Արդեն մեկ ամսից ավելի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) կանգնած Հայկական ատոմակայանում ՊՆՎ-2021-ի աշխատանքները բնականոն ընթացքում են։ Այսօրվա դրությամբ ի՞նչ իրավիճակ է այնտեղ, հիմա ի՞նչ գործեր են արվում, գրաֆիկին համապատասխա՞ն ենք առաջ շարժվում եւ նաեւ՝ հատկապես ի՞նչ աշխատանք է հիմա տանում ատոմակայանում գտնվող «Կոնցեռն տիտան» ընկերությունը։
Մեր հարցադրումներին ի պատասխան ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը տեղեկացրեց, որ, ըստ սահմանված ժամանակացույցի, ՀԱԷԿ-ում 3 հերթափոխով են ընթանում ՊՆՎ-2021-ի աշխատանքները, եւ դրանք գրաֆիկին համապատասխան են: Ու մեր մասնագետների հետ համատեղ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են «Կոնցեռն տիտան-2» ընկերության 100-ից ավելի ներկայացուցիչներ: «Այս ընկերության մասնագետների կողմից իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային տեղակայանքի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ բարձր ճնշման 2 ագրեգատի փոխարինումը ցածր ճնշման ագրեգատներով: Միաժամանակ ընթանում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ՝ նոր խողովակաշարի մոնտաժում, էլեկտրական մալուխների փոխարինում եւ այլն»,- ասաց Մ. Վարդանյանը:
ՀԱԷԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ «Կոնցեռն տիտան-2» ընկերությունը «Տիտան-2» ռուսական շինարարական հոլդինգի մաս է կազմում, որը ատոմային եւ ջերմային էներգետիկայի ոլորտի օբյեկտների կառուցման հարուստ ու բազմամյա փորձ ունի: Այն «Ռոսատոմ» պետկորպորացիայի ռազմավարական գործընկերն է եւ գործունեություն է ծավալում ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող ԱԷԿ-ներում: ««Ռոսատոմի» պայմանագրերով էլի մի քանի ընկերություններ մեզ մոտ են հիմա»,-հավելեց «ՀՀ»-ի զրուցակիցը։
Ի դեպ, քանի որ Մովսես Վարդանյանն այս պահին գործուղման է Սլովակիայում, հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ի՞նչ ուղղությամբ է այցը։ Պարզվեց՝ Սլովակիայում ռադիոկատիվ թափոնների կառավարման հաջողված փորձ կա, եւ մեր երկու երկրները միջուկային էներգետիկայի բնագավառում պատրաստակամ են համագործակցել այս մասով։
Ասենք, որ ընդհանրապես այս՝ ՊՆՎ-2021-ի աշխատանքներին մասնակցելու են Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Աշխատանքներին, իհարկե, մասնակցում են նաեւ ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները։ Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի մասնագետները: