«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը տնտեսագետ, կառավարման փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ
-Խոսենք Հայաստանի տնտեսության վիճակից՝ ի՞նչ ունենք այսօր։
-Տնտեսության իրական վիճակը կարող ենք բնութագրել որպես հետճգնաժամային փուլում իներցիոն ձեւով դանդաղ վերականգնվող: Տնտեսության վերականգնումը գնահատելու համար նախ հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ համավարակով պայմանավորված ճգնաժամի ընթացքում տեղ գտած հարկադիր «լոքդաունի», տեղաշարժի սահմանափակման, սահմանների փակման եւ սպառողական պահանջարկի կտրուկ անկման հետեւանքով տնտեսությունը հայտնվել էր խոր դեպրեսիոն փուլում: Իսկ ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումները չապահովեցին անհրաժեշտ ծավալը, ժամանակահատվածը եւ նաեւ բոլոր թիրախային ուղղությունները, ինչի միջոցով հնարավոր կլիներ տնտեսությունն արագ դուրս բերել անկումից: Ուստի, տնտեսության վերականգնումը բավական դանդաղ է եւ իներցիոն կերպով: Բազմաթիվ երկրներում տնտեսական աջակցության հակաճգնաժամային միջոցառումները շարունակվել են նաեւ 2021 թ., այդ թվում՝ Վրաստանում: Ավելին, զարգացած տնտեսությունները ցայսօր հսկայածավալ ֆինանսական ներարկումներ են կատարում ազգային տնտեսություններում՝ ապահովելու հետճգնաժամային արագ վերականգնումը: Ըստ այդմ էլ, համաշխարհային տնտեսությունը եւ աշխարհի առաջատար տնտեսություններն արագ աճում են, ինչն էլ բնականաբար իր որոշակի ազդեցությունն է ունենում նաեւ այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Բացի այդ, մեր տնտեսության մեջ համախառն պահանջարկն արագ վերականգնվում է, ինչն էլ իր հերթին է նպաստում տնտեսության աստիճանաբար վերականգնմանը: Զբոսաշրջության ոլորտն է սկսել աստիճանաբար ակտիվանալ, ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա ուղղություններով՝ միջպետական սահմանների վերաբացմանը զուգընթաց: Կա նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում որոշակի աճ: Այս ամենը բնականաբար նպաստում է տնտեսության աստիճանական վերականգնմանը, այլ հարց է՝ վերջինիս տեմպերը գոհացուցիչ են, թե ոչ: Անդրադառնամ նոմինալ՝ անվանական եւ իրական ՀՆԱ-ների աճի մասով Ձեր հարցին: Նոմինալ կամ անվանական աճը տնտեսության բացարձակ աճն է, այդ թվում եւ՝ գների մակարդակի բարձրացման հաշվին: Իրական աճը ճշգրտվում է գնաճով: Ըստ ԱՎԿ տվյալների՝ Հայաստանում 12-ամսյա ժամանակահատվածում՝ 2021 թ. հունիսի դրությամբ արձանագրվել է 8 տոկոսանոց անվանական ՀՆԱ-ի աճ: Սակայն, այդ նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը կազմել է 6.5 տոկոս: Ստացվում է՝ իրական ՀՆԱ աճը կազմել է ընդամենը 1.5 տոկոս: Ավելին, եթե վերցնենք միայն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի (հունվար-հունիս) տնտեսական աճի ցուցանիշը եւ համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա պատկերն ավելի մտահոգիչ է. 2021 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ անվանական ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս, այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը այդ նույն ժամանակահատվածում կազմել է 5.7 տոկոս: Փաստացի՝ 2021 թ. 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական ՀՆԱ-ի անկում է տեղ գտել՝ 0.7 տոկոսի չափով: Եվ հաշվի առնենք, որ սա դեռ այն պարագայում, երբ համեմատում ենք 2020 թ. այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում առնվազն 2 ամիս մեր տնտեսությունը տոտալ հարկադիր լոքդաունի մեջ էր:
-Տնտեսությունը ոտքի հանելու համար ֆինանսական ներարկումներ են պետք։ Հասկանալի է, որ գումարների ներհոսքը նախապատրաստական լուրջ քայլեր է ենթադրում, այդ թվում՝ քաղաքական։
-Տնտեսությունը ճգնաժամից հետո վերականգնելու համար, այո, անհրաժեշտ են մեծածավալ ներդրումների լուրջ հոսքեր: Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ առկա են սահմանային նոր լարվածության աճ եւ դեռեւս փաստացի չկարգավորված հակամարտություն, մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր բնականաբար չի կարող ակնկալվել մեր տնտեսության մեջ, բացառությամբ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կատարվող եւ կատարվելիք առանձին ներդրումների: Ավելին, բացի Հայաստանի ներքին իրավիճակից, հետհամավարակային փուլում կորոնավիրուսի նոր շտամների տարածումը, աշխարհի տարբեր երկրներում կիրառվող խիստ սահմանափակումները եւ, առհասարակ, աշխարհում առկա տնտեսական անորոշությունները ստիպում են ներդրողներին իրենց կապիտալի համար ավելի անվտանգ հանգրվաններ որոնել, օրինակ, դոլարի կամ զարգացած երկրների պետական պարտատոմսերի տեսքով: Այս փուլում երկարաժամկետ ներդրումները դեռ ռիսկային են ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում: Ներդրումների այլընտրանքային աղբյուրը ներքին ներդրումներն են, բնակչության խնայողությունները, կազմակերպությունների ազատ ֆինանսական ռեսուրսները: Այդ միջոցները կապիտալի շուկայի միջոցով հնարավոր է ուղղել դեպի տնտեսության տարբեր ոլորտներ՝ վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար եւ, բնականաբար, նաեւ ներդրողներին եկամուտ ապահովելու պայմանով: Սակայն ֆինանսական շուկայի կարեւոր հատված համարվող կապիտալի շուկան Հայաստանում այդպես էլ չզարգացավ եւ չդարձավ ֆինանսական ռեսուրսների ներգրավման կարեւոր հարթակ: Ըստ այդմ էլ, մեր երկրում ներկայումս ներդրումների հիմնական աղբյուր են առեւտրային բանկերի կողմից տրվող տարբեր բիզնես վարկերը, որոնց տոկոսավճարը շատ բարձր է, ոստի երկարաժամկետ ներդրումների համար ոչ այնքան շահավետ: Թերեւս, սա է պատճառը, որ մեր երկրում երկարաժամկետ ներդրումների խիստ պակաս կա, քանի որ տնտեսության համար «երկար փողեր» ապահովող ֆինանսական ենթակառուցվածքները զարգացած չեն: Նաեւ՝ մեր երկրի ներդրումային միջավայրն աչքի է ընկնում բավական բարձր ռիսկայնությամբ, եւ անհրաժեշտ են շատ արագ ու գործուն քայլեր վերջինիս բարելավման ուղղությամբ: Եթե միաժամանակ լուրջ ջանքեր գործադրվեն նաեւ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, ապա մոտ ապագայում հնարավոր կլինի ապահովել ներքին ներդրումների տեսանելի աճ:
-Իսկ ներդրումներ լինելու պարագայում ինչպե՞ս խուսափել, այսպես ասած, «աջարիզացման» վտանգից։ Ինչպես քաղաքագետ, Կովկասի անվտանգության հարցերով մասնագետ Շոթա Ափխաիձեն է նշել՝ «Վրաստանն ուզում էր Եվրոպա, հայտնվեց Թուրքիայում»…
-Առհասարակ, կապիտալը երկիր ու ազգություն չի ճանաչում եւ հոսում է այնտեղ, որտեղ ավելի բարձր հատույց է հնարավոր ապահովել: Հայաստանի նման երկրում, որտեղ առկա չեն կապիտալի շուկայի զարգացած մեխանիզմներ, օտարերկրյա ներդրումները հիմնականում կարող են լինել ուղղակի ներդրումների տեսքով, եւ փաստացի օտարերկրացիները, այդ թվում հարեւան երկրներից, կարող են դառնալ բազմաթիվ ընկերությունների, տարածքների ու գույքի սեփականատերեր: Մի կողմից դրական է կապիտալի հոսքը դեպի քո երկիր, սակայն մյուս կողմից էլ, ձեր նշած «աջարիզացման» վտանգն առկախված է մեզ համար: Այս առումով հարկ է բավական արագ կարգով օրենսդրական համապատասխան դաշտ ապահովել, որի միջոցով հնարավոր կլինի սահմանափակել ուղղակի ներդրումների իրականացումը կոնկրետ երկրների քաղաքացիների ու կազմակերպությունների համար՝ միաժամանակ խթանելով ներքին ներդրումները եւ զարգացնելով կապիտալի շուկան:
-Վտանգի պատկերում մի փակագիծ էլ բացենք. թուրքական ու ադրբեջանական մամուլը շեշտում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, մենք դրան «ենթակառուցվածքների ապաշրջափակում» անունն ենք տալիս։ Սա շատերին թյուրիմացության մեջ է գցում, մինչդեռ ակնհայտորեն տարբեր են միջանցքի ու ենթակառուցվածքի քաղաքական ու տնտեսական նպատակները։
-«Միջանցքն» ու «ենթակառուցվածքների ապաշրջափակումը», իհարկե, տարբեր եզրույթներ են: Ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում, մասնավորապես, Ադրբեջանի քաղաքացին իր ավտոմեքենայով կարող է մտնել ՀՀ տարածք, անցնել Սյունիքի մարզի տարածքով եւ գնալ Նախիջեւան: Զուգահեռ անցկացնենք. եթե նույն կերպ Հայաստանի քաղաքացին Վրաստանի տարածքով գնում է Ռուսաստան, ապա ակներեւ է, չէ, որ որեւէ միջանցքի մասին այստեղ խոսք լինել չի կարող, նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանն այդ կերպ միայն կարող է կապվել ԵԱՏՄ միասնական տարածքի հետ: Փաստացի ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսելիս պետք է նշենք, որ դրանք մեր ամենօրյա տնօրինման եւ տիրապետման ու փաստացի վերահսկողության տակ են: Ինչ վերաբերում է «միջանցքին», ապա այստեղ լիովին այլ տրամաբանություն է գործում: Միջանցքի նկատմամբ չենք ունենալու լիակատար վերահսկողություն, չնայած այն հանգամանքին, որ վերջինս դե ֆակտո մեր տարածքում է: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող եւ ՀՀ Սյունիքի մարզով տրամադրվող տրանսպորտային ուղին վերահսկելու է ռուսական կողմը: Թեեւ հայտարարության մեջ բառացիորեն «միջանցք» եզրույթը չի կիրառվել, սակայն ըստ իր բովանդակության ու տրամաբանության դա հենց միջանցք է լինելու, այլապես դրա նկատմամբ վերահսկողությունը կիրականացներ հայկական կողմը:
-Տնտեսության ցանկացած շարժի մասին խոսելիս անհնար է չխոսել հարկային ոլորտից։ Ի՞նչ է պետք փոխել մեր հարկային քաղաքականությունում։ Ավելի շատ կտրո՞ւկ քայլեր են պետք, թե՞ հստակեցումներ։ Ի՞նչ տիպի մեղմացումներ են անհրաժեշտ:
-Ընդհանուր առմամբ գործող հարկային համակարգը ներկայումս թեեւ ոչ կտրուկ փոփոխությունների, սակայն ճշգրտումների կարիք ունի հարկային բեռի ոչ թե ավելացման, այլ ավելի արդարացի ու արդյունավետ բաշխման եւ հարկային վարչարարության առավել պարզեցման առումով: Հետճգնաժամային փուլում առհասարակ պետք է հնարավորինս խուսափել հարկերի եւ տուրքերի բարձրացումից, անկախ դրանց կարգավորման ոլորտից: Տնտեսությունը պետք է հնարավորություն ունենա շուտափույթ դուրս գալու ճգնաժամից, ապահովելու կայուն աճ եւ ապա նոր կարելի է ձեռնամուխ լինել հարկային քաղաքականության որոշակի փոփոխություններին: Մասնավորապես, խոսվում է շրջանառության հարկից հրաժարվելու մասին, որով հիմնականում աշխատում է Հայաստանի ՓՄՁ-երի գերակշիռ մասը: Այս պահին նրանց տեղափոխել ընդհանուր հարկային դաշտ, կնշանակի մեծ հարվածի տակ դնել այս ոլորտը եւ ամբողջ տնտեսությունը: Իհարկե, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան վարչարարության հետ կապված, դրանք պետք է փորձենք հընթացս լուծել, սակայն, կրկնում եմ, ոչ կտրուկ փոփոխությունների ճանապարհով: Միակ փոփոխությունը, որն այս պահին կարելի է առանց վարանելու իրականացնել, ներդրումները խթանելուն միտված հարկային բարեփոխումներն են, որոնց միջոցով հնարավոր կլինի ներդրումների հոսքերն ավելացնել:
-Կյանքը փոխվել է, հիմա դանդաղ ու կայուն առաջընթացի ժամանակը չունենք, մեզ պետք է արագ եւ որակյալ տնտեսական շարժ։ Ի՞նչ անել դրա համար։ Կամ՝ ո՞ր ոլորտներին է պետք սեւեռվել։
-Այս պահի դրությամբ Հայաստանի համար թիվ մեկ գերխնդիրն անկասկած երկրի անվտանգությունն է, սահմանների անձեռնմխելիությունը: Եթե քո երկիրը անվտանգ չէ եւ չունես համապատասխան ներուժ քո քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ ցանկացած ագրեսիային հակազդելու ուղղությամբ, ապա որեւէ տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսելը ժամանակավրեպ եմ համարում:
Բազմիցս նշել եմ, որ հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած քաղաքական եւ տնտեսական մարտահրավերները՝ ամենակարեւոր ոլորտը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա եւ հնարավոր է կարճ ժամանակում պետական խթանող ու ուղղորդող քաղաքականության միջոցով հասնել շոշափելի արդյունքի, ՏՏ ոլորտն է: Այս ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Մասնավորապես նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Սա իր հերթին կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը եւ, ըստ այդմ, պետք է տնտեսության կառավարման մեջ ներմուծվեն պլանային կառավարման նոր սկզբունքներ։ Մենք փաստացի այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա չեմ կարծում՝ որեւէ արտաքին ուժ դա կվերցնի իր վրա։
-Երբ ասում եմ՝ «ո՞ր ոլորտներին է պետք սեւեռվել», ուզում եմ հստակեցնել՝ ո՞ր ոլորտներում ունենք այնպիսի ներուժ, ինչով կկարողանանք խոսք ասել, այլ կերպ՝ ինչով կկարողանանք տնտեսական այնպիսի ճշգրիտ ձեւաչափ ստեղծել, որն էլ իր հերթին կկարողանա քաղաքականություն թելադրել։ Տնտեսությունն ու քաղաքականությունն այսօր այնքան սերտաճած են, որ հաճախ անհնար է գտնել բաժանարար գիծը։
-Տնտեսությունն ու քաղաքականությունը, այո, խիստ փոխկապակցված են: Ցանկացած քաղաքականության հենքը տնտեսությունն է, սակայն, իր հերթին քաղաքականությունն էլ ազդում է տնտեսության վրա՝ նախանշելով վերջինիս զարգացման ռազմավարական ուղղությունները եւ ճիշտ մոտեցման դեպքում ապահովելով դրա բնականոն զարգացումն ու բարձր արդյունավետությունը: Ինչ վերաբերում է զարգացման թիրախ ոլորտներին, ապա վերջիններս պետք է լինեն հավելյալ արժեք ստեղծող ոլորտները՝ վերամշակող արդյունաբերությունը, գիտելիքահենք ճյուղերը, ՏՏ ոլորտը: Սրանց զարգացումը շղթայական կնպաստի տնտեսության մնացած ոլորտների առաջընթացին եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
-Իբրեւ ամփոփում՝ կուզե՞ք ինչ-որ բան ավելացնել։
-Հայաստանի տնտեսության մեջ շոշափելի դրական փոփոխություններ ապահովելու առումով օր առաջ անհրաժեշտ է փոխել մեր երկրի տնտեսական աճի մոդելը, պահանջարկի վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել «առաջարկի տնտեսությանը», բարձրացնել արտաքին շոկերի նկատմամբ մեր տնտեսության դիմադրողականության մակարդակը, խթանել վերամշակող արդյունաբերությունը եւ ոչ հումքային արտահանումը, բարելավել ներդրումային միջավայրը, հետեւողական զարգացնել կապիտալի շուկան անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ձեւավորել կոլեկտիվ ներդրումային ինստիտուտներ, նախադրյալներ ստեղծել «երկար փողերի» ձեւավորման համար, խրախուսել մարդկային կապիտալում ներդրումները, ապահովել տնտեսության ներառականության պատշաճ մակարդակ։ Այս փոփոխությունները կյանքի կոչող ռազմավարություն որդեգրելու դեպքում անկասկած հնարավոր կլինի Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում դուրս բերել դեպի զարգացման նոր ուղեծիր: