Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել

Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը

Հունիսի 24, 2021
Հանրապետություն
Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսպանական հեղինակավոր «El Pais» պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաեւ աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ:

-Խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը հայտարարեց, որ չի ընդունում դրանց արդյունքները: Ինչ եք կարծում, լո՞ւրջ լարվածություն կլինի:

-Այդ հարցն ամբողջ քարոզարշավի ընթացքում ինձ շատ է հուզել: Լեզուն, որն օգտագործել են քաղաքական գործիչները, կոպիտ, անհանդուրժող, իմպուլսիվ էր, եւ դա անընդունելի է: Ես անհանգստանում էի, որովհետեւ կարծում էի, թե կարող ենք հնարավոր առճակատումների բախվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կխուսափենք դրանցից:

-Կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերսկսվել: Դուք դա հավանական համարո՞ւմ եք, թե՞ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն:

-Դա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարեւոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ կլինեն առնվազն հինգ տարի:

-Եվ ինչ եք կարծում՝ Ռուսաստանը լա՞վ գործ է անում:

-Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմերի միջեւ, միգուցե հետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես եւ Ձեր երկիրը՝ Իսպանիան, ՆԱՏՕ-ի անդամ է եւ որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:

-Ինչ եք կարծում՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները պե՞տք է ամրապնդել:

-Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց: Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակներում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ հատուկ հարաբերությունների եւ հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, եւ դա բավականին խորը կապ է:

Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն: Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում եւ կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա: Մի երկիր ենք, որը պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդների է կորցրել: Հայ-ադրբեջանական սահմաններում լարվածություն կա: Առկա են շատ հուզական խնդիրներ, քանի որ չնայած Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին, Ադրբեջանը հրաժարվում է դա անել: Բաքուն նրանց օգտագործում է սակարկությունների նպատակով: Դա սխալ է: Դուք չեք կարող օգտագործել մարդկային կյանքն առեւտրի համար:

-Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

-Կարծում եմ, որ մենք պետք է շատ խորը հարաբերություններ ունենանք Եվրամիության եւ արեւմտյան այլ երկրների հետ: Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ: Եթե դուք ազգ եք, որը ցեղասպանության պատմություն է ունեցել հարեւանի՝ Թուրքիայի կողմից, ապա պետք է շատ զգույշ լինեք: Ձեզ բարեկամ է պետք: Երկար տարիներ Ռուսաստանը այդ բարեկամն է, եւ մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խորը եւ ամուր հարաբերություններ եւ կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ եւ խորը հարաբերություններ ունի նաեւ ԵՄ-ի հետ:

-Նշեցիք, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է որպես բարեկամ: Շարունակո՞ւմ եք լինել նույնքան լավ բարեկամ, որքան նախկինում:

-Ովքեր կարող են դա գնահատել: Նախագահները՝ նախագահների հետ քննարկումներո՞ւմ: Մարդիկ՝ մարդկանց հե՞տ… Բարեկամության, նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մասին պետք է հոգ տանել: Յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ժամանակ, ջանք եւ քրտնաջան աշխատանք՝ այն կենդանի, արդյունավետ եւ օգտակար պահելու համար:

-Ինչ եք կարծում, բավարա՞ր չափով եք հոգ տարել:

-Մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Կարող ենք եւ պետք է անենք ավելին նաեւ Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի սփյուռքում: Պետք է ավելի ակտիվ աշխատենք: Սա հենց այն է, ինչ խորհուրդ եմ տալու հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ եւ լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ:

-Դուք խոսում եք շատ խնդիրների ու բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի դա անել:

-Փոխելով սահմանադրությունը: Մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որեւէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել:

-Ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի:

-Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետեւ Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսեւորվում է նաեւ քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք եւ փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը:

Սակայն անգամ նախագահական համակարգի պարագայում պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ: Պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել սփյուռքի հետ:

-Ի՞նչ իմաստով:

-Մենք հայկական սփյուռք անվանում ենք այն հայերին, ովքեր բնակվում են արտերկրում: Այն մեր ազգային արժեքն է, եւ մենք նրանից չենք օգտվում: Պատնեշներ ենք կառուցել՝ թույլ չտալով սփյուռքի մեր հայրենակիցներին մուտք գործել մեր երկիր քաղաքական տեսանկյունից: Պատգամավոր դառնալու համար պետք է վերջին չորս տարին բնակվես Հայաստանում, պետք է ունենաս միայն Հայաստանի անձնագիր, ինչն անհեթեթ է: Նույնը նաեւ նախագահի պարագայում՝ պետք է վերջին վեց տարին բնակվես Հայաստանում եւ ունենաս միայն մեկ անձնագիր՝ հայկականը: Սակայն երբ քո ուժը մարդկային արժեքն է, քեզ պետք է մեկը, ով ունի կյանքի մեծ փորձառություն, ով ճանապարհորդել է, ապրել ու աշխատել ողջ աշխարհում: Ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ներգրավված քաղաքականության, բիզնեսի ոլորտներում: Նրանցից եւ ոչ ոք այսօր չի կարող իր քաղաքական ներդրումն ունենալ Հայաստանում: Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել: Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը: Պատկերացրեք, որ ներկայիս 3.5 մլն հայերի փոխարեն լինի 15 միլիոնը:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարության հասցեին հնչող ամենալուրջ մեղադրանքներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել: Դա այդպե՞ս է:

-Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես եւ վարչապետը տարբեր մարդիկ ենք, տարբեր սերունդներ, տարբեր փորձառություն: Անգամ թշնամուն՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլեւ արտաքին գործոնները եւ այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա: Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին եւ կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք երբեք չենք մոռանա, ինչպես ցեղասպանությունը: Շատ կարեւոր է, որ մյուս կողմը եւս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել: Մեր հարեւանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ոչ սահմանների ու ոչ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, եւ հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարեւոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, եւ դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության կազմակերպիչը: Բայց պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն:

Թեգեր: Արմեն ՍարգսյանԱրցախՀայաստանՀՀ նախագահՆԱՏՕպատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին

4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա

Ադրբեջանն օգտագործեց համաճարակը, որ հարձակվի Արցախի վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist