Եթե ուզում ենք լրացնել Թուրքիայում հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկատվական մեծ բացը եւ ավելի հասկանալի դարձնել Հայաստանի ասելիքը Թուրքիայի համար,եթե ուզում ենք հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայում, ինչպես նաեւ հայրենիքի մասին նորությունները հասցնել Թուրքիայում ապրող հայության այն ստվար հատվածին, որը հայերեն չի խոսում, ապա լրատվական դաշտում պիտի նաեւ «թուրքերեն խոսենք»: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ տեղեկացնելով, որ «Արմենպրես»-ի լրատվական արտադրանքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին նաեւ թուրքերենով, որը կդառնա լրատվական գործակալության 6-րդ լեզուն: «Արմենպրես»-ի տնօրենի խոսքով՝գործակալությունը զարգացման նոր փուլ է թեւակոխում, եւ ժամանակն է, որ Հայաստանի ամենահին լրատվամիջոցը իրեն փորձարկի նաեւ ամենաերիտասարդ ձեւաչափերում:
«Թուրքերեն եւ իտալերեն լրատվական արտադրանք մենք փորձնական տարբերակով արդեն ունեցել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ի լրումն մեր 5 լեզուների (հայերենի, ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ արաբերենի), բայց այս տարվանից թուրքերենը արդեն հիմնավորապես կդառնա մեր լրատվության լեզուներից մեկը: Առաջիկա օրերին պատրաստ կլինի գործակալության թուրքերեն կայքը: Ուզում եմ շեշտել, որ գործակալությունը չի սահմանափակվելու բացառապես տեքստային ինֆորմացիայով, այլ հարստացնելու ենք բովանդակությունը նաեւ այլ ձեւաչափերով», – ասաց «Արմենպրես»-ի տնօրենը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է ոչ միայն թուրքերենին, այլեւ մյուս բոլոր լեզուներին:
Մասնավորապես, արդեն գործարկված են «Արմենպրես»-ի պոդքասթները, որոնք պարբերաբար թողարկվում են եւ վերաբերում են հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
«Այդ ձեւաչափերը մենք շատացնելու ենք եւ բազմալեզու դարձնենք: Նախապատրաստական փուլում է նաեւ սեփական վիդեո-արտադրանքի ստեղծումը եւ հարստացումը: Այսինքն՝ գործակալությունը զարգացման նոր փուլ է թեւակոխում: Կարծում ենք՝ ժամանակն է, որ մեր ամենահին, ամենաերեց լրատվամիջոցը իրեն ամենաերիտասարդ ձեւաչափերում նույնպես փորձարկի», – ասում է Արամ Անանյանը:
Ինչ վերաբերում է թուրքերենը որպես լրատվության նոր լեզու ընտրելու հարցին՝ գործակալության տնօրենը շեշտում է. «Մենք կարծում ենք, որ Թուրքիայում Հայաստանից եկող տեղեկատվական բովանդակության շատ մեծ բաց կա եւ Հայաստանի մասին պատկերացումների խզում կա: Որեւէ շահարկում այս հարց վերաբերյալ, կարծում եմ, տեղին չէ, քանի որ թուրքերեն տարբերակը աշխատելու է ոչ թե հայկական լրատվական շուկայի, այլ թուրքալեզու լրատվական շուկայի համար, որը Հայաստանի մասին ունի ձեւախեղված պատկերացումներ: Եվ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի ասելիքը Թուրքիայի համար ավելի հասկանալի լինի, պիտի փորձենք նաեւ այդ մեթոդաբանությունը: Եթե մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաեւ Թուրքիայում անշրջելի դառնա, պիտի նաեւ «թուրքերեն խոսենք»: Եթե գիտենք, որ ունենք հոծ հայ բնակչություն Թուրքիայում, որը հայերեն չի խոսում, ապա պիտի իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները նաեւ թուրքերենով ներկայացնենք»:
«Արմենպրես»-ի թուրքերեն լրատվության ու հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր է նշանակվել պոլսահայ հայտնի լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը, որը նաեւ կվարի «Արմենպրես»-ի թուրքերեն պոդքասթները՝ «Րաֆֆի Հերմոն Արաքսի զրույցի խոսքեր» ձայնային ծրագիրը:
Թուրքերեն բաժնի շրջանակներում գործելու է թուրքագետներից եւ լրագրողներից բաղկացած 5 հոգանոց թիմ՝ Րաֆֆի Հերմոն Արաքսի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ գործակալության թուրքերեն լրատվությունը ներկայացվելու է երեք տարբեր ձեւաչափերով՝ տեքստային ինֆորմացիա, ձայնային հաղորդումներ կամ այլ կերպ ասած՝ պոդքասթներ, ինչպես նաեւ՝ տեսագրվող եւ յութուբյան հարթակում հրապարակվող հարցազրույցներ:
«Մեր լսարանը լինելու է Թուրքիան՝ անկախ ազգությունից կամ կրոնից: Եվ ենթադրելով, որ Թուրքիայում շատ մարդիկ կան, որոնք Հայաստանի եւ հայերի մասին լուրջ լրատվության կարոտ ունեն, «Արմենպրես»-ի՝ արդեն գոյություն ունեցող լրատվության ավազանի միջից ընտրելու ենք Թուրքիայի ժողովրդին հետաքրքրող լուրերը, թարգմանենք դրանք թուրքերեն եւ հրապարակենք կայքում: Որովհետեւ 44 օրվա պատերազմի ընթացքում անձամբ ես զանգեր էի ստանում Թուրքիայից՝ թուրքերի, նորմալ լրագրողների կողմից, որ ասում էին՝ «մենք այստեղ չենք հավատում մերոնց, ի՞նչ է կատարվում, դուք, խնդրեմ, ասեք՝ ինչը ինչոց է», – բացատրեց մեր զրուցակիցը:
Րաֆֆի Հերմոն Արաքսը նաեւ պատմեց առաջին պոդքասթ հաղորդումից հետո ստացած արձագանքների մասին:
«Հուլիսի 1-ին պոդքասթի առաջին հաղորդումը լույս տեսավ, եւ իսկապես շատ հետաքրքիր արձագանքներ ունեցանք: Լացողներ եղան, հրճվողներ եղան, եւ այս հրճվողների մեջ՝ ե՛ւ հայեր, ե՛ւ ոչ հայեր: Զանգահարողներից մեկն ասում է՝ «ոնց որ Գերմանիայում հրեան գերմաներենով, գերմանական ոճով եւ գերմանական հումորով, բայց պրոֆեսիոնալ ռադիոհաղորդում աներ»: Եվ ասում էին, որ անհամբեր սպասելու են հաջորդ հաղորդմանը: Մի խոսքով՝ շատ հետաքրքրական էր», – պատմեց Րաֆֆի Հերմոն Արաքսը:
Տեղեկացնենք, որ թուրքերեն առաջին պոդքասթի հետ միասին հուլիսի 1-ին գործարկվել է նաեւ «Արմենպրես»-ի Տելեգրամի թուրքերեն ալիքը եւ Թվիթերի թուրքերեն էջը:Իսկ մի քանի օրից պատրաստ կլինի գործակալության թուրքերեն կայքը: