Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրած եւ կապիտուլյացիայի ենթարկված «առանցքային» հիմնական 3 երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան, տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան։ Ոչ միայն պարզապես ոտքի ելան, այլեւ կարողացան միջազգային լուրջ դերակատարներ դառնալ։ Իտալիան վերածնունդ ապրեց, մասնատված Գերմանիան՝ նույնպես։ Ճապոնական օրինակն աննախադեպ էր. պատերազմից ու կապիտուլյացիայից զատ ատոմային աղետի էլ ենթարկվեց։ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, երկու տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրել է այս երեք օրինակները, փորձը, առաջ գնալու մեխանիզմներն ու կառուցակարգերը։
-Ինչքանո՞վ են համադրելի այս օրինակները մեր երկրի հետ։ Խնդրեմ՝ հակիրճ սկսենք այս կետից։
-Նախ՝ երբ ինձ հարցնում են օրինակների համադրելիության մասին, առաջինը հենց Ճապոնիայի օրինակն եմ նշում. մեծ ու փոքր մոտ 3000 կղզիների վրա գոյություն ունեցող Ծագող արեւի երկիրը 20-րդ դարի կեսերին ենթարկվեց անպատմելի ճնշման ու ատոմային աղետի: Ջրերով շրջափակված եւ մնացյալ աշխարհի հետ ցամաքային հեռահաղորդակցությունից զուրկ, աղքատիկ բնական պաշարներով յուրաքանչյուր պետության համար դա կարող էր դառնալ պետական միավորի ոչնչացման եւ վերացման հիմնավոր ու արդարացնող փաստարկ։ Սակայն Ճապոնիան ոչ միայն դուրս եկավ անելանելի թվացող վիճակից, այլեւ ընդամենը մի քանի տասնամյակ անց դարձավ աշխարհի առաջատար ու զարգացած երկրներից մեկը։
-Պարոն Գալստյան, հենց այս գործոններից ելնելով՝ Ճապոնիայի օրինակը մեզ ավելի է հետաքրքրում։ «Ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են. 4 հիմնական տեսակետներ են առանձնացվում՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) եւ սինթետիկ։ Այնուամենայնիվ, սկսվեց ռոմանտիկականից՝ կոնֆուցիոսական էթիկայի եւ սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղումից, այլ կերպ՝ գաղափարական հենքից։ Եվ Դուք այս վերջինը՝ գաղափարականը, կարմիր թելի պես շեշտադրել եք ձեր 3 հետազոտությունում էլ։ Ի վերջո, ո՞րը եղավ «ճապոնական հրաշքի» պատճառը։
-Խնդիրը միայն տնտեսագիտության տիրույթում չէ։ Ճիշտ նկատեցիք՝ բարոյահոգեբանականը կա։ Հստակ մեթոդիկա վերցրեցի՝ պատերազմ, ծանր վերջաբան, կապիտուլյացիա, վերելք։ Շատ հեռուն չգնացի, խոր պատմական ժամանակահատվածներ չքրքրեցի, 80 տարի առաջվա դեպքեր են, երբ ֆաշիստական ու հակաֆաշիստական ճամբարներ էին ձեւավորվել։ Ֆաշիստական առանցքի երեք գլխավոր խաղացողներից երկուսը՝ Գերմանիան եւ Իտալիան, եվրոպական տիրույթում էին, մեկը՝ Ճապոնիան, ասիականի արեւելյան տիրույթում։ Իզուր չէ, որ հետազոտության շարքի Ճապոնիային վերաբերող հատվածի նախաբանում մեջբերել եմ հենց Նժդեհի խոսքերը. «Ճապոնիան ունի իր Բուսիդոն, մենք՝ մեր Վահագնը։ Նա արիապաշտ է, մենք՝ էինք։ Նա ցեղապաշտ է, մենք պիտի դառնանք»։ Ճապոնիան համատեղեց կոնֆուցիոսականությունն ու սամուրայի վարքագծի կանոնները։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում, հատկապես՝ օրենսդրական բարեփոխումների համատեքստում, կոնֆուցիոսականության էթիկայի սկզբունքները լրջորեն վերափոխվեցին, ինչի արդյունքում բարոյական եւ վարքագծային որոշակի կանոններ նորարարական զարգացումների համար դարձան լիովին կիրառելի եւ հետեւապես՝ օգտակար։ Երկրի վերելքի համար հիերարխիկ կարգը զիջվեց։ Պառլամենտական կարգը եկավ առաջ՝ վերահսկողական լծակներով։ Ընդհանրապես՝ վերելքի գործոնները բազմաթիվ էին։ Օրինակ՝ 1950-1970 թթ. Ճապոնիան ձեռք բերեց մոտ 15 հազար արտոնագիր եւ թույլատրագիր (հիմնականում՝ ամերիկյան)։ Այսինքն՝ բավական թանկարժեք ներդրումների եւ նոր գիտական մշակումների փոխարեն, ոլորտների զարգացման առումով, հիմնական սկզբունք դարձավ նոր տեխնոլոգիաների գնումն ու դրանց տեղայնացումը տնտեսության հիմնական ճյուղերում։ Այս սկզբունքի կիրառման լավագույն օրինակներից մեկը նեյլոնի արտադրության արտոնագրային իրավունքի ձեռքբերման գործարքն էր ամերիկյան քիմիական հսկա «DuPont» եւ ճապոնական «Toyo Rayon Co» (ներկայիս «Toray Industries») ընկերությունների միջեւ։ Ամերիկյան ընկերությունը նեյլոնի արտադրության տեխնոլոգիայի ստեղծման վրա ծախսել էր ավելի քան մեկ տասնամյակ եւ 25 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ճապոնական ընկերությունը 1950-ականների սկզբին նեյլոնի արտադրության արտոնագիրը գնեց 7.5 միլիոն դոլարով, ընդ որում՝ տարաժամկետ վճարման սկզբունքով (1951-1959 թթ.)։ Նշված տարիներին միայն նեյլոնի արտահանումից ստացված եկամուտը Ճապոնիայում կազմեց մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար։ Նմանօրինակ գործարքներն էլ հիմք դրեցին պատերազմից քայքայված, սակավ ռեսուրսներով երկրի տնտեսական վերելքին եւ արագացված տեխնոլոգիական հեղափոխությանը։ Վերելքի կարեւոր գործոններից էր նաեւ հարկերի նվազեցման քաղաքականությունը։ Տնտեսական քաղաքականության առաջնային գերակայություն դարձավ արտահանման խթանումը, ինչը կարեւոր դեր խաղաց Ճապոնիայի տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Մինչպատերազմյան Ճապոնիայի արտադրանքն արտաքին աշխարհում նույնացվում էր էժանության եւ ցածրորակության հետ, իսկ 1950-ականների վերջից սկսած՝ իրավիճակն ամբողջովին փոխվեց։
-Ձայբացուների լուծարումը վերելքի գործոններից չէ՞ր։
-Կարեւորագույն գործոններից էր, այո, ձայբացուների՝ ֆինանսական եւ արդյունաբերական կոնգլոմերատների լուծարումը։ Սրանք այն խոշոր մենաշնորհ խմբերն էին, որոնք ձեւավորվել էին 19-րդ դարի կեսերին եւ, ըստ էության, վերահսկում էին Ճապոնիայի տնտեսությունը:
-Հստակեցնենք, սակայն, որ սա մեզ հայտնի կուլակաթափությունն ու հարուստների հանդեպ ատելության սերմանումը չէր, ինչպեսեւ կուլակաթափություն չէր Գերմանիայի պարագայում՝ դրամավարկային կոշտ բարեփոխումը՝ ուղղված կայուն արժույթի ստեղծմանը։
-(Ծիծաղում է)։ Ձայբացուների լուծարումն ինքնանպատակ չէր։ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին հինգ հսկա՝ «Mitsui»-ն, «Mit subishi»-ն, «Yasuda»-ն, «Sumitomo»-ն եւ կայսերական ընտանիքը վերահսկում էին Ճապոնիայի ֆինանսական կապիտալի գրեթե 4/5-րդ մասը եւ երկրի ընդհանուր ազգային հարստության մոտավորապես կեսը։ Խորքային՝ իրապես բարեփոխման հետեւանքով լուծարվեցին 18 խոշոր ձայբացուներ, եւ տեղի ունեցավ արդյունաբերողների, ռեսուրսների մատակարարների, բանկերի միավորում առավել ճկուն եւ գործունակ խմբերում, որոնք կոչվեցին կեյրեցու։ Ըստ տնտեսագետ Յուտակա Կոսաիի՝ ձայբացուների լուծարումն այն լրջագույն լծակն էր, որը նպաստեց մրցակցային արդյունաբերության ստեղծմանը: Ընդ որում՝ ձեւավորված գործարար խմբերի նպատակը ոչ միայն շահույթ ստանալն էր, այլեւ իրենց դիրքի ու դերի ամրապնդումը, ինչպեսեւ ներքին ու արտաքին շուկաներում մրցակցային հնարավորությունների ընդլայնումը։ Գործոնները շատ են, բայց փաստենք՝ աղետալի պատերազմից ու ատոմային աղետից հետո երկիրը զրոյական կետից սկսեց կերտել իր ապագան. նախ՝ կարողացավ վերանայել եւ վերաիմաստավորել ոչ միայն իրավական ու տնտեսական հիմնարար սկզբունքները, այլեւ ճապոնացի ժողովրդի հոգեւոր-ավանդական, դարերով կերտված վարքագծային նորմերը։ Ճապոնացիների աշխատասիրությունն ու կարգապահությունը, կեղծ ու շիտակ հայրենասիրության տարբերակման ունակությունը եւ, ի վերջո, գերագույն գաղափարի եւ հստակ օրակարգի շուրջ ազգովի համախմբման ընդունակությունը հնարավորություն ընձեռեցին նրանց ոչ միայն ոտքի կանգնելու, այլեւ դառնալու 20-րդ դարի 2-րդ կեսի՝ աշխարհում գրանցված տնտեսական հաջողված պատմությունների հիմնական կերտողն ու մարդկության պատմության առաջընթացի լիիրավ խորհրդանիշը։
-Ասել կուզի՝ մենք Ճապոնիայի հանդեպ, աշխարհագրական դիրքից ելնելով, մի բան էլ առավելություն ունենք։ Ճիշտ աշխատել է պետք։
-Հստակ նշանակետին խփեցիք։ Այո, ճիշտ եք։ Բայց մեզ համոզում են, որ Հայաստանը գտնվում է ոչ թե խաչմերուկում, ասենք՝ Մետաքսի ճանապարհին, այլ՝ փակուղում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ 100 տարի հետո էլ խաղացողները չեն փոխվել՝ անգլո-սաքսոնական թեւ, Ռուսաստան, Եվրոպա… Կամ՝ պետք է որոշենք՝ որն է մեր իղձը ու գնանք այդ ուղղությամբ, կամ՝ պարզապես լինենք սեղանի սփռոց, սեղան էլ չէ, հենց սփռոց։
-Գաղափարական հենքի հիմամբ եւ՛ Ճապոնիան, եւ՛ Գերմանիան ու Իտալիան հստակ տնտեսական մեխանիզմներ կիրառեցին։ ԳՖՀ-ն, չնայած ամբողջ ոլորտներում ազատականացմանը, բոլոր ոլորտներում պահեց պետական խիստ եւ մասնակի վերահսկողության իրավունքը։ ԳԴՀ-ն, չնայած այլ ճանապարհով, բայց դարձյալ զարգացավ։ Երկուսն էլ օգտվեցին. ԳՖՀ-ին սնուցեց կապիտալիզմը, ԳԴՀ-ին՝ սոցիալիզմը։ Առանձին-առանձին զարգացան՝ չմոռանալով միավորման մասին։ Երբ քաղաքականորեն հարմար պահը եկավ, միավորումից հետո ոլորտներում կիրառելի դարձան լավագույն փորձերը, օրինակ՝ կրթականում՝ ԳԴՀ-ինը եւն։ Իսկ իտալական տնտեսությունում հսկայածավալ ներարկումներ եղան։
-Իտալականում նաեւ սոցիալական հստակ մեխանիզմներ գործարկվեցին։ Կոպիտ ասած՝ Հարավի անգործ ձեռքերը բերեց աշխատող Հյուսիս։ Ի դեպ, ցայսօր այդպես է. Հյուսիսն աշխատում է, Հարավն՝ ուտում։ Եվ այդ՝ սոցիալական մեխանիզմը հենց պետությունն աշխատեցրեց։ Այլ կերպ՝ աշխատուժը պահեց երկրի ներսում՝ տեղաշարժումներով։ Փողը պահեց երկրի ներսում։ Մեզ մոտ էլ պետք է սա անենք՝ «խոպանի» փոխարեն։
-Գանք Հայաստան։ Գաղափարական հենքով մենք տնտեսապես ոտքի կանգնելու ներուժ ունենք։ Անհատները, ազգային հատվածը գիտեն, ճանաչում են իրենց գաղափարական հենքը։ Պետությունն այն չի ամրագրել։
-Ազգային գաղափարական հենքը հենց պետությունը պիտի ամրագրի։ Որպեսզի մենք, ընդգծում եմ, հասկանանք, որ աշխարհի խաչմերուկում ենք, ոչ թե փակուղում եւ այդ խաչմերուկում հարկ է, որ լինենք ոչ թե «տամոժնիկ», այլ՝ գործուն սուբյեկտ։ Ամենակարեւորը՝ մենք, հենց ազգային, ոչ թե կրոնական կամ դավանանքային պատկանելության հիմքով, պետք է ֆիքսենք, որ 10 միլիոն ենք եւ աշխատեցնենք բոլորիս ու յուրաքանչյուրիս ներուժը։ Հայրենապաշտ շատ մարդկանց եմ ճանաչում, որ Հայոց ռազմի աստված Վահագնին են պաշտում կամ Հայոց աստվածուհիներին։ Եվ, օրինակ, նրանց հայրենակերտության գործից դուրս թողնելը ճիշտ չէ։ Մի խոսքով՝ չմանրամասնենք։ Կարեւորն այն է, որ Հայաստանը 10 մլն հայերի հայրենիքը լինի, ու գործուն հիմքի վրա դրվի այս «կանոնը»։
-Լավ, ենթադրենք, ազգային գաղափարական հենքը դրեցինք։ Դրա հենքով տնտեսական ի՞նչ քայլեր են պետք՝ արագ ոտքի կանգնելու համար։
-Ռազմարդյունաբերությունն անհրաժեշտություն է, բայց պետք է հասկանանք՝ ինչ ուղղությամբ։ Տեսեք՝ Թուրքիան ինքը ԱԹՍ-ներ չի արտադրում, հավաքում է, անունը դրել է արտադրություն։ Հիմա մենք փորձում ենք մեր ուղեղը տանել այն տեխնոլոգիայի ուղղությամբ, որն արդեն աշխարհում կա։ Մինչդեռ մեր ուղեղը կարող ենք օգտագործել, ինչու ոչ, նույն ճյուղում՝ մեկ այլ ուղղությամբ՝ ավելի կարեւոր։ Եվ ընդհանրապես՝ պետք է հասկանանք՝ արդյոք մեր սխալը տնտեսությա՞ն մեջ էր, թե՞ գաղափարախոսության։ Մենք պետք է մեր գործընկերներին, ռազմավարական գործընկերոջը ճիշտ ընտրենք, «կամ-կամ»-ով չգնանք, այլ՝ «եւ՛ – ե՛ւ»-ով։ Հետանկախական տարիներից մեր տնտեսությունն ազատական ճանապարհով է գնացել, եւ պետությունը մի կողմ է քաշվել իր կարեւորագույն գործառույթներից։ Մինչդեռ, առավելեւս հիմա, մեզ պետք է որոշակիորեն պլանային տնտեսություն՝ առաջարկի ֆունկցիայով։ Պետությունը պետք է բոլոր ոլորտներում պլանավորի, առաջարկի, վերահսկի, մի կողմ չքաշվի, ի վերջո, շուկան բարձիթողի չմատնի։ Բաց այս ամենն անի օրենքի սահմաններում։ Համակա՛րգը պետք է ստեղծի պետությունը։
-Մեր պարագայում պետությունը նաեւ պետք է հետեւի, որ տնտեսություն ներարկումներից մեր երկիրը չընկնի մի պետության ֆինանսական, ըստ այդմ՝ քաղաքական ազդեցության տակ, մանավանդ՝ թշնամի պետության։
-Ֆինանսական հոսքերի անվտանգության ապահովման համար, այո, պետք է ֆիլտրեր դնենք։ Բայց նախ պետք է օգտագործենք մեր դրսի ներուժը։ Պարզապես հայկական կապիտալի հոսք բերելու համար պետք է աշխատենք հայկական աշխարհի հետ։ Մենք հաջողված օրինակներ ունեցել ենք։ Բացի սա, աշխարհի տնտեսական քարտեզում Հայաստանը պետք է գտնի եւ աշխատի այնպիսի գործընկեր երկրների հետ, որոնց չի խանգարի ազգային Հայաստանը։ Եվ այդպիսիք կան։ Օրինակ՝ նույն առաջատար Ճապոնիան։
-Եվ ուրեմն…
-Եվ ուրեմն՝ Հայաստանը պետք է հոգեկերտվածքի խնդիր դնի նորից։ Եթե ուզում է ոտքի կանգնել, ապա կկանգնի։ Եթե ուզում է իր գենի հաղթողի կոդը գործի դնել, ապա կհաղթի։ Ռազմական եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր պարտության դառը «դեղահաբերը» հաճախ կարող են դառնալ բուժման, վերածննդի, վերելքի ու հաղթանակի կարեւոր բաղադրիչներ, եթե, իհարկե, ոտքի կանգնելու ու մեջքն ուղղելու ցանկությունն ու նպատակն իրապես հաստատուն են։ Պատմությունը չի ներել եւ երբեք էլ չի ներում պարտությունից թուլացածներին ու հոգով հանձնվածներին՝ լինեն դրանք անհատներ, խմբեր, ազգեր, թե պետություններ։ Հետեւապես՝ կործանված ու փոշիացած պետությունների շարքում չկանգնելու համար միայն անհատ փրկիչների առկայությունն ու այլոց օժանդակությունը դեռ բավարար պայմաններ չեն։ Անհրաժեշտ ու բավարար պայմաններ են մեկ նպատակի եւ մեկ գաղափարի շուրջ համախմբվելը, իրավիճակն էապես փոխելու եւ առաջ գնալու անկոտրում կամքը։ Եվ անհնարին թվացող գաղափարը շատ արագորեն կարող է դառնալ իրականություն՝ իր հետ բերելով սպասված ու չսպասված հաղթանակները՝ որպես տրամաբանական իրողություններ։ Մարդկության պատմությունը սիրում ու գնահատում է հոգով ու կամքով ուժեղներին եւ հենց նրանց է վերապահում հաջողությունների ու վերելքների՝ դեռեւս չգրված էջերի լրացումը։