է տալիս, որ այստեղ դեռ հավասարակշռություն չի հաստատվել։ Որո՞նք պետք է լինեն հայկական օրակարգի առաջնային մոտեցումները։
-Մեզ համար առաջնային է արցախահայության անվտանգության ապահովման հարցը, որը կարող է լուծվել Ադրբեջանի կազմից դուրս նրա ինքնիշխան կարգավիճակի միջազգային ճանաչման ու համապատասխան անվտանգային երաշխիքների ապահովման միջոցով: Մեր դիվանագիտությունը նաեւ պետք է պնդի, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տեղի ունեցած տարածքային զավթումները չեն կարող իրավական ամրագրում ստանալ միջազգային իրավունքի շրջանակներում, եւ այդ առումով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընդամենը զինադադար հաստատելու խնդիր է լուծում, սակայն չի կարող հիմք ծառայել Արցախի Հանրապետությունից խլված տարածքները Ադրբեջանի մաս ճանաչելու համար: