Բնապահպանությունն ու տնտեսությունը միմյանց զոդված ոլորտներ են։ Եթե տնտեսության դրական տեղաշարժը բնապահպանության հետ ձեռք ձեռքի չեղավ, վերջնահաշվարկում կորուստներն ենք հաշվելու։ Եթե տնտեսական շահը հակադրվեց բնությանը, ի վերջո, շահող կողմ չի լինելու, այդ թվում եւ՝ տվյալ պահին տնտեսական օգուտ քաղածը։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գիտակցո՞ւմ են բնապահպանության դերը երկրի ու տնտեսության զարգացման գործում։ Դատելով նախընտրական ծրագրերից՝ մեղմ ասած՝ ոչ բավարար չափով։ Որոշ ուժեր բնապահպանության ոլորտն իրենց անելիքներում նույնիսկ չեն էլ ներառել։ Որոշ ուժեր «էկո» բառին առնչվող մի երկու բառ էլ կցել են ու անցել առաջ։ Ուժեր էլ կան, որ եւ՛ խոստում են տվել, եւ՛ անելիքն ու ուղղությունը նշել։
Գիտականորեն հիմնավորված եւ հավասարակշռված բնապահպանական ու տնտեսական քաղաքականությունը կարեւորում է «Ազգային օրակարգը»։ Այդ քաղաքականությունը կապահովի միաժամանակ կենսագործունեության համար բարենպաստ բնական միջավայր եւ տնտեսավարողների իրավունքների խելամիտ պաշտպանություն, բնական ռեսուրսների իրական արժեքի եւ պետության ու շահառու համայնքների շահերի համարժեք գնահատման միջոցով: «5165»-ն էլ ասում է, թե բնությունը պետք է համարվի առանցքային արժեք։ Եվ որ բնական պաշարները եւ հարստությունները կարող են օգտագործվել տնտեսական զարգացման համար, սակայն դա պետք է լինի խելամիտ եւ առանց անընդունելի հետեւանքների։ Այս ուղղությամբ շեշտադրել է հասարակության իրազեկվածության բարձրացումը, անտառի վերականգնումը, ընդերքի շահագործման արդյունավետ համակարգի ներդրումը եւն։
Մետաղական նոր հանքերի շահագործմանը դեմ է «Քաղաքացու որոշումը», իսկ հանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում է հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ» տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին: Իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաեւ այդ նպատակին։ Քաղաքական այս ուժը գործելու է հետեւյալ ուղղություններով՝ բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունները, փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները, վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսավարողների հետ համագործակցելով՝ առնվազն 65 տոկոսով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ ներդնելու, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանումը շարունակելու, կանաչ տնտեսության ներդրման, բնական ռեսուրսների, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն ընդունելու, բնապահպանական հարկի դրույքաչափերը վերանայելու, շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման եւ վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր ներդնելու ծրագրերով է հանդես գալիս։ Արտաքին գործընկերների հետ պայմանավորված ձեւաչափով, արտաքին պարտքի մարմանն ուղղված միջոցներով Հայաստանում բնապահպանական եւ կայուն զարգացման ծրագրեր ֆինանսավորելուց է խոսում «Հայաստան» դաշինքը։ Խոստանում է՝ 1. հանքարդյունաբերությունը համապատասխանեցնել շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշներին։ 2. Ապահովելով սերունդների առջեւ պատասխանատու բնապահպանություն ստեղծված նոր իրողությունների պայմաններում գործադրվելու է ջրային պաշարների կառավարման նոր ռազմավարական ծրագիր։ Վերականգնվող ռեսուրսների օգտագործման ծավալներն ու եղանակները չեն գերազանցելու դրանց վերականգնման կարողությանն ու շրջակա միջավայրի աղտոտման ընդունելի մակարդակը, չսպառվող բնական ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույն ծավալներով՝ պահպանելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության սկզբունքը։ 3. Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը՝ բացառելու են ստորերկրյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը։ 4. Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները։
Բնապահպանությունն ավանդաբար եղել է ամենաարհամարհված ուղղությունը։ Տասնամյակներ շարունակ անխնա օգտագործվել են երկրի բնական ռեսուրսները՝ շատ հաճախ առանց կանոնների պահպանման եւ վտանգավոր հետեւանքների վերացման։ Պետությունը, մասնավորն ու քաղաքացին հիմնականում սպառել են բնությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքի համար բնապահպանության ոլորտում պետության նպատակը բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման միջոցով շրջակա միջավայրն անաղարտ պահելն ու հաջորդ սերունդներին փոխանցելն է։ Այս դաշինքի համոզմամբ՝ խիստ առաջնահերթություն է Սեւանի հիմնահարցի լուծումը: Քայլերից այս ուժը նշում է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելը, լճի էկոհամակարգի վերականգնումը։ Բնապահպանական բնույթի այլ խնդիրների լուծում էլ է տրվել՝ օրինակ, որ հանքարդյունաբերողին թափոնների դիմաց վճարելու պարտավորությունից ազատելու արտոնությունը վերացվի:
Երեւանից դուրս՝ հատկապես դեպի հարավ, մատչելի, ներառական եւ «կանաչ» համայնքներ զարգացնելու ցանկություն ունի «Ինքնիշխան Հայաստանը»։ «Կանաչ երկիր» փիլիսոփայությունն արմատավորելուց էլ խոսում է «Արդար Հայաստանը»: «Լուսավոր Հայաստանը» անհրաժեշտ է համարում բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունները, կարեւորում է էկոկրթությունը։ Խոստանում է անել ամեն ինչ՝ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները եւ հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը եւ նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
Իբրեւ ամփոփում մեկ դիտարկում անենք՝ որոշ ուժերի համար տնտեսական ծրագրերը «թշնամի» են բնությանը, նրանք ոչ մի կերպ տնտեսության եւ բնապահպանության համադրման եզրեր չեն գտնում՝ դրանով իսկ ցույց տալով, որ ոչ բնապահպանության խորքն են ընկալում, ոչ տնտեսությունն են պատկերացնում։