Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մաքսային նոր սակագներ է սահմանել ԱՄՆ փայլաթիթեղի մատակարարման վրա` «ագրեսիվ էժան ներմուծումների» կողմից ամերիկացի արտադրողներին հասցված վնասի պատճառով: Ամերիկյան «EurasiaNet»-ի հոդվածում նշվում է, որ «ալյումինե թուղթը» կազմում է ԱՄՆ հայկական արտահանման գրեթե կեսը:
Անցած ամիս ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը նախնական եզրակացություն է հրապարակել, որի համաձայն՝ հայկական ալյումինե փայլաթիթեղն ԱՄՆ-ում վաճառվում է «արդարից ցածր գնով», այլ կերպ ասած՝ «դեմպինգային» գնով: Վերջնական որոշումը կկայացվի աշնանը, իսկ մինչեւ այդ փայլաթիթեղի հայ արտահանողները պետք է ամերիկյան մաքսային մարմիններին կանխիկ գրավ վճարեն, որը համարժեք կլինի արտադրանքի արժեքի 188.84 տոկոսին:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ ալյումինե փայլաթիթեղն ԱՄՆ հայկական արտահանման գրեթե կեսն է կազմում: 2020 թ. Միացյալ Նահանգներ առաքված արտադրանքի համար ավելի քան 33 մլն դոլարի եկամուտ է ստացվել, իսկ փայլաթիթեղն արտադրվել է Երեւանի «Արմենալ» գործարանում, որը պատկանում է ռուսական «Ռուսալ» հսկային:
ԱՄՆ առեւտրի նախարարության որոշումը կայացվել է ի պատասխան ամերիկյան արդյունաբերական կազմակերպության բողոքի, որում հայտարարել են, որ ալյումինե փայլաթիթեղ արտադրողները Հայաստանից եւ չորս այլ երկրներից «վնաս են հասցրել ամերիկացի արտադրողներին … ագրեսիվ էժան ներկրմամբ»:
Անցյալ տարվա սեպտեմբերին ներկայացրած բողոքում Ալյումինի ասոցիացիան առեւտրի նախարարությանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից 2018 թ. Չինաստանի դեմ հակադեմպինգային միջոցների կիրառումից հետո Հայաստանը, Բրազիլիան, Օմանը, Ռուսաստանը եւ Թուրքիան արագ մուտք գործեցին ամերիկյան շուկա, եւ նրանց ալյումինն իրացվում է շուկայական «արդար գնից ցածր» սակագնով:
«2017- 2019 թթ. ժամանակահատվածում դիտարկվող հինգ երկրներից ներմուծումն աճել է 110 տոկոսով՝ կազմելով ավելի քան 210 միլիոն ֆունտ»,- այդ ժամանակ հայտարարել է Ալյումինի ասոցիացիան:
ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովում նշել են, որ վերոհիշյալ հինգ պետություններից ամենաբարձր տուրքը սպառնում է Հայաստանին՝ 188.84 տոկոս:
Վերջնական որոշում կայացնելուց հետո դրույքաչափը կարող է փոխվել. «Եթե վերջնական սակագինն այլ լինի, եթե որոշում կայացվի ընդհանրապես տուրքեր չկիրառել, ֆինանսական դեպոզիտները կվերադարձվեն կամ կփոխվեն՝ կախված հանգամանքներից»,- «Eurasianet»-ին հայտնել է ԱՄՆ-ի առեւտրի նախարարության ներկայացուցիչը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), որը վաշինգտոնյան հայտնի լոբբիստական կազմակերպություն է, հունիսի 10-ի մամուլի հաղորդագրության մեջ քննադատել է այդ «ոչ արդյունավետ առաջարկը»՝ փոխարենը առաջարկելով երկկողմ առեւտրի հարցում ավելի նուրբ մոտեցում կիրառել:
«Արմենալը» խոշոր հարկատու է, որը զգալի ներդրում ունի Հայաստանի բյուջեում` ուղղակիորեն ապահովելով աշխատանք Արաբկիրի տարածաշրջանի ավելի քան 700 հմուտ աշխատողների համար եւ անուղղակիորեն ապրուստի միջոցներ ապահովելով հազարավոր ընտանիքների ամբողջ Հայաստանում»,-ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
Դեռ 2018 թ. ապրիլին ԱՄՆ-ն մի քանի ամսով արգելել է հայկական փայլաթիթեղի ներմուծումը՝ այն ժամանակ «Ռուսալ» կորպորացիայի սեփականատեր Օլեգ Դերիպասկայի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Հենց նրան է պատկանում «Ռուսալ-Արմենալ» հայկական գործարանը։ Պատժամիջոցների պատճառով աշխատակիցների մի մասը հարկադիր արձակուրդ էր ուղարկվել, ու միայն Եվրամիությունում, որտեղ մրցակցությունը նույնպես չափազանց բարձր է, վաճառքների մեծացման շնորհիվ ընկերությունը կարողացավ պահպանել աշխատատեղերը:
Իսկ 2020 թ. սեպտեմբերին Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի եւ Օմանի փայլաթիթեղի հետ կապված նոր գործեր են բացվել, որոնք անսպասելի ընթացք են ունեցել: Հայաստանի համար դեմպինգային մարժան (այսինքն՝ գնի նվազեցումը) գնահատվել է 61,96, իսկ Թուրքիայի համար՝ 49,11 տոկոս։ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Հայաստանի համար գնահատականը բարձրացրել է ավելի քան երեք անգամ (188,84 տոկոս), իսկ ահա Թուրքիայի համար՝ իջեցրել է մինչեւ զրո։ Թուրքիայի նկատմամբ բողոքներն ամբողջությամբ հանվել են։ Այս տրամաբանության դեպքում կխափանվի հայկական արտադրանքի մատակարարումը ԱՄՆ:
Ռուսաստանի ու Բրազիլիայի համար առաջարկվում է սահմանել 62-63, Օմանի համար՝ 4 տոկոս մաքսատուրք: Առեւտրի նախարարությունը մաքսատուրքերի մասին վերջնական որոշում կկայացնի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Այս գործընթացն այժմ շատ ցավոտ է Հայաստանի համար, որի տնտեսության վրա էական ազդեցություն է ունեցել համավարակը: Ըստ կառավարության տվյալների՝ անցած տարի արտադրությունը կրճատվել է 7.4 տոկոսով: Հաշվի առնելով արեւելյան սահմանին շարունակվող քաղաքական ճգնաժամը եւ չկարգավորված հակամարտությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ տնտեսական վերականգնումը դանդաղ ու ցավագին կլինի: