«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցեր կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Այս քննարկումը եղել է հուլիսի 7-ին։
«ՀՀ»-ն փորձեց այս սուղ հաղորդագրությունից մանրամասներ ճշտել, մասնավորապես՝ ի՞նչ է քննարկվել, ի՞նչ վիճակում է շինարարությունը, ինչո՞ւ է գործընթացը դանդաղել, եթե չասենք, մի տեսակ «սառած» վիճակում է, տարածաշրջանային գործընթացնե՞րն են պատճառը, ի վերջո, ծրագիրը ե՞րբ ավարտին կհասցվի՝ հաշվի առնելով այն, որ սա շատ կարեւոր է մեզ համար նաեւ էլէներգիայի արտահանման տեսանկյունից։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ հուլիսի 7-ին սովորական աշխատանքային քննարկում է եղել՝ ինչպես ամեն երկու շաբաթը մեկ, այնուհետեւ չհամաձայնեց մեր այն տեսակետին, որ գործընթացը դանդաղել է կամ «սառած» վիճակում է։ «Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված։ Սա մի ծրագիր է, որում ներառված էլեկտրահաղորդման գծի երկարությունը 276 կմ է, հենարանների քանակը՝ 720, 1 ենթակայան կա նաեւ։ Մինչեւ 2017 թ. բետոնացված է եղել 40 հենարան, մի խոսքով՝ արվել է ծրագրի 1-2 տոկոսը, 2017 թ. աշնանից սկսած մինչ այս պահը իրականացվել է ծրագրի 70 տոկոսը»,- ասաց Հ. Վարդանյանը։
Այնուամենայնիվ, միաժամանակ հավելեց, թե, այո, նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործը առաջ գնում է, այնպես չէ, որ կանգնած է»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ «ենթակայանի շինարարությունը շարունակվում է: Ընդհանրապես, ծրագիրը շատ բարդ տեղանքով է անցնում՝ Սյունիքի լեռներով, ամեն հենարան դնելուց մի քանի կիլոմետր մոտեցման ճանապարհ է կառուցվում, ժամանակի առումով չնախատեսված խոչընդոտներ են։ Քննարկումներն ընթանում են, բարձրաձայնվում են խնդիրները, սովորական գործընթաց է»։
Հայկական եւ իրանական կողմերն ունե՞ն նախնական գնահատական՝ ծրագիրը ե՞րբ կավարտվի։ Մեր հարցին ի պատասխան՝ ՏԿԵ նախարարի տեղակալը համառոտեց. «Գնահատականներ, իհարկե, կան, չեմ կարող ասել, բայց պաշտոնական՝ մինչեւ այս տարվա վերջ»։
Որպեսզի հասկանանք, թե «Իրան-Հայաստան 400ն կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի («Նորավան» 400/220/20կՎ) շինարարություն» վարկային ծրագիրն ինչու է կարեւոր թե՛ հայկական եւ թե՛ իրանական կողմերի համար, մի քանի փաստեր ներկայացնենք։
Ըստ ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովման համար իրականացվում է հետեւյալ ծրագիրը. Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107.9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը: Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200 ՄՎտ՝ բարձրացնելով նաեւ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Ռազմավարական նույն ծրագրում նշվում է նաեւ, որ կառավարության նպատակն է մինչեւ 2030 թ. ունենալ 12 մլրդ կՎտժ արտադրանք, որից շուրջ 5.0 մլրդ կՎտժ-ը կարտահանվի։ Վրաստանի էներգետիկ ոլորտում խաղացողների փոփոխությունը («ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին) մեր ուշադրությունը պահում է հենց իրանական կողմի ուղղությամբ։
Ըստ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կայքում տեղադրված տեղեկության՝ վարկային ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունները երկուսն են՝ Իրանի արտահանման եւ Զարգացման բանկ (77 տոկոս) եւ «Սանիր ՖԶԵ» (23 տոկոս)։ Կապալառուն Իրանի էներգետիկ եւ ջրային սարքավորումների եւ ծառայությունների արտահանման «Սանիր» ընկերությունն է։ Վարկի մարման ժամանակահատվածը 2020-2024 թթ. է։ Իբրեւ ծրագրի նպատակներից տրված է սա. բարձրացնել ՀՀ եւ ԻԻՀ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու կայունությունը, ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում: ԲԷՑ-ի տեղեկության համաձայն, սակայն, էլեկտրահաղորդման գծի երկարությունը մոտ 268 կմ է, հենարանների քանակը՝ շուրջ 706 (այս կարգի ծրագրերում այս կարգի փոփոխությունները, իհարկե, բնական են), իսկ աշխատանքների ավարտը՝ 2019 թ.։