«ՀՀ»-ի զրուցակիցն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, փաստաբան, Ադրբեջանի գործողությունների հետեւանքով զոհվածների իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
-Չնայած տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, վերջինս այդ ուղղությամբ շահագրգռվածություն չի ցուցաբերում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Առաջին հերթին՝ ռեժիմով ու իրավաքաղաքական մշակույթով: Մենք գործ ունենք ավտորիտար հակումներ ունեցող պետության հետ, որի իշխանությունների համար մարդու իրավունքները կամ մարդասիրական նկատառումները երբեք արժեքներ չեն եղել: Մշակութային գործոնն է այստեղ կարեւոր: Երկրորդ՝ պատմականորեն գործ ունենք ադրբեջանցիների հայատյաց քաղաքականության հետ: Ընդ որում՝ այդ քաղաքականությունը վերեւից ներքեւ թելադրված է եւ պետականորեն հովանավորվում է: Ուստի հայատյացության գոյության պարագայում դժվար է ակնկալել, որ Ադրբեջանի իշխանությունները կամ ժողովուրդն ավելի հումանիտար վերաբերմունք կցուցաբերեն հայերի նկատմամբ: Երրորդ՝ կարծում եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց աջակցող երկրների հետ միասին կարողացել են կոնսոլիդացնել որոշակի քաղաքական ռեսուրս, որին ձգտում են բավարարել՝ թույլ չտալու համար, որ ենթարկվեն միջազգային իրավակարգին ու միջազգային գործընկերների կոչերին:
-Որքանո՞վ են միջազգային կազմակերպությունների հնարավորությունները մեծ՝ Ադրբեջանին ստիպելու կատարել միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները:
-Միջազգային կառույցները գնահատում են գլոբալ փոփոխությունները եւ համալրում են նաեւ իրենց պայմանական զենքերը, ունեն լծակներ, եւ մենք դրանց գործադրումը տեսնում ենք բազում այլ միջադեպերում: Ադրբեջանից ավելի ազդեցիկ երկրների հետ փոխհարաբերություններում կարողացել են ստիպել նրանց՝ գործելու միջազգային հանրության շահերին համապատասխան: Դուք տեղյակ եք, որ լուրջ միջոցներ են գործադրվել Իրանի ու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ կապված Միջին Ասիայում ու Արեւելքում զարգացումների հետ:
-Իսկ որքանո՞վ է միջազգային հանրությունը հետաքրքրված՝ իր կոշտ գործիքակազմը օգտագործելու հայ-ադրբեջանական հարաբերություններում:
-Դա այլ խնդիր է: Նրանք փոխկապակցված շահեր ունեն նաեւ Ադրբեջանի իշխանությունների հետ եւ հասկանալի պատճառով կարող են լռելյայն աջակցել այդ երկրին: Իհարկե, համոզված չենք, որ մեր ցավը կիսող կամ համամարդկային արժեքների կողքին կանգնող գործընկեր պետություններ չկան, պարզապես այս պահին նրանք էլ են զգուշավոր աշխատում եւ իրենց հնարավորությունների սահմաններում բոլոր միջոցները չեն գործադրում: Այստեղ ունենք մոտեցում, որ ճիշտ աշխատանքի արդյունքում կարող ենք ակտիվացնել գործընկեր պետություններին կամ միջազգային կառույցներին, եւ նրանք սկսեն գործադրել իրենց կոշտ գործիքակազմը: Կոշտ գործիքակազմ ասելով՝ նախեւառաջ նկատի ունեմ սանկցիաները: Պետք չէ միայն կոչ անել՝ վերադարձնելու ռազմագերիներին: Կոչին պետք է հաջորդի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, նրանց հետ փոխկապակցված անձանց առնչությամբ սանկցիաների կիրառումը, ընդ որում՝ առանձին սանկցիաներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, որոնք կարող են վերաբերվել ռազմական ոլորտում համագործակցության դադարեցմանը միտված տնտեսական սահմանափակումներին եւ այլն: Հնարավորությունները լայն են, բայց թե որքանով դրանք կգործադրվեն, պայմանավորված են քաղաքական իրողություններով եւ Հայաստանի տեղակայմամբ: Այլ կերպ ասած՝ կկարեւորվի, թե ինչպես կաշխատենք կառույցների հետ, ինչպես կգտնենք համընկնող շահեր եւ ինչպես կօգտագործենք միջազգային կառույցների ռեսուրսը՝ այս խնդիրը լուծելու համար:
-Արդյոք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միակ հնարավորությունը գերիների հարցը միջազգային կառույցներում բարձրացնե՞լն է:
-Կախված է այն բանից, թե որ կառույցներում ենք բարձրացնում, դրան զուգընթաց ինչ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր մտահոգությունները կիսեն այլ երկրներ: Խնդիրը օրակարգ բերելը մի երեւույթ է, բայց այդ օրակարգի շուրջ գործընկերների համախմբում ապահովելը՝ այլ աշխատանք: Ես կարծում եմ՝ հիմնական բացթողումն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կոնսոլիդացնել գործընկեր պետությունների եւ համախմբված գործել: Չեմ կարծում, որ մեծ բարդությունների պետք է բախվեին, որովհետեւ խնդիրը քաղաքական չէ, այն բացառապես մարդասիրական է: Սա կարեւոր ուղղություն է, որը չի կարելի անտեսել:
Նույնիսկ եթե կան այլ ուղղություններ, միեւնույն է: Միջազգային կառույցներում գործելու մասին բարձրաձայնելը կենսական նշանակություն ունի: Հայաստանը չունի այնքան քաղաքական ներուժ, որ ինքնուրույն ազդի Ադրբեջանի վրա: Այդ ազդեցությունը պետք է միջնորդավորված լինի կամ միջազգային կառույցներով, կամ ազդեցիկ պետություններով: Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանություններն իրենց տիրույթում գտնվող քայլերը նպատակային են կատարել: Քննչական մարմինները շատ պրոակտիվ չեն եղել, որպեսզի լիարժեք քննեն եւ բացահայտեն Ադրբեջանի հանցագործությունները հայերի դեմ, չեն համագործակցել այլ երկրների ու միջազգային կառույցների հետ, որպեսզի շրջանառեն ձերբակալման օրդերներ եւ հետապնդման գործընթաց սկսեն այն ադրբեջանցիների նկատմամբ, որոնք գործել են հայ զոհերի դեմ, ներգրավված են եղել խոշտանգումների, գերիների սպանությունների, քաղաքացիական բնակչության ոչնչացման գործընթացներում: Չեն համագործակցել, որ արդեն ունենայինք հարուցված գործեր, հետապնդումներ օտարերկրյա պետությունների իրավապահ համակարգերում: Օրինակ՝ Իրաքում մարդու իրավունքների խախտումների հարցերով եվրոպական մի շարք երկրներ նախաձեռնել են քրեական հետապնդումներ, կարողացել են ձերբակալել մարդկանց, բերել ու սեփական երկրում կանգնեցնել արդարադատության առջեւ: Այս գործընթացները պետք է ընթանան նաեւ հայ տուժողների առնչությամբ: Կուզենայի տեսնել, որ Հայաստանի ԱԱԾ-ն մրցակից է Իսրայելի անվտանգության ուժերին, որոնք կարողացան Այխմնին մի գիշերվա ընթացքում, Արգենտինայի սուվերենությունը խախտելով, տանել Իսրայել եւ կանգնեցնել արդարադատության առջեւ: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, ակնկալիք ունեմ, որ ԱԱԾ-ն, գործելով իր կոչմանն ու առաքելությանը համապատասխան, մի օր Հայաստան է բերելու ադրբեջանցի այն զինծառայողներին, որոնք գլխատել են Հայաստանի քաղաքացիների: Բայց հիմնական օրակարգից շեղված են նաեւ ուժային կառույցները, եւ մենք չենք կարողանում այս օրակարգային խնդիրները լուծել: Երբ չենք իրականացնում ու նաեւ ակնկալում ենք օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների իրավապահ մարմինների աջակցությունը, դժվար ստանանք այն: Որովհետեւ անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չպետք է զբաղվի, այլ պետք է օգտագործի այլ երկրների ռեսուրսները՝ մեր խնդիրները լուծելու համար: Մենք կարող ենք լրացնող գործողություններ ակնկալել, բայց դրա համար պետք է Հայաստանը գործի, ինչ-որ մի կետում բախվի դժվարությունների, եւ լրացվող սկզբունքով ներգրավվեն մյուս երկրների իրավապահ եւ այլ կառույցները: Ռազմագերիների խոշտանգման վերաբերյալ մեր հայտարարությունը գործելու լիարժեք հնարավորություն է տվել նշված կառույցներին: Ես չեմ ուզում թեման քաղաքականացնել, չնայած որ քաղաքականացված է: Միայն կնշեմ արտաքին հարաբերությունների մի օրինակ. 2020 թ. Եվրամիությունն ընդունեց մարդու իրավունքների խախտումների ռեժիմի վերաբերյալ փաստաթուղթ: Այս տարի սանկցիաներ կիրառվեցին ՌԴ մի շարք կարեւոր պաշտոնատար անձանց նկատմամբ: Մարդու իրավունքի խախտումներն այդ փաստաթղթում թվարկված են՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, խոշտանգումներ, բռնի անհետացումներ, կամայական ազատությունից զրկելու դեպքեր, արտադատական սպանություններ: Եվրամիությունը Նավալնիի գործով սանկցիաներ է կիրառել Ռուսաստանի 4 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, եւ նրանց մուտքը ԵՄ արգելված է: Արգելանք է դրվել նրանց գույքի վրա: Իսկ մենք ունենք 200-ին մոտ պատերազմական հանցագործություններ, կամայական արտադատական սպանություններ, գերիների զանգվածային խոշտանգումներ, բռնի անհետացածներ ու ապօրինի ազատազրկվածներ: Այն հաստատված ռազմագերիները, ովքեր չեն հայրենադարձվում, կամայական անազատության մեջ են: Բոլոր դրսեւորումները մենք ունենք, ընդ որում՝ խոսքը ոչ թե մեկ հոգու, այլ հարյուրավոր անձանց ճակատագրերին է վերաբերվում: Այս պահին չկա սանկցիաների ռեժիմ՝ կիրառված Ադրբեջանի որեւէ պաշտոնյայի նկատմամբ: Առկա է լեգիտիմ պահանջ, որ ԵՄ-ն պետք է անխտրական ձեւով այս մոտեցումները կիրառի: Կարծում եմ՝ մի քանի տասնյակ ադրբեջանցի պաշտոնյաներ, ռազմական ու քաղաքական գործիչներ պետք է հայտնվեն այս սանկցիաների ռեժիմում: Միակ ճանապարհը, որով կարող են եվրոպական արժեքները փրկվել, եվրոպացիների հետեւողական գործելակերպն է: Եվ մենք, իրոք, սպասում ենք դրան:
-Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն ուղիները, որ կարող են հանգեցնել գերիների վերադարձին:
-Բացառապես տեսնում եմ իրավական եւ քաղաքական ճանապարհը: Իրավական ճանապարհով աշխատանքներ կան: Վստահ ենք, որ, անկախ ժամանակից, այդ արդարադատությունը նվաճելու ենք: Բայց դա պետք է զուգակցվի ավելի անմիջական ու ներգործող քաղաքական լուծումներով: Առաջին՝ պետք է աշխատել կառույցների եւ պետությունների հետ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվեն եւ Ադրբեջանի, եւ նրա պաշտոնատար անձանց նկատմամբ: Երկրորդ՝ անհրաժեշտ է սկսել իրավական գործընթացներ, որպեսզի որոշ ադրբեջանցի պաշտոնատար անձինք կանգնեն դատարանի առջեւ ու պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործություններ պլանավորելու եւ իրագործելու համար:
Հարցազրույցը՝ Լիաննա Ավագյանի