Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Վահե Միսակյանը առաջարկեց հաջորդ դատական նիստում սկսել ապացույցների հետազոտման փուլը: Նա հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլը բաղկացած է 5 նախաքննական հատորից: Պաշտպանության եւ մեղադրող կողմը ընդունեցին դատավորի առաջարկությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին ժամը 14:30-ին:
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը 2021 թվականի փետրվարի 18-ին մահացել է: