Երեւանի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին կվերաբնակեցնեն։ Այսպես երեկ, չզեկուցվող հարցերի շարքում, որոշվեց կառավարության նիստում։
Եթե ավելի հստակ, ապա կվերաբնակեցվեն Երեւանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք հ. 10 (հանրակացարանի մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք հ. 10 (սպորտային մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք հ. 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ) ունեցող հանրակացարանային 3 շենքերի բնակիչները։
Եվ կվերաբնակեցվեն Երեւանում պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երեւանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազար դրամի չափով գումարի հաշվին:
Բանն այն է, որ Երեւանում ընդհանրապես քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացություններ են տրվել Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (հանրակացարան), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (սպորտային մասնաշենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/1, Վարդաշեն 6-րդ փողոց հ. 68ա, Վարդաշեն փողոց հ. 66/1 հանրակացարանային եւ Ե. Կողբացու հ. 41, Շիրակի հ. 60, Արզումանյան հ.10, Արզումանյան հ. 12 (2 մուտք), Արզումանյան հ. 17/3 (3-րդ մուտք) եւ Ֆուչիկի հ. 23 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերին: Գործող օրենսդրության շրջանակներում, Երեւանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի եւ սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը, սակայն մայրաքաղաքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Նշված հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան։ Եվ ներկայումս միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քմ մակերեսով բնակելի ֆոնդ:
Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, կառավարության այս որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի առաջացնի: