Ընդհանրապես ներդրումային քաղաքականության արդյունավետության ապացույցը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պատկերն է։ Տնտեսությունն աշխատեցնելու համար ներդրումներ են պետք, բայց պատերազմի հետեւանքով մեր երկրի՝ տարածաշրջանում գործուն դիրքի կորուստը, երկրում անվտանգության եւ կայունության առումով անբարենպաստ վիճակը բարդացնում են ներդրումների ներգրավումը։ Հավելյալ՝ ներդրումների պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրները՝ պայմանավորված ինչպես գործող իրավական ակտերի անկատարությամբ, այնպես էլ դրանց ոչ պատշաճ իրականացմամբ, նույնպես բացասաբար են անդրադառնում նեդրումներ բերելուն։ Մեկ այլ կարեւոր հարց էլ կա, որ ճիշտ չէ անտեսելը. ներդրումների պարագայում չափազանց կարեւոր է հասկանալ այդ ներդրումների «ծագումը», ո՞վ է իրականում ներդրողը, ո՞ր երկրից եւ ո՞ր ոլորտներում է ցանկանալու գումար դնել եւ այլն։ Տնտեսական անվտանգության պահպանումը մեր գերխնդիրներից է։ Ինչեւէ, «ՀՀ»-ն փորձել է հասկանալ, թե քաղաքական որ ուժը ներդրումների մասով ինչ քայլեր է նախատեսում։
Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով «Քաղաքացու որոշումը» նախատեսում է ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր կազմել եւ բանակցել գործընկեր պետությունների ու մասնավոր ընկերությունների հետ՝ առավելագույնս ապահովելով միջավայրի կանխատեսելիությունը, պետական կարգապահությունը, որակյալ արդարադատությունը: Ներքին ներդրումների համար, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հավանական ծավալները, անհրաժեշտ է համարում խթանել բաց բաժնետիրական ընկերությունների ոլորտի զարգացումը եւ պարզեցնել բիզնեսի հիմնադրման ու վարման գործընթացները: ԱԺԲ-ն առաջարկում է ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ, եւ հիմնել «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» եւ դրա կանոնադրական կապիտալում ներգրավել Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց։ «5165»-ը տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրներից է համարում ներդրումային միջավայրի ապահովումը, ներդրումների ներգրավումն ու ժամանակակից ձեռնարկությունների հիմնումը։ Կառավարությունը պետք է նպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վերջիններս դիտարկելով որպես գիտելիքի ներկրման եւ տարածման, միջազգային լավագույն փորձի ներդրման ուղի:
«Հայաստան» դաշինքը խոստանում է ընդունել ներդրումների խրախուսման եւ ներդրողների պաշտպանության ժամանակակից կառուցակարգեր։ Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի։ Օտարերկրյա ներդրումները խթանելու նպատակով առաջին հերթին կընդունվի նոր օրենք, որով էապես կուժեղացվեն օտարերկրյա ներդրումների երաշխիքներն ու պաշտպանության մեխանիզմները։ Կսահմանվեն եւ կհստակեցվեն ներդրումային ծրագրերի առաջմղման եւ աջակցության մեխանիզմները։ «Պատիվ ունեմ» դաշինքը խոսում է ծավալուն ներդրումներ ներգրավելու անհրաժեշտությունից, ինչի համար կարեւոր քայլեր են՝ սեփականության իրավունքի եւ բանկային գաղտնիքի պաշտպանությունը, բանկային համակարգում ճկուն գործիքների ներդրումը, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ ներդրումների համար մրցունակ պայմաններ առաջարկել, կապիտալի տեղաշարժի կանոնակարգումը՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները։ Անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, իրականացնել օժանդակության ծրագրեր։
Հայաստանի ներդրումային մթնոլորտը եւ կապիտալի շուկան ներդրողների համար վստահելի ու թափանցիկ դարձնելու նպատակով պետք է սկսել աշխատանքները բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են կադաստրի պետական կոմիտեն, կենտրոնական դեպոզիտարիան, պետական ռեգիստրը, դատարանները։ Սա էլ առաջարկում է ՀԱԿ-ը։ Քաղաքական այս ուժը ներդրումների խրախուսման նպատակով առաջարկում է նաեւ 1. 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը նույնպես ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսն ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ ՔՊ-ն էլ խոստանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը ապահովել նոր գիտելիքի, կառավարման հմտությունների եւ արտաքին գործարար կապերի միջոցով: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ ՀՆԱ-ի 6 տոկոս հարաբերակցություն: Այս նպատակով իրականացնելու է կառուցվածքային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, ֆինանսական ու կապիտալի շուկայի, աշխատաշուկայի, ներդրումային ու գործարար միջավայրի, մրցակցության պաշտպանության ուղղություններով՝ նպատակ ունենալով առավելագույնս խրախուսել ներքին եւ օտարերկրյա մասնավոր ներդրումները։
Ներդրումային միջավայրի բարելավման համար «Ազգային օրակարգն» առաջարկում է բացառել բարեխիղճ ներդրողների վրա պետական մարմինների ճնշումները, պաշտպանել ներդրողներին հասարակական տարբեր կառույցների անհարկի ճնշումներից եւ շահարկումներից: Նաեւ՝ խթանել ներդրումները ֆիզիկական անձանց կողմից: Հայությունը կարող է եւ պետք է դառնա համահայկական նշանակության նախագծերի բաժնետերը: Արտերկրում պետք է իրականացնել ներդրումների ներգրավմանն ուղղված լայնածավալ առաջմղման ծրագրեր: ԲՀԿ-ն խոստանում է հրատապ մշակել եւ իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ պետք է աճի՝ հասնելով առնվազն 40 տոկոսի: Պետությունը համեմատաբար խոշոր ներդրումային ծրագրերի աջակցման նպատակով այս գործընթացներում կարող է 25-30 տոկոսով մասնակցություն ունենալ՝ ապահովելով առաջիկա 3-5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների կայուն իրացումը:
«Լուսավոր Հայաստանն» էլ ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականության շրջանակներում, նպատակ ունենալով զգալիորեն բարձրացնել օտարերկրյա ներդրումների ծավալը, անհրաժեշտ է համարում քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության եւ երաշխիքների տրամադրման ուղղությամբ։ Նաեւ՝ թիրախավորված ներդրումային քաղաքականության շրջանակներում, առանձին ոլորտներում (օրինակ` թեթեւ արդյունաբերություն, կոշիկի արտադրություն) ներառական տնտեսական աճին նպաստող բիզնես ծրագրերը խթանող աջակցության տրամադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավման թիրախային ռազմավարությունների իրականացումը, մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրումը: