Կառավարության երեկվա նիստում փոփոխություններ ու լրացումներ արվեցին 2019 թ. փետրվարի 28-ի որոշումում՝ գյուղատնտեսական հումքի, մասնավորապես խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու, նաեւ մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ընթացքի վերահսկողության բարելավման հետ կապված։
Այս ծրագիրը մեկնարկել է 2017-ից, որի հիմնական նպատակը գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տնտեսավարողներին մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրումն է: Ամեն տարվա մթերումների գործընթացն ապահովելու եւ տվյալ տարվան բնորոշ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ծրագրում պարբերաբար փոփոխություններ են արվել։
Օրինակ՝ 2020 թ., էկոնոմիկայի նախարարության տվյալներով, գյուղհումքի, այդ թվում՝ խաղողի մթերումների նպատակով ընդունվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներ, որոնցով վերամշակող ընկերություններին տրամադրվել են մինչեւ 3.0 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 2 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գյուղատնտեսական հումքի մյուս տեսակների մթերման նպատակով տրվել են մինչեւ 1.8 մլրդ դրամի նպատակային վարկեր՝ 1.5 տարի մարման ժամկետով, 0 տոկոս տոկոսադրույքով։ Ծրագրից օգտվել է 91 շահառու, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ներգրավել են շուրջ 23.5 մլրդ դրամի վարկ։
Դարձյալ, ըստ նույն պետական գերատեսչության տվյալների, 2020 թ. պետական աջակցության շնորհիվ մթերվեց 235.0 հազ. տ խաղող։ Դրա ավելի քան 90 տոկոսն ուղղվեց կոնյակի սպիրտի արտադրությանը, որը կարող է իրացվել առնվազն 3 տարի հնեցումից հետո։ Մյուս կողմից՝ համավարակի պատճառով 2020 թ. 2019-ի համեմատ կոնյակի եւ կոնյակի սպիրտների արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 30 տոկոսով կամ 9.5 մլն բացարձակ լիտրով։ Չնայած 2021 թ. 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 12 տոկոսով կամ 1.2 մլն բացարձակ լիտրով, սակայն դեռ դանդաղ է կոնյակի եւ կոնյակի սպիրտների արտահանման ծավալների 2019 թ. մակարդակի ապահովումը, եւ իրացումից ստացվող սակավ մուտքերը դժվարացնում են տնտեսավարողների կողմից ներգրավված վարկերի սպասարկումը։ Դրա համար էլ ոլորտի տնտեսավարողներին աջակցելու կարիք կա։
Եվ այսպես՝ երեկ ընդունված փոփոխություններով առաջարկվեց. 1. վերամշակման գործունեություն իրականացնող վարկառուներին խաղողի մթերումների նպատակով յուրաքանչյուր տարի տրամադրել մինչեւ 4.0 մլրդ դրամի վարկ (3 տարի մարման ժամկետ, 12 ամիս արտոնյալ ժամկետ), իսկ մյուս ուղղությունների համար՝ 1.5 տարի մարման ժամկետ, 6 ամիս արտոնյալ ժամկետ։
2. Նույն վարկառուի կողմից տարբեր նպատակներով մթերումներ կատարելու դեպքում վերջինիս ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը, ընդ որում՝ տարբեր նպատակների համար վարկերի տրամադրումը պետք է կատարվի առանձին հայտերի հիմամբ։
Ի դեպ, 2020-2021 թթ. տրված վարկերի եւ ստացված հայտերի գնահատականների հիման վրա սպասվում է ծրագրի վարկային պորտֆելի ավելացում շուրջ 4.5 մլրդ դրամի չափով։ Ըստ հաշվարկների՝ 2022 թ. ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված ծախսերը կավելանան շուրջ 1.3 մլրդ դրամով, որը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցվի մթերված գյուղատնտեսական հումքի արտահանման եւ վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ակնկալվող աճով պայմավորված՝ բյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին։ Մասնավորապես՝ միայն շահութահարկի գծով ակնկալվող լրացուցիչ մուտքերը կկազմեն շուրջ 1044.0 մլն դրամ։