Կլիմայի փոփոխությունը Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տարբեր կերպ է արտահայտվում՝ մի հատվածում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրանում է, մյուսում, ընդհակառակը, իջնում, մի տարածաշրջանում ջրային պաշարները նվազում են, մյուսում՝ ավելանում: Հայաստանում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում եւ տեղումների նվազում: Կլիմայի փոփոխություններին նպաստող մարդածին գործոնների դեմ պայքարելուն զուգահեռ առաջնային են նաեւ հարմարվողականության միջոցառումները եւ գործողությունները ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում, քանի որ այն երկարաժամկետ գործընթաց է՝ համապատասխան ազդեցությամբ: Ցանկացած բնական երեւույթին հարմարվելու կամ նրան հակազդելու համար առաջնային են դրանց ուսումնասիրությունները եւ դինամիկայի կանխատեսումները:
2020 թ. հրապարակված Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի 4-րդ ազգային հաղորդագրության մեջ ներկայացվել են ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման հերթական գործողությունների արդյունքները: Ըստ հաղորդագրության՝ առաջին անգամ մեր երկրում իրականացվել է գետերի ջրի որակի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը: Համաձայն վատատեսական սցենարի՝ մինչեւ 2100 թ. Հայաստանում կանխատեսվում է գետային հոսքի շուրջ 39 տոկոս նվազում: Դա իր հետ կբերի նաեւ ջրի որակի փոփոխություն: Սակայն զուտ ջրերի քանակի նվազմամբ պայմանավորված՝ էկոհամակարգային խնդրի առաջ չէ, որ այսօր կանգնած ենք: Անհամեմատ ավելի մեծ են մարդու կողմից ջրային էկոհամակարգերի աղտոտումը եւ ջրային ռեսուրսների վատնումը: Մարդու կենսագործունեության համար շատ կարեւոր այդ ռեսուրսի նվազումն առաջնային են դարձնում հարմարվողականության միջոցառումների մշակումը եւ իրականացումը:
Ըստ ուսումնասիրությունների՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը գետային հոսքի վրա հանրապետության տարբեր գետավազաններում տարբեր է լինելու, որի պատճառը դրանց բնակլիմայական եւ հոսքի ձեւավորման տարբեր պայմաններն են: Կլիման համարվում է ջրերի քիմիական կազմի ձեւավորման կարեւոր բնական գործոն, հետեւաբար դրա փոփոխությունը բերելու է ջրաքիմիական, մասնավորապես, ջրի հանքային կազմի փոփոխությունների: Ազգային հաղորդագրության մեջ ներկայացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական հոսքի նվազմանը զուգընթաց փոփոխվել են նաեւ գետերի ջրաքիմիական կազմն ու բաղադրությունը։ Մասնավորապես՝ Հրազդան գետում 2006-2018 թթ. նկատվել է հիդրոկարբոնատ, մագնեզիում եւ կալցիում իոնների աճ։ Հետազոտությունները փաստել են, որ ջրաքիմիական պարամետրերի արժեքների շեղումները բազիսային ժամանակահատվածի համեմատ մեծ են հատկապես հոկտեմբեր ամսվա համար՝ պայմանավորված գետի սակավ ջրատարությամբ եւ տեղումների քիչ քանակով։
Առաջին անգամ Հայաստանում Ողջի գետի օրինակով իրականացվել է ջրի որակի փոփոխության կանխատեսում` ըստ կլիմայի փոփոխության սցենարների։ «Մարդածին ճնշման անփոփոխ մնալու պարագայում Ողջի գետի ջրում մինչեւ 2025 թ. կպահպանվի ամոնիում իոնի եւ պղնձի բարձր կոնցենտրացիաներով պայմանավորված գետի ջրի վատ՝ 5-րդ դասի որակը, ավելին` 2015 թ. համեմատությամբ մինչեւ 1.2-1.5 անգամ կբարձրանան նիտրատային, ամոնիումային ազոտի եւ ցինկի կոնցենտրացիաները։ Արդյունքում կփոփոխվի գետի տրոֆիկ աստիճանը (դեպի էվտրոֆիկացում), եւ հնարավոր է՝ խախտվի գետի բուֆերականությունը` խախտելով գետի ջրային էկոհամակարգը, ընդհուպ մինչեւ ջրային կենսաբազմազանության կրճատում»,-եզրակացրել են հետազոտության հեղինակները։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գետերի ջրի որակի վրա, կլիմայի փոփոխությունից բացի, անհամեմատ ավելի մեծ է մարդու ազդեցությունը, որի դեմ պայքարն առաջնային է: «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի խոսքերով՝ Հայաստանում գետերի վրա մարդու ազդեցությունը կոմունալ-կենցաղային ու արդյունաբերական է, եւ հիմնականում կետային աղտոտվածություն է արձանագրվում:
«Կետային աղտոտումն այն է, երբ գետն անցնում է տվյալ աղտոտման կետով, դրանից հետո ունենում ենք աղտոտվածության աճ: Խոշոր բնակավայրերում՝ Երեւանում, Վանաձորում, Ալավերդիում, որտեղ որեւէ կետից կոյուղին լցվում է գետ, դրանից ներքեւ ունենք աղտոտվածության աճ: Այս պարագայում հիմնական աղտոտիչները համարվում են կոյուղու ջրի բաղադրիչները՝ ամոնիում իոնը, նիտրատ իոնը, թթվածնի կենսաքիմիական, քիմիական պահանջարկները»,- հայտնեց Գ. Շահնազարյանը:
Նրա խոսքերով՝ արդյունաբերական աղտոտվածությունը հիմնականում ծանր մետաղներով է լինում: Ըստ հիշյալ կենտրոնի դիտարկումների՝ կոմունալ կենցաղային աղտոտվածության հիմնական աճը դիտվում է Վանաձոր քաղաքից հետո՝ Դեբեդ գետում, Հրազդան գետում՝ Երեւան քաղաքից հետո, Կապան, Քաջարան քաղաքներից հետո էլ Ողջի գետում: Հանքարդյունաբերությունից աղտոտված են հիմնականում Ախթալա, Շնող գետերը, որոնք թափվում են Դեբեդ, իսկ հանրապետության հարավում հանքարդյունաբերության հետեւանքով աղտոտված է Ողջի գետը Քաջարանից հետո եւ երբ Արծվանիկի ջրամբարից ջրերը լցվում են Նորաշենի գետը: Դրանց ազդեցության հետեւանքով գետերում ավելանում է ծանր մետաղների քանակը, եւ այդ գետերի աղտոտվածությունն ակունքի համեմատությամբ դառնում է 4-րդ կամ ամենավատ՝ 5-րդ դասի:
«Տարվա ընթացքում այդ աղտոտվածությունը փոխվում է՝ կախված գետում եղած ջրի քանակությունից: Ջրառատ ժամանակ աղտոտվածությունը 3-րդ դասի է, իսկ ամռան շրջանում, երբ նույն գետում ջրի քանակությունը շատ քիչ է, եւ գրեթե ցամաքած է լինում, աղտոտվածության աստիճանն ավելի մեծ է լինում, քանի որ գետի աղտոտվածությունը մնում է նույնը, իսկ ջրի ծավալը փոքրանում է, եւ, բնականաբար, նոսրացման էֆեկտ չի լինում կամ փոքր է լինում: Վերջին տարիներին արդեն գետերում նկատվում է նաեւ ջրի ծավալի նվազում, զգացվում են սեզոնային փոփոխություններ, ինչն էլ, իր հերթին, բերում է գետերի աղտոտվածության փոփոխության, ավելի շատ են լինում սեզոնները, երբ աղտոտվածությունը 5-րդ՝ ամենավատ դասի է լինում»,- նշեց Գայանե Շահնազարյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն ուշադրության արժանի համարեց ոչ միայն կիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի վրա, այլեւ ՀԷԿ-երի գործունեությունը: Նրա խոսքերով՝ ՓՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափերից շեղումը հանգեցնում է գետերի ջրի քանակի նվազման, ինչն էլ, իր հերթին, ազդում է ջրի որակի վրա: Մասնագետը բացատրեց, որ գետերի վրա ցրված ազդեցություն է լինում, երբ գյուղատնտեսական հանդակներից եւ բնակավայրերից, որոնցում չկա կեղտաջրերի հավաքման համակարգ, գյուղատնտեսական հոսքաջրերը, կոյուղիներն անմիջապես թափվում են գետ:
Նրա խոսքերով՝ ցրված ազդեցություն կա ժամանցի օբյեկտներով հագեցած գետերում՝ Քասախում, Հրազդանի որոշ մասերում, որտեղ ջրօգտագործման թույլտվությամբ ջրահեռացում չպետք է լինի, բայց լինում է: «Այդ օբյեկտները պետք է ունենան ջրահեռացման համակարգ, եթե չկա, ապա դրանք, ի վերջո, անմիջական կամ ոչ անմիջական՝ առվակների միջոցով լցվում են գետ: Եթե կեղտաջուրը ձեւավորվում է, ապա այն մի տեղ պետք է թափվի, իսկ այդ մի տեղը մոտակա ջրային օբյեկտն է: Այդ ազդեցությունը չափելի չէ, այն ինտեգրալ է դիտվում: Օրինակ՝ Սեւանա լիճ թափվող գետերի ամբողջ երկայնքով գյուղատնտեսական տնտեսությունների եւ տների ողջ կոմունալ կենցաղային կեղտաջրերը թափվում են գետերը: ՊՈԱԿ-ի մասնագետները գնահատում են ընդամենը ակունքի ջրի որակի դիտակետի եւ գետաբերանի տվյալները, որոնց տարբերությամբ սահմանում են աղտոտվածությունը»,- ասաց Գ. Շահնազարյանը:
«Ընդհանրապես՝ կլիման ու դրա փոփոխությունը մի գումարային ինտեգրացնող գործոն են ամբողջ բնական էկոհամակարգի, այդ թվում՝ քիմիական նյութերի շրջանառության վրա, ու միանգամայն բնական է, որ դա չի կարող չազդել նաեւ ջրային էկոհամակարգի քիմիական կազմի վրա,- նշեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը եւ հավելեց.- Մենք ծայրահեղ անարդյունավետ ենք օգտագործում ջրերը։ Չեմ ուզում կրկին նշել ջրառից հետո այդ ռեսուրսի ահռելի կորուստները, անարդյունավետ ոռոգման համակարգը եւ այլն։ Եթե այդ բոլորը կարգի բերվի ու զուգորդվի շրջանառու ջրօգտագործմամբ, ապա ջրի խնդիր չենք ունենա։ Աշխարհում համապատասխան ու մատչելի տեխնոլոգիաների պակաս չկա։ Խնդիրն անարդյունավետ կառավարման մեջ է։ Հայաստանը որդեգրել է կլիմայի փոփոխությանը հարմարվելու այսպես կոչված «Էկոհամակարգային մոտեցումը»։ Դա վերաբերում է նաեւ ջրային էկոհամակարգերին, ու նշանակում է, որ օգտագործման համար պետք է բավարարվել ջրային ռեսուրսների այն քանակով, որը մնացորդային սկզբունքով կմնա՝ բնական էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի ու որակի ջուր այդ էկոհամակարգերում թողնելուց հետո։ Հասկանալի է, որ ներկայումս շատ հեռու ենք այդ մոտեցումն ընդունելուց»։