2 տասնյակից ավելի կուսակցություն եւ 4 դաշինք։ Նրանք ԱԺ առաջիկա ընտրություններին հաղթելու եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու հայտ են ներկայացրել…
«ՀՀ»-ին, մասնավորապես, հետաքրքրել է այն շղթան, որը մեզ կարող է ամուր ոտքերի վրա պահել. 1. միջազգային ենթակառուցվածքներին Հայաստանի ներգրավվածություն-Հնդկաստանի եւ Իրանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ խոշորածավալ ծրագրում ներառելու հետ կապված, եւ մեր քայլերը՝ ի վերջո, ի՞նչ ենք անելու այս հնարավորությունը չկորցնելու համար։ Չմոռանանք, որ Ադրբեջանը ներառված է Արեւելք-Արեւմուտք ծրագրում եւ արդեն հաջողել է Հյուսիս-Հարավում էլ լինելու: 2. Ռազմարդյունաբերություն-սա այն քաշող ուժն է, որ զուգահեռ մի քանի ոլորտներ կաշխատեցնի։ Բացի այդ՝ արժանավայել ու երկարատեւ խաղաղության համար պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի։ 3. Ջրային պաշարների կառավարում-21-րդ դարը նաեւ ջրային պատերազմների դարաշրջան է, եւ թշնամու՝ մեր հանդեպ հիդրոահաբեկչության փաստերը հայտնի են։ Եվ այս պատերազմից հետո, երբ վտանգվում են նաեւ գետաբերաններն ու ջրային ակունքները, մեր ունեցած պաշարների կառավարումն արդեն կենսական հարց է։ 4. Ատոմային էներգետիկայի զարգացում-մենք ատոմային տերության մաս ենք՝ աշխարհաքաղաքական, տնտեսական ու էներգետիկ անվտանգության դրական հետեւանքներով հանդերձ։ Որպեսզի շարունակենք մնալ ատոմային տերության մի մասը, անպայման պետք է ունենանք նոր միջուկային բլոկ կամ բլոկներ՝ ընդ որում՝ միջին եւ ավելի հզորության, քանզի մեզ պարտադրվող մոդուլյար բլոկները զուտ էլէներգիայի արտադրման հարց են լուծում։ Այս կետերին չենք ավելացնում մեր երկրի համար այնքան կարեւոր գյուղատնտեսությունը, որովհետեւ սրան առանձին ենք անդրադառնալու։
«Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահերից»,- «Հայաստան» դաշինքը վստահ է, որ մեր երկիրը կարող է դառնալ ենթակառուցվածքների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ ծովի եւ Պարսից ծոցի երկրները, նաեւ՝ վերականգնվող ներ Մետաքսի ճանապարհը։ Այս ուժը ռազմարդյունաբերությունը դիտարկում է իբրեւ արդյունաբերական առաջատար ուղղություն։ Նախաձեռնելու է նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ եւ սկսելու է բանակցություններ հավանական ներդրողների հետ։ Գործադրելու է ջրային պաշարների կառավարման նոր ռազմավարական ծրագիր, փոքր ու միջին ջրամբարաշինություն է սկսելու, Սեւանը մաքրելու համար կեղտաջրերի մաքրման կենսաբանական մեխանիզմներ է ներդնելու։
Հայաստանը տրանսպորտի եւ հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ գործուն աշխատանք տանելուց է խոսում նաեւ Հայ ազգային կոնգրեսը։ Եվ որ այդ աշխատանքները պետք է տարվեն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։ Իսկ տնտեսական մեկուսացման վերացման համար առաջարկում է ձեռնամուխ լինել Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային միջանցքի կառուցման նախագծի իրագործմանը։ ՔՊ-ն էլ աում է, թե ձեռնամուխ է լինելու նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը, իսկ «ռազմարդյունաբերության ոլորտում շարունակելու է արտադրական, նորոգման գործարանների արդիականացումը… Հեռահար ԱԹՍ-ների, ՌԱԴԱՐ-ների, ՌԷՊ համակարգերի, կապի համակարգերի, լազերային տեխնոլոգիաների, հրթիռային համակարգերի եւ այլ ստրատեգիական ուղղություններով շարունակելու է ծրագրերի լայնամասշտաբ ֆինանսավորումը»։ Նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը նախընտրական ծրագրում դիտարկում է նաեւ «Արդար Հայաստանը»։ Առաջանցիկ տեմպերով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումն իրականացնելուց եւ Իրանի ու Վրաստանի տրանսպորտային համակարգերին ինտեգրվելուց խոսում է նաեւ «Ազգային օրակարգը»: «Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարի հաշվառմամբ ստեղծել երկրի կամրջայնության ու տնտեսական-ենթակառուցվածքային ինքնաբավության ապահովման հեռահաղորդակցային, ջրաբաշխման-ջրօգտագործման եւ էներգետիկ համակարգ-առանցքներ». սա էլ ծրագրում ներառել է «Ազգային-ժողովրդավարական բեւեռը»։ Տնտեսական աճն ու զարգացումը տնտեսական անվտանգության ընդլայնման հետ զուգորդելը կարեւոր են համարում «5165 ազգային պահպանողական շարժումը» եւ 6 գերակա ճյուղեր առանձնացնում եւ այդ թվում՝ ռազմարդյունաբերությունն ու էներգետիկան։ Ատոմային էներգետիկային զարկ տալու կողմնակից է նաեւ այս ուժը։ Տնտեսական բոլոր ոլորտների զարգացման գերակայությունների մշակման անհրաժեշտություն է տեսնում «Բարգավաճ Հայաստանը»՝ հիմքում կարեւորելով նոր, թվային տեխնոլոգիաները։ Զարգացումն էլ տեսնում է ոչ թե սպառողական, այլ՝ ներդրումային տնտեսության մեջ։ Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր: Ըստ այդ ուժի, նորովի պետք է զարգանա էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան: Ուստի, անհրաժեշտ է ՌԴ գործընկերների հետ սկսել նոր բանակցություններ՝ առավել ժամանակակից ատոմակայանի կառուցման եւ շահագործման համար:
Ի դեպ, մեր՝ վերոնշյալ 4 կետերի առանձնացումն, իհարկե, չի նշանակում, թե չենք կարեւորում տնտեսական զարգացման մյուս ոլորտներն ու դրույթները։ Օրինակ, հարկաբյուջետային կայունության ապահովումը, ներդրումային միջավայրի բարելավումը, մրցունակ ճյուղերի արդիականացումն ու առաջանցիկ զարգացումը, տնտեսական արդյունքի արդյունավետ եւ արդարացի բաշխումը տնտեսական քաղաքականության խնդիրներն են «Պատիվ ունեմ»-ի համար։ Եվ այդ խնդիրները լուծելու համար քաղաքական այս ուժը հաշվի է առնելու Հայաստանի առանձնահատկություններն ու այն գործոնները, որոնք երկարաժամկետ կտրվածքով սահմանափակում են Հայաստանի մրցակցային առավելությունները, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությունը, դեպի ծով ելքի բացակայությունը, շրջափակումն ու լոգիստիկ դժվարությունները, ռազմական եւ սոցիալական ծախսերի մեծությունը, տեղական շուկայի սահմանափակ լինելը, մարդկային կապիտալի ցածր զարգացածությունը։
Քաղաքական մեկ այլ ուժ զարգացման համար խոսում է հանրային ներուժն արդյունավետորեն բացահայտող, զարգացնող ու օգտագործող, դիմադրողականության բարձր մակարդակ ունեցող սոցիալ֊տնտեսական միջավայր ձեւավորելուց («Լուսավոր Հայաստան»)՝ իբրեւ առաջին քայլ առաջարկելով ՀՀ բոլոր ռեսուրսների ամբողջական վերագնահատումն ու գույքագրումը։ Նաեւ՝ Հայաստանում հատուկ տնտեսական գոտիների (ազատ տնտեսական գոտիներ, արդյունաբերական գոտիներ) գործունեության նոր հայեցակարգի մշակումը, համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորումը։ Հավելյալ՝ տնտեսությունում կառավարման եւ որակի ապահովման միջազգային ստանդարտների ներդրումն ու կիրառումը։ «Քաղաքացու որոշումն» էլ ասում է, թե արդեն իսկ մեր երկրում գոյություն ունեցող ճյուղերում նպաստելու ենք արժեշղթաների զարգացմանը՝ Հայաստանը հումքային կցորդից վերածելով վերամշակող արտադրության, ապա նաեւ վերջնական արտադրանքի երկրի:
Այս համատեքստում չենք կարող չխոսել կարեւոր մի հանգամանքից՝ իրատեսությունից։ Քաղաքական ուժեր կան, որ երբեմն իրենց ծրագրերում միանգամից «կտրում» են՝ նվազեցնելու ենք էլէներգիայի սակագները։ Ուզում ենք հարցնել՝ գիտե՞ն արդյոք մեր էներգահամակարգի կառուցվածքի մասին, գիտե՞ն՝ ո՛ր կայանն ինչպես ու ինչով է աշխատում եւ, ասենք, վառելիքը որ երկրից է մատակարարվում։ Քավ լիցի, չենք ասում, թե հնարավոր չէ էլէներգիայի սակագները վերանայել։ Բայց դրա համար նախապատրաստական եւ, այո, բանակցային, նաեւ՝ ներքին ռեսուրսների գործածման (այդ թվում եւ՝ ֆինանսական) փուլերը պետք է անցնել։ Եվ հիմնականում էլէներգիայի սակագները ձեռքի մի հարվածով նվազեցնելու խոստում են տալիս ուժեր, որոնք նշյալ ոչ մի փուլ անել չեն կարող… Կամ՝ կան ուժեր, որոնք տնտեսության զարգացման իրենց քայլն են նշում… էլեկտրոնային հարթակների ստեղծումը։ Այսինքն՝ ուրիշ ոչ մի ծրագիր, ոչ մի ռազմավարություն ու գործողություն, էլեկտրոնային հարթակը ստեղծում են, ու վերջ՝ տնտեսությունը զարգանում է։
Շարունակել չենք ուզում, բայց իբրեւ ամփոփում շեշտենք. մեր երկիրը հիմա այն վիճակում է, որ մեզ պետք են հստակ՝ իրագործելի ու հաշվարկված ծրագրեր։ Իսկ ժամավաճառության շռայլությունը մենք մեզ թույլ տալ չենք կարող։