Պետության կարեւորագույն գործառույթներից է երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունն ու բնակչության անվտանգության ապահովումը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ազգային անվտանգությունը, անվտանգային միջավայրի ապահովումն ու բանակի հզորացումն առավել կարեւորվեցին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներկայացնում է այս ուղղություններով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումները։
Հայաստանին եւ հայությանը սպառնացող անվտանգության մարտահրավերները չեն սահմանափակվում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներով։ Այդպես է համարում «Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ նշելով, որ այդ մարտահրավերները կարող են առաջանալ ցանկացած կետում, որտեղ հայությունն ունի կենսական շահեր, հետեւաբար, ազգային անվտանգության մարմինները պետք է ընդունակ լինեն իրենց գործունեությունը տեղափոխել եւ արդյունավետ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ նման անհրաժեշտություն ծագի։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ռազմավարությունն է՝ վարելով ոչ ագրեսիվ քաղաքականություն՝ դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը, այսինքն՝ հակառակորդների համար տեսանելի պահել այն գիտակցումը, որ ագրեսիայի դեպքում մեր գործողությունների պատճառած վնասը տեսանելիորեն գերազանցելու է պատերազմում նույնիսկ հաղթական արդյունքի դեպքում ստացած օգուտներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես հրատապ է համարում Հայոց ազգային բանակի վերականգնման եւ վերազինման համալիր ծրագրի կյանքի կոչումը: Մշակված պետական ծրագրով ՀՀ ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով եւ զինամթերքով: Հնարավորինս կարճ ժամկետում էլ ձեւավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած: Որպես ՀՀ անվտանգության երաշխավոր՝ կուսակցությունը տեսնում է Ռուսաստանին եւ վերջինիս ներկայությունը մեր երկրում առավելագույն մակարդակի հասցնելու մեջ:
«5165» կուսակցությունը մեր պետության առաջնային եւ կենսական գերխնդիրն է համարում Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, իսկ անվտանգության թիվ մեկ երաշխավորը կարող են լինել ՀՀ զինված ուժերը։ Միաժամանակ կարեւորվում են արտաքին դիվանագիտական հարաբերություններն ու քաղաքականությունը, որը հիմնված պետք է լինի աշխարհաքաղաքական գործընթացների խորքային եւ համակողմանի վերլուծության ու համաձայնեցված ազգային ռազմավարության վրա, ինչպես նաեւ զինված ուժերի արդիականացման, գիտության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի եւ մի շարք այլ ոլորտների ներուժն օգտագործելու ճանապարհով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայոց բանակի արդիականացումը պայմանավորում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակին անցմամբ։ Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով: Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն էլ թողնվելու է պաշտպանության բանակի վրա, թեեւ օժանդակություն է ցուցաբերվելու ՊԲ-ի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
«Արդար Հայաստան» կուսակցության տեսլականում զինված ուժերում բարեփոխումների փիլիսոփայությունը պետք է խարսխվի ժամանակի պահանջներին համահունչ մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման վրա: Միեւնույն ժամանակ բանակը պետք է ստանձնի նաեւ կրթական առաքելություն։ Ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա տեղեկատվական անվտանգությունը՝ հաշվի առնելով հիբրիդային պատերազմների ռազմավարության շրջանակներում տեղեկատվական համակարգերի վրա իրականացվող հարձակումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը:
«Հայ ազգային կոնգրեսն» իշխանության գալու դեպքում իր առաջնային գործն է համարելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ արցախյան հակամարտության աստիճանական կարգավորումը, ինչպես նաեւ բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։
«Պատիվ ունեմ» դաշինքն անվտանգության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համարում զինված ուժերի կարողությունների անընդհատ ավելացումը, այդ թվում` սպառազինությունների ու տեխնիկայի շարունակական եւ հետեւողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների եւ ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով։ Մյուս կարեւոր բաղադրիչը հասարակություն-բանակ երկխոսության խորացումն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անվտանգային միջավայր ձեւավորելու համար որպես անփոխարինելի ռեսուրս է դիտարկում քանակապես եւ որակապես ավելացող այն հանրությունը, որը կունենա արտաքին եւ ներքին մարտահրավերների նկատմամբ անհրաժեշտ եւ բավարար դիմադրողականություն, հոգեւոր-մշակութային, տնտեսական, սոցիալ-քաղաքական եւ պետաիրավական կայուն զարգացման համար անընդհատ աճող ներուժ: Կուսակցությունը դիտարկում է անվտանգային միջավայրի կառուցման եռաստիճան հայեցակարգը, որի նպատակն է մարդու, հասարակության եւ պետության անվտանգության պատշաճ եւ անհրաժեշտ երաշխավորումն ու ապահովումը:
«Հայաստան» դաշինքն ընդունելու եւ գործադրելու է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, ռազմարդյունաբերական համակարգի զարգացման եւ «ազգ-բանակ» նոր հայեցակարգեր։ Ազգային արժեքների պաշտպանության հիմնախնդիրը ներառվելու է ազգային անվտանգության ռազմավարության մեջ որպես առանցքային բաղադրիչ։ Նպատակն է՝ մերժել պարտվածի հոգեբանությունը եւ կերտել արժանապատիվ խաղաղություն։ Անվտանգ ու կայուն պետության կայացմանն ուղղված քայլերից է լինելու առաջնահերթ կարգով գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունների վերականգնումը։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն առաջարկում է անցում կատարել ժամանակակից մոբիլ հարձակողական բանակի մոդելի, ինչպես նաեւ ստեղծել մարտունակ աշխարհազոր «մեկ համայնք, մեկ դիրք» սկզբունքով, որը ռազմական գործողությունների ժամանակ ունակ կլինի կազմակերպել պաշտպանությունը եւ մարտ վարել տեղանքին համապատասխան:
«Ազգային-ժողովրդական բեւեռ» համահայկական կուսակցությունն առաջարկում է արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը։ Հաշվի առնելով, որ երկիրը չունի ռազմավարական, իսկ որոշ հատվածներում՝ նույնիսկ օպերատիվ խորություն, շփման գծի հետ միասին պետական սահմանի պահպանությունը եւս կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ։
Արցախի հիմնախնդիրը նախընտրական ծրագրերում
Քաղաքական ուժերի մի մասը Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է Մինսկի խմբի ձեւաչափում, իսկ որպես լուծում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Շուշիի եւ Հադրութի շրջաններից դուրս բերելը, Արցախի կարգավիճակի հստակեցումը, ընդհուպ մինչեւ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի կենսագործումը։ Ափսոսանքով պետք է նշենք, որ քաղաքական ուժերը հիմնականում խոսում են միայն ԼՂԻՄ տարածքի վերականգնման մասին։