Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:
«Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Ասեմ, որ թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված հայտարարվել էր բաց մրցույթ Ոստիկանության կողմից: Արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որն այսօր կա: Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ թե քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել, թե իր գործառույթներով, թե իր ամենօրյա քայլերով, թե ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց Ամալյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ փոփոխությունները նաև վերաբերում են մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին:
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Պարեկային ծառայությունը ունի որոշակի ստանդարտներ, որոնց բոլոր պետությունները հետևում են: Այն առաջին հերթին երկրի քաղաքացիներին ծառայելու համար է: Դրանից բացի, Պարեկային ծառայությունն այն կառույցն է, որը՝որպես պետության դեմք, առաջինն է շփվում օտարերկրյա քաղաքացիների հետ: Հետևաբար, պատասխանատուները կարծում են, որ այն պետք է հասկանալի ու ընկալելի լինի նաև օտարերկրացիների համար:
Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում: