Ազգերն ունենում են պատմական եւ քաղաքական հայրենիք: Թե որքանով են այդ երկուսը համընկնում, ցույց են տալիս տվյալ ազգի հզորությունը եւ որպես պետություն՝ կայացածությունը։ Եթե արեւմուտքի համար գոյություն ունի «ազգ-պետություն» համակարգը, որտեղ տիտղոսակիր ազգը ազդեցիկ մեծամասնություն է կազմում, ստեղծում է պետական միավոր եւ ապրում է մեկ պետության սահմաններում, ապա արեւելքում հիմնականում կայսրություններ են եղել, եւ պետությունը բազմազգ էր։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում թե կայսրությունները, թե ազգ-պետություններն ունեցել են գաղափարախոսություն՝ ազգային, պետական կամ ազգային-պետական, որոնք ձեւավորել են տվյալ ազգի արժեհամակարգը եւ ուղղորդել պետության առաջնորդներին։
Ունենալով հազարամյակների պատմություն՝ հայերն այսօր դեռ չեն ձեւակերպել գաղափարական եւ արժեբանական այն հենքը, որով պետք է կառավարվեն պետությունը եւ ազգը։ Առայսօր մենք ընդգծում ենք ղեկավարների բարոյական, այլ ոչ թե նրանց հմուտ ու մտավոր ունակություն ունենալու հատկությունները։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Մախմուրյանը նշեց, որ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանում՝ մենք ինքներս մեզ համար պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ։ Արդյոք այն հակված է լինել «ազգ-պետությո՞ւն», որը մեր ազգի տարածքն է, թե՞ ակնկալում ենք ունենալ այնպիսի պետական միավոր, որտեղ կլինեն նաեւ այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ (օրինակ՝ եթե Հայաստանի մեջ ներառվի թեկուզ սահմանի այն կողմում գտնվող Արեւելյան Հայաստանի մասը իր ներկայիս բնակչությամբ)։ Այսինքն՝ մենք խոսում ենք այս պահին ունեցած քաղաքական հայրենիքի եւ պատմական հայրենիքի այսօրվա իրողությունների մասին։
«Այսօր Արեւմտյան Հայաստանում հայերը նվազ փոքրամասնություն են կազմում։ Այնտեղ ապրում են բազմաթիվ քրդեր, որոնք իրենց պայքարն են տանում թուրքերի դեմ, բայց որեւէ մեկը չի ասում, որ այդ տարածքը Թուրքիա չէ քաղաքական առումով։ Քրդերի ապրելն այդ տարածքում դեռ չի նշանակում, որ այն քրդական տարածք է կամ պետություն, թեեւ քրդական բնակչությունը կապվածություն է զգում մեր պատմական հայրենիքի հետ։ Իսկ քրդերը արդեն երեք հարյուր տարի ապրում են այնտեղ»,- մեկնաբանեց պատմաբանը։
Ըստ Մախմուրյանի՝ մեզ համար ազգային հայրենիքն ամբողջ Հայկական լեռնաշխարհն է, եւ մենք չենք կարող եւ իրավունք չունենք ասելու, թե Վանը Հայաստան է, իսկ Խարբերդը կամ Կիլիկիան՝ ոչ։ Պատմական իրողությունների հետեւանքով այդ տարածքներում հայերը ենթարկվել են ցեղասպանության, յուրաքանչյուր վայրում եւ նահանգում ապրել են հայերը, որոնք 17-րդ դարի վերջում կազմել են բնակչության 90 տոկոսը։ «Սա մեր ողբերգությունն է, որ երեք հարյուր տարվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի վեց նահանգներում մենք դարձել ենք ընդամենը 39 տոկոս՝ սկսած 53.3 տոկոսից Վանի նահանգում մինչեւ 32.5 տոկոս Սվազում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բնաջնջման ենք ենթարկվել մեր իսկ հայրենիքում։ Սակայն այդ պատճառով ոչ ասել ենք, ոչ էլ ասելու ենք, թե դա մեր հայրենիքը չէ»,- շեշտեց զրուցակիցս։
Այս ամենին զուգահեռ կա նաեւ հայրենիքի քաղաքական հասկացությունը։ Այս համատեքստում ժամանակին հետաքրքիր մոտեցում են որդեգրել քեմալիստները։ Նրանք չէին ասում, թե 1921 թ. Թուրքիայի հսկողության տակ գտնվող ամբողջ մակերեսը թուրքերի պատմական հայրենիքն է։ Ոչ։ Քեմալականները խնդիրը ձեւակերպել են այլ կերպ. հասկանալով, որ 1920 թ. գրավել են Հայաստանին պատկանող շրջաններն ու մարզերը, ապա «հայրենիք» հասկացությունն ու դրա ամրագրման հնարավորությունը մոտ ապագայում խոցելի խնդիր է համարվել իշխող վերնախավի համար։ Հետեւաբար, հայերին պարտադրվող պայմանագրերում նրանք նշում էին, որ Թուրքիայի տարածք են համարվում բոլոր այն հողերը, որոնք վերահսկվում են թուրքական բանակի եւ քաղաքացիական վարչության կողմից։ Մախմուրյանի դիտարկմամբ, այդ մոտեցումը քաղաքական շատ հստակ սկզբունքներից մեկն է, երբ նշվում է, որ քաղաքական միավորը, այսինքն՝ պետությունն այն է, որն իրապես ղեկավարում ես եւ վերահսկում։ Նկատենք, որ Արցախի Հանրապետությունը նույնպես 2006 թ. Սահմանադրության մեջ արձանագրեց, որ ամրագրում է այն տարածքները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ, այնքանը, որքանը ազատագրել է։ Դա քաղաքական հայրենիքն էր, թեեւ պատմական առումով կարող ենք հիշեցնել, որ արեւելքում մեր հայրենիքը հասնում է մինչեւ Կուր գետը։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության համար առաջանում է շատ կարեւոր մի հարց. որո՞նք են այն սահմանները, որոնց անվտանգությունը կարող ենք ապահովել եւ վերահսկել։ Այսօրվա տեխնիկական, տեխնոլոգիական, նաեւ պաշտպանական հնարավորությունները նույնը չեն, ինչ 1920-ին էին։ «Կան բոլորովին նոր զենքերի տեսակներ։ Ժողովուրդը կարող է համեմատաբար փոքրաթիվ լինել, թեեւ սա ցանկալի չէ, բայց այսօրվա հնարավորություններով ի վիճակի կլինի ապահովել իր անվտանգությունը արտաքին հարձակումներից։ Այս խնդիրը պետք է լուրջ ուշադրության արժանանա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ հայության կողմից»,- ասաց նա։