Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով եւ ՀՀ սահմանին իրավիճակը կայուն գնահատել չի կարելի: Պարբերաբար արձանագրվում են սահմանախախտման եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, որոնք լիովին օրինաչափ են բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող հակամարտող կողմերի համար: Սակայն այստեղ հիմնահարցն Ադրբեջանի գործելաոճն է: Վերջինս մշտապես նենգափոխում է իրականությունը՝ հայկական կողմին մեղադրելով նախահարձակ լինելու եւ հրադադարը խախտելու մեջ:
Պաշտոնական Բաքվի այդ մարտավարությանը քաջածանոթ ենք հակամարտության 30 տարվա ընթացքում: Դրա վառ օրինակն էր սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիան, երբ Ադրբեջանը ցինիկաբար կեղծելով իրականությունը՝ հայտարարեց, որ հակահարձակման է անցել՝ ակնարկելով, թե առաջինը Հայաստանն է հարձակվել: Պատերազմի ընթացքում էլ երեք անգամ հրադադար հաստատելու պայմանավորվածությունը խախտելով՝ այդ երկիրը կրկին մեղադրեց հայկական կողմին: Սրանք ակնառու օրինակ են այն բացարձակ ճշմարտության, որ ադրբեջանական կողմի հետ բանավոր հավաստիացումների հիման վրա վստահելի եւ կայուն հարաբերություններ կառուցելն անհնար է:
Մի քանի օր առաջ էլ հերթական անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն էր տարածել՝ պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել կեղծ հայտարարությունը՝ տեղեկացնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Փաստ է, որ նման կեղծիքներն ապագայում էլ շարունակվելու են, ինչը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը: Վերոնշյալ կարեւորագույն խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է ներդնել հրադադարի վերահսկման հստակ մեխանիզմներ: Արցախի Հանրապետության շփման գծում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը միանշանակ կանխում է ադրբեջանական սադրանքները, սակայն այստեղ էլ արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր:
Այսօր քննարկվում են նաեւ Հայաստանի հետ սահմանին դիտորդական կամ խաղաղապահ ուժերի ներգրավման հնարավորությունները: Ակնհայտ է, որ ամբողջ սահմանի երկայնքով նման առաքելությամբ զինված ուժերի տեղակայումը զգալի մարդկային եւ նյութական ռեսուրսներ է պահանջում: Մյուս կողմից էլ՝ կա տարածաշրջանի երկրների շահերի բախման գործոնը: Բացի այդ, Արցախում ռուս խաղաղապահների ներկայության դեպքում էլ արձանագրվող հրադարի խախտման դեպքերը փաստում են, որ հնարավոր չէ կանխել բոլոր սադրանքները, մասնավորապես հրադադարի խախտման դեպքերը, հատկապես՝ գիշերային ժամերին:
Տարածաշրջանում կայուն վիճակը պահպանելու համար, բացի խաղաղապահների ներկայությունից, պետք է ներդրվեն նաեւ հրադադարի պահպանման վերահսկման այլ մեխանիզմներ: Մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում այն կարելի է իրականացնել ձայնային եւ ջերմային սենսորային համակարգերի տեղակայման միջոցով: Դա թույլ կտա արձանագրել հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի մեղավորին, ինչը միանշանակ կանխարգելիչ արդյունքներ կտա: Սա միակ միջոցն է ադրբեջանական կեղծիքներին հակազդելու համար, եւ պատահական չէ, որ այդ երկիրն է մշտապես դեմ եղել այս մեխանիզմի ներդրմանը: Այսօր դրա կիրառումն այլընտրանք չունի, քանի որ նոր բռնկված պատերազմը կընդգրկի ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլեւ դրանից դուրս գտնվող պետություններին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ