Սեւանա լճի ջրի որակի վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում այնտեղ թափվող գետերի հարեւանությամբ գտնվող 26 բնակավայր: Նրանց զգալի մասը չունեն կեղտաջրերի հեռացման միասնական համակարգեր, եւ դրանք ուղիղ թափվում են գետերը, որոնցով հասնում են Սեւանա լիճ: Մասնագիտական լեզվով՝ այն կոչվում է գետերի վրա ցրված ազդեցություն, որի դեպքում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հանդակներից եւ բնակավայրերի զգալի մասից կեղտաջրերը եւ գյուղատնտեսական հոսքաջրերն անմիջապես թափվում են հարակից գետեր:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի ավազանում իրականացվում է «Եվրամիությունը՝ Սեւանի համար» մեծ ծրագիրը, որի շրջանակներում նախատեվում է կեղտաջրերի մաքրման պիլոտային կայանների կառուցում:
Նրա խոսքով՝ պետք է հետազոտություն իրականացվի, թե որ մեթոդներն են ավելի կիրառելի Սեւանի ավազանում ջրերի մաքրման կայաններ կառուցելու համար, քանի որ ազդեցության շրջանները մեծ են ամբողջ ջրահավաք ավազանում եւ՛ իրենց աշխարհագրական դիրքով, եւ՛ ցրվածությամբ՝ չունենալով կոյուղու համակարգ այդ բոլոր գյուղական համայնքներում: «Այս պահին այդպիսի մի ծրագրի մեկնարկն է տրված, որի շրջանակներում հետազոտություն է իրականացվելու, թե կեղտաջրերի ինչպիսի՞ հեռացման համակարգ պետք է կառուցվի, ո՞րն է տնտեսապես ավելի շահավետ, որպեսզի նվազեցվի այդ ամբողջ գյուղական համայնքների ազդեցությունը գետային համակարգերի վրա»,- ասաց Գայանե Շահնազարյանը:
Փոխտնօրենը տեղեկացրեց, որ 500-2000 բնակչություն ունեցող համայնքներն են դիտարկվում ծրագրի շրջանակներում, որոնց թիվը 26 է, բայց ծրագրի այս փուլում այդ համայնքներում ոչ թե ջրահեռացման կայաններ են կառուցվում, այլ իրականացվելու են ուսումնասիրություններ, որպեսզի առաջարկություններ ներկայացնեն, թե ամենաառաջնային եւ հրատապ որտեղ պետք է սկսեն կառուցումը: Ջրահեռացման լոկալ կայանների կառուցումը շարունակական գործընթաց է լինելու:
«Ծրագրի շրջանակներում կատարված նախնական հետազոտությունները, ըստ ծրագրի փորձագետների, ցույց են տվել, որ տնտեսապես ավելի ծախսատար կլինեն ջրավազանը ամբողջությամբ կոյուղացնելը, նոր մաքրման կայանների կառուցումը, բայց հաշվի առնելով, որ չունենք ամբողջությամբ կոյուղացված համայնքներ, լոկալ համակարգերի ստեղծումը կեղտաջրերի հավաքման համար ավելի նպատակահարմար է համարվում»,-ասաց Գայանե Շահնազարյանը եւ հավելեց, որ հետազոտություններից հետո պարզ կլինի, թե մաքրման ինչպիսի տնտեսապես շահավետ եղանակներ կառաջարկվեն:
«Եվրամիությունը՝ Սեւանի համար» ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրամիությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը:
Ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման, կառավարման, էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման տեխնոլոգիաների ներդրման, կեղտաջրերի մաքրման եւ բնահեն լուծումների իրականացման կարողությունները։
Ծրագրի բյուջեն 5,7 միլիոն եվրո է, որն իրականացվելու է 4 տարվա ընթացքում: Այն իրականացնելու է գերմանական GIZ կազմակերպությունը, իսկ շահառուները ՀՀ շրջակա մկջավայրի նախարարությունը եւ ջրային կոմիտեն են: