Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նախօրեին կայացած 43-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով, Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ «հաշվի առնելով ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»: Այլ կերպ ասած, Բաքուն առաջարկում է բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ գծանշման շուրջ։
Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսում է այն մասին, որ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորումը այլընտրանք չունեն», սակայն իրողությունները հակառակն են ապացուցում: Նախեւառաջ, Արցախում անցած տարի սանձազերծված լայնածավալ պատերազմը եւ դրա ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունները (ռազմագերիների, ինչպես նաեւ մարտական գործողությունների գոտում հայտնված քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումները, պատանդներ վերցնելն ու նրանց սպանությունները, արգելված զինատեսակների կիրառումը եւ այլն), այսինքն՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը եւ դրա հետեւանքով պարտադրված իրողությունները չեն կարող նպաստել բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորմանը, առավել եւս երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։
Բացահայտ ագրեսիայի մասին է վկայում նաեւ մայիսի 12-ից առայսօր ադրբեջանական զինուժի տեղակայումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածների երկայնքով: Ադրբեջանը շարունակ մատնանշում է նոյեմբերի 9-ից հետո հակամարտության իբր կարգավորման մասին, սակայն դրանից հետո էլ հայ զինվորներ են գերեվարվում, սպանվում, իսկ որոշ գերիների նկատմամբ ներկայումս ընթանում է կեղծ հիմքերով դատավարություն Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Վերոնշյալից զատ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս բարձրաձայնում է սահմանային վեճերի հետեւանքով գյուղական բնակչության իրավունքների եւ բնականոն կյանքի պահանջների խաթարման մասին։ Ցավալիորեն ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ՝ ներկայումս սահմանային հարցերը դիտարկվում են տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով՝ անուշադրության մատնելով գյուղացիների իրավունքների, նրանց անվտանգության հարցերը։
«1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետեւողականություն: Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը»,- գրում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները եւ մեկընդմիշտ հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել:
Այն, որ Ադրբեջանի պես ագրեսիվ եւ հայատյացությունը պետական քաղաքականության հիմքում դրած պետությունը պատրաստ չէ խաղաղ համագոյակցության անգամ «հաղթանակից» հետո, վկայում է նաեւ այն փաստը, որ այսօր հայ գյուղացին չի կարողանում հանգիստ իր հողը մշակել կամ անասնապահությամբ զբաղվել առանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու ինչպես Սյունիքի, Գեղարքունիքի եւ սահմանամերձ մյուս շրջաններում, այնպես էլ՝ Արցախում։ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, ռուս խաղաղապահները Արցախի Ասկերանի շրջանում ապահովում են խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը: «Ասկերանի շրջանում ապահովվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Շրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, որոնք սահմանազատման գոտում են»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեեւը: Ըստ աղբյուրի՝ Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաեւ խոտ հնձում:
Սա է այն իրողությունը, որի մասին «մոռանում» են հիշատակել Ադրբեջանի պաշտոնյաները միջազգային տարբեր հարթակներում ելույթներ ունենալիս։ Հետեւությունն այն է, որ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել արցախցիների ինքնորոշման իրավունքը, անիմաստ է խոսել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության մասին, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում բռնի կերպով ընդգրկելու ցանկացած փորձ եւ տարբերակ պետք է դատապարտվի մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը հարգող յուրաքանչյուր պետության կողմից։