Ինչպես, ցավոք, տեսնում ենք, թյուրքական տարրն անթաքույց շարունակում է ագրեսիվ հակահայկական քաղաքականությունը, որ հնչեցնում է բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով, այն է՝ թույլ չի տալու, որ Հայաստանը գործի դնի իր ներուժը եւ ոտքի կանգնի։ Ու այդ տարրը դա անում է ամեն օր եւ ամեն քայլափոխի։
ՀՀ ՄԻՊ փաստահավաք աշխատանքը ի ցույց է դնում պատկերը։ Տեղ գյուղի բնակչի՝ վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը։ Այլ կերպ՝ վարկառուն զրկվել է սեփականության իրավունքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից եւ բախվել է սոցիալական լուրջ խնդիրների: Կամ՝ 8 մլն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել։ Մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձրել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, ժամը 10:30-ի սահմաններում: Մեկ այլ օրինակ՝ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաեւ խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։ Հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։ Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են, իսկ մոտենալու դեպքում նրանք կրակում են: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, ստուգումները վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ:
Օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 1-ի ժամը 16։00-ի դրությամբ, դարձյալ ըստ ՄԻՊ փաստահավաք աշխատանքների, ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետեւանքով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ եւ Սոթք գյուղերում այրվել է. 1. Կութում՝ 150 հա արոտավայր եւ 60 հա խոտհարք, 2. Ազատում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք, 3. Սոթքում՝ 80 հա արոտավայր եւ 70 հա խոտհարք, 4. Նորաբակում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք: Ոչնչացվում է նաեւ խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար:
Սրանք միայն հեկտարներ ու թվեր չեն, եւ այս թվերի հետեւում միայն տվյալ վարկառուի, գյուղացու, անհատի ծանր սոցիալական վիճակը չէ, այն շղթայական արձագանքով հասնելու է բոլորի տները, երկրին։ Կարիք կա՞ ասելու, որ սա միայն սոցիալական խնդիր չէ, այն մեր բոլորիս արժանապատվության, ազգային պատվախնդրության հարցն է։
Այս կերպ կուժեղացնենք նաեւ ռազմական բաղադրիչը
Ի՞նչ պետք է անի մեր պետությունը։ Ըստ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի. «Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար»:
ՄԻՊ-ը հավելում է նաեւ, թե պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը եւ չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից: Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից եւ ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաեւ մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւն): «Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:
Դա մեր պետությանը, կառավարությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները եւ նաեւ այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները: Դա հնարավորություն կտա նաեւ պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը: Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի եւ իրավունքների համար է»: