Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս

Նպատակն է հայաստանակենտրոն թվային ցանցի ստեղծումը

Սեպտեմբերի 10, 2021
Հանրապետություն
Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
487
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր ժամանակների ամենավտանգավոր միֆերից մեկն այն է, որ իբր միայն ֆինանսապես հզոր ազգերը կամ վերազգային կորպորացիաները կարող են զարգացնել տեխնոլոգիաներ։ Նման մտայնությունն արմատավորված է նաեւ Հայաստանում, ինչը զրկում է մեզ բնատուր արարչագործական ընդունակություններն օգտագործելու ցանկությունից, եւ սովորական հայ մարդը կարծես թե մոռանում է իր տեսակի արարման փառավոր էջերը։

Ձեւավորված այդ կարծրատիպը կոտրելու եւ գործնական քայլերով դրա սին լինելն ապացուցելու նպատակով ազգային արագացման հանրային նախաձեռնությունը սկսել է մեքենայական թարգմանության կատարելագործման «Թարգմանչաց 5.0» շարժումը։ Նախաձեռնության հայերենի թվայնացման նախագծերի ղեկավար Արտակ Հովսեփյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ թարգմանչաց շարժման ռեալ արդյունքներով նախատեսում են կառուցել զուտ ազգային, առավելագույնս պաշտպանված, ամբողջապես հայաստանակենտրոն, զարգացման ծրագրերի մշակման աշխատանքային միջավայր հանդիսացող ցանց։ Վերջնական նպատակն է հավաքական բանականության մշակումը: «Արագացման, տեխնոլոգիական առաջադիմության, համընդհանուր մեքենայացման այս դարաշրջանում, երբ անհատը դարձել է չափից դուրս խոցելի տեխնոլոգիաների առջեւ, պետք է օգնի մեզ հավաքական մոդելով դիմակայել այսօրվա՝ անհատի մակարդակով անմարդկային փորձություններին եւ կանգնել արժանապատիվ զարգացման ռելսերի վրա»,- ասաց զրուցակիցս՝ նշելով, որ հատուկ այս նպատակով ստեղծել են կայք, որտեղ Հայաստանի եւ Արցախի բոլոր ուսումնական հաստատությունների սովորողներն ու շրջանավարտները առավելագույնս ադապտացված գործիքներով կարող են խմբագրել մեքենայական թարգմանության նյութերը՝ հայերեն նախադասությունները։

Մեքենայական թարգմանության կատարելագործումը ազգային արագացման հանրային նախաձեռնության վերջին թվային գործիքն է, որը թույլ կտա շատ արագացված ու մեքենայական ճանապարհով իրականացնել «Թարգմանչաց 5.0» շարժումը։ «Նեյրոցանցերի օգնությամբ մենք սինթեզել ենք հայերենով արհեստական ձայն, խոսքի ճանաչում եւ մեքենայական թարգմանություն, որն իր որակով չի զիջում մեր օրերում աշխարհի տեխնոլոգիական հսկաների կողմից տրամադրված պրոդուկտներին։ Մենք ամենեւին միայնակ չենք։ Աշխարհում կան բազմաթիվ տեղական ոչ «ակադեմիական» կառույցներ եւ նախաձեռնություններ, որոնք ապացուցել են իրենց մրցակցային առավելությունը հեգեմոն ուժերի դեմ պայքարում։ Լավագույն օրինակները մեր տարածաշրջանում են. պաղեստինյան, լիբանանյան, սիրիական, իրաքյան եւ անգամ եմենյան արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքերը պակաս մրցունակ չեն, քան հակառակորդ տերությունների միլիոնավոր ու միլիարդանոց արժեք ունեցող տեխնոլոգիական տեսականին»,- մանրամասնեց նա։

Նշենք, որ ազգային արագացման հանրային նախաձեռնությունը միակ հայկական տեխնոլոգիական կառույցն է, որը նեյրոցանցերի եւ խորը մեքենայական ուսուցման միջոցով իրականացնում է հայերենով մեքենայական սարքերի հետ հաղորդակցության գործիքների՝ արհեստական ձայնի սինթեզի TTS (Text To Speech), խոսքի ճանաչման ASR (Automatic Speech Recognition), մեքենայական թարգմանության NMT (Neural Machine Translation) մշակումը։ Նախաձեռնությունը նաեւ ձեւավորում է հայկական Big Data։

Ներկա դրությամբ օգտագործվել են անգլերենից հայերեն թարգմանված եւ զույգավորված 920 հազար նախադասություններ, որտեղ հայերենն անմշակ է։ Այն խմբագրվել է զուտ մեքենայական գործիքներով, ինչն անբավարար է որակի տեսանկյունից։ Հովսեփյանի խոսքով, մաքուր, որակյալ ու հուսալի արդյունք ստանալու համար մեքենայական գործիքների հետ համատեղ անհրաժեշտ է նաեւ իրականացնել կասկածելի կամ թերի հատվածների խմբագրում ավանդական ճանապարհով, այսինքն՝ ձեռքով։ «Հուսով ենք, որ մեր հանրության մասնագիտական եւ ակտիվ շրջանակները հիանալի հասկանում են, թե որքան կարեւոր է այս գործիքի նշանակությունը 21-րդ դարում ինքնուրույն եւ արժանապատիվ զարգացման տեսանկյունից։ Որպես հին քաղաքակրթություններ կերտող ազգ կրկին կկարողանանք հանդես գալ որպես ինքնուրույն տեխնոլոգիաներ մշակող եւ դուրս կգանք զուտ օտարների արտադրանքի սպառողի անպատվաբեր ու նվաստացուցիչ կարգավիճակից»,- ասաց զրուցակիցս։

Կամավորական աշխատանքներում այս պահին առաջատարը Արցախի ուսումնական հաստատություններն են։ Վերջին պատերազմից հետո արցախցիները չափազանց լավ գիտակցում են նորագույն տեխնոլոգիաների գինը։ Նախաձեռնության հայերենի թվայնացման նախագծերի ղեկավարն ակնկալում է, որ մեր երկրի ուսումնական ոլորտի մասնագետները, հայերենին ու անգլերենին բավարար տիրապետող անձինք կարձագանքեն այս կոչին եւ կդարձնեն կամավորական այս նախաձեռնությունը համաժողովրդական ու զանգվածային։ «Յուրաքանչյուրն իր մասնակցությամբ կօգնի արագացված տեմպերով լրամշակել տեխնոլոգիական առաջադիմության այս չափազանց կարեւոր գործիքը, որպեսզի կարողանանք օր առաջ ձեռնամուխ լինել ազգային ցանցի կառուցմանը հայտարարված նպատակներով։ Դա միակ ձեւն է դուրս գալու այս ճահճից ու կործանարար տեղապտույտից»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը մտադիր է անվճար հիմունքներով կամավորներին, իսկ հետագայում՝ ազգային ցանցի բոլոր օգտատերերին տրամադրել բոլոր թվային գործիքները տարատեսակ անձնական հավելվածների տեսքով։ Այդ գործիքները ոչ միայն էապես կթեթեւացնեն առօրյա գործնական եւ անձնական հաղորդակցությունը, այլեւ լինելով համակարգաստեղծ՝ հնարավորություն կտան կառուցել նոր՝ էլ ավելի արդյունավետ ու արդար տնտեսական, հասարակական, կրթական ու մշակութային համակարգ։

Ազգային արագացման հանրային նախաձեռնության կոչին արդեն իսկ միացել է Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը, որը օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ եւ թվայնացում» նախագծի շրջանակում համակարգվող աշխատանքի շնորհիվ խմբագրել է 17 հազար նախադասություն։ Համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 6-20-ը հայտարարվել են հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման օրեր, որին ներգրավված են ինչպես դասախոսները (որոնք նաեւ խմբագրի եւ սրբագրիչի աշխատանքներ են կատարում), այնպես էլ՝ ուսանողները։ «Համալսարանը միացել է նախաձեռնությանը, արժեւորելով այս գործիքի անվտանգային բաղադրիչը՝ ազգային նպատակների իրականացման, ինչպես նաեւ գիտական հենքի տեսանկյունից։ Մեր բնական լեզվի մշակման գործիքները ծրագրավորման, լեզվաբանության եւ ազգային գաղափարախոսության համադրության արդյունք են։ Տվյալների բազայի խմբագրումը եւ մշակումը կարող են ծառայել նաեւ որպես լեզվաբանական արդիական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների հարթակ»,- ասաց նա։

Համալսարանը միացել էր նաեւ նախաձեռնության կողմից կազմակերպվող մյուս աշխատանքներին դեռ անցած տարվա սեպտեմբերից, որոնք կապված էին ձայնի, խոսքի սինթեզի, բնական լեզվի մշակման գործիքների ստեղծման հետ։ «Ձայնագրություններ էին արվում, դրանք համապատասխանեցվում տեքստի հետ, մասնակցում կամավոր ներազդեցությունների գործընթացին։ Ձայնի սինթեզի գործիքի մշակման համար որոշակի քանակով ստուգաբանում էինք կատարում, որի հիման վրա էլ ծրագրավորողների կողմից մշակվում էին ալգորիթմներ։ Հետեւաբար երբ նախաձեռնությունը հայտարարեց երրորդ՝ մեքենայական թարգմանության գործիքի ստեղծման մասին, այս անգամ եւս որոշեցինք աջակցել նախաձեռնությանը, առավել եւս, որ այն համահունչ էր մեր համալսարանի որդեգրած ռազմավարությանը»,- ասաց Մովսիսյանը՝ ուրախությամբ նշելով, որ ուսանողների շրջանում եւս այս նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել, որի արդյունքում աշխատանքները մեծ ոգեւորությամբ եւ խանդավառությամբ է ընթանում։ Ինչ-որ առումով անգամ մրցակցություն է նկատվում ուսանողների եւ դասախոսների միջեւ. առաջատարներից մեկը դասախոս է, մյուսները՝ ուսանողներ։

Խոսելով թարգմանական աշխատանքների դժվարությունների մասին, զրուցակիցս նշեց, որ դրանք կապված են եզրույթների թարգմանության հետ, երբեմն հանդիպում են տաբու բառերի։ Նման դեպքերում խորհրդակցում են նաեւ հայոց լեզվի ամբիոնի հետ իմաստային համարժեքներ գտնելու, շարահյուսական ճիշտ կառուցվածքներ ընտրելու հետ կապված։ «Պետք է հնարավորինս որակյալ պրոդուկտ տանք, եւ դա կախված է մեզանից յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքից, թե ինչպես կվերաբերվենք խմբագրական եւ սրբագրման աշխատանքներին։ Չափազանց մեծ, ծավալուն գործ է, եւ բոլորի մասնակցությունն ու աջակցությունն այս ընդհանուր գործին մեծ նշանակություն կունենան, քանի որ սա համահայկական արշավ է, եւ օր առաջ պետք է մեքենայական թարգմանության գործիքը պատրաստ լինի»,- շեշտեց լեզվաբանը։

Թեգեր: Թարգմանչաց 5.0ֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հետընթացն անընդունելի է

Հետընթացն անընդունելի է

«Սիրտն» առողջ է

«Սիրտն» առողջ է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist