Արտաքին քաղաքականությունը պետության ինքնիշխանության առաջին ցուցիչներից է։ Վերջին շրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում եւ, մասնավորապես, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում կարեւոր են դառնում Հայաստանի արտաքին քաղաքական գծի վերաիմաստավորումն ու առավել ճկուն դիվանագիտության իրականացումը։ Ստորեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներկայացնում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում։
Թեպետ Հայաստանի ազգային դիվանագիտական համակարգը ձեւավորված եւ ավանդույթներ ունեցող ինստիտուտ է, սակայն ՔՊ-ն անհրաժեշտ է համարում արդի միտումներին ու զարգացումներին համահունչ բարեփոխումներ իրականացնել արտաքին քաղաքականության ձեւակերպման, կառավարման ու իրականացման գործընթացներում: Այս առումով առաջիկա 5 տարիներին շեշտը դնելու են հատկապես տնտեսական, թվային եւ իրավական դիվանագիտության զարգացման վրա։
Քաղաքական ուժերը հիմնականում ընդգծում եւ կարեւորում են Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հետ ունեցած կապերը պահպանելու եւ խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների կայուն եւ դինամիկ զարգացումը վճռորոշ է բնորոշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ անհրաժեշտ համարելով ՌԴ-ի հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը:
Տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ խաղաղության նպատակին հասնելու տեսանկյունից «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարեւորում է հավասարակշռության ստեղծումը, ինչը նշանակում է, որ պատրաստվում են ակտիվորեն բանակցել տարածաշրջանով հետաքրքրված բոլոր պետությունների հետ, իսկ համադրելի շահերի շրջանակներում փորձելու են վերականգնել Հայաստանի շուրջ հավասարակշռությունը: Արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիր է միջազգային ատյաններում իրավական եւ քաղաքական գործընթացներով հասնել այն փաստի արձանագրմանը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը՝ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը։
«Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է դիրքավորվի որպես արժեքավոր եւ կենսունակ գործընկեր՝ փոխադարձության հիման վրա, այլ ոչ միայն Ռուսաստանի անվտանգային երաշխիքների սպառող»,- այսպիսին է «5156» կուսակցության ընկալումը։ «Արդար Հայաստան» կուսակցության տեսլականում «Հայաստանը պետք է դառնա Արեւմուտքի Արեւելքը եւ Արեւելքի Արեւմուտքը, ինչպես նաեւ միջազգային տարբեր ուղիներ միմյանց կապող տարածաշրջանային կենտրոն՝ օգտվելով միաժամանակ ԵԱՏՄ անդամ, ինչպես նաեւ «Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ստորագրած պետություն լինելու իրողությունից»:
Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգը կարեւորվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների համար։ Մինչդեռ «Ազգային-ժողովրդական բեւեռ» համահայկական կուսակցությունը «ներկայիս միաբեւեռ եւ միայն Ռուսաստանի հետ կապված» արտաքին քաղաքականության փոխարեն առաջարկում է վարել բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու առաջնահերթությունը։ Հայ ազգային կոնգրեսի մոտեցմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը պետք է դառնա համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրումը։ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպական միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման բնագավառում։
Հայաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրություններից եւ շահերից ելնելով՝ քաղաքական ուժերը կարեւորում են նաեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵՄ-ի, Վրաստանի, ասիական, արաբական աշխարհի մի շարք երկրների հետ։ «Հայաստան» դաշինքի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման կենտրոն, որը կկապի Սեւ ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաեւ վերականգնվող Մետաքսի ճանապարհը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման օրակարգը նույնպես խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, ինչպես եւ արցախյան հիմնախնդրի արդարացի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծումը։ Օրինակ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը կարծում է, որ Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի եւ դրա հետեւանքների հետ: Արդյունքում Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից եւ վերադարձնի 2020 թ. պատերազմի ընթացքում օկուպացրած տարածքները:
Ինչպիսի հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ
Ըստ «Արդար Հայաստան» կուսակցության՝ տարածաշրջանում տեղի ունեցող ու զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները հարկադրում են մշակել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխադարձ հարաբերությունների ձեւավորման որակապես նոր ռազմավարություն՝ հաշվի առնելով այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների կամ դրանց բացակայության բնույթը։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի Արցախի հակամարտության վերջնական ու արժանապատիվ հանգուցալուծման եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման դեպքում: Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին է խոսում նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը», ինչը, ըստ կուսակցության, բխում է «տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից»:
«5156»-ի մոտեցմամբ՝ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է ձգտի կարգավորել այդ երկրների հետ միջազգային իրավունքի եւ համամարդկային արժեքների, ազատ ապրելու եւ արարելու իրավունքի պաշտպանության հիման վրա, որը պայմանավորված կլինի արցախյան հիմնախնդրում Թուրքիայի անկողմնակալությամբ, Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականության դադարեցմամբ եւ այլն։
«Լուսավոր Հայաստանն» ընդգծում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի հանրապետությունների, հայ ժողովրդի եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական եւ անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնման անհրաժեշտության եւ դրանք հետեւողականորեն՝ մինչեւ տրամաբանական ավարտի հասցնելը:
«Պատիվ ունեմ» դաշինքի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար լավատեսության հիմքեր չեն տալիս անկախությունից ի վեր՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ուղղակի աջակցությունը, այդ թվում՝ ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան, ինչը հերթական անգամ ցույց տվեց, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության եւ կայուն զարգացման համար: Եվ չնայած դրան, դաշինքն առաջարկում է մշակել եւ իրականացնել Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների եւ պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջեւ երկխոսության հաստատմանը: