Նախորդ շաբաթվա ավարտին պաշտոնական Բաքուն աչքի ընկավ իր հերթական ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագծով: Վերջինս Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի՝ իր իսկ կողմից GPS-ով ադրբեջանական տարածք տեղորոշած հատվածում՝ Որոտան գյուղի հարեւանությամբ, ոստիկանության պահակակետ տեղադրեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի հայտարարության՝ ադրբեջանցիները ստուգում են Պարսկաստանից Հայաստան մուտք գործող բեռնատարների փաստաթղթերը: Այդ գործողությանը գրեթե միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինք եւ նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք»՝ պնդելով, որ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության նման դեպքերը երկրի օրենքների խախտում են:
Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն եւ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարություն՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք մուտքի հետ, հատկապես այն տարածքների, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլերն ուղղված են Իրանից Հայաստան մտնող բեռնատարների դեմ: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվ քննարկվում էր նաեւ Արցախ այդ երկրից ժամանած բեռնատարների մուտքի հարցը: Դրանցով սովորաբար հեղուկ գազ է հասցվում ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը:
Ադրբեջանի վերջին գործողությունը փաստում է, որ օրեր առաջ Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակումը պատահական չէր, եւ դա ընդհանուր գործողությունների տրամաբանության մեջ էր: Հետեւաբար, իրականության հետ աղերս չունեին նաեւ, իբր, ադրբեջանցի զինվորականի դանակահարության հիմնավորումներով ճանապարհը փակելը:
Միանշանակ է, որ Ադրբեջանի այս գործողությունների թիրախում Իրանն է: Լավ իմանալով, որ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը կենսական նշանակություն ունի Պարսկաստանի համար՝ Ադրբեջանը կոշտ եւ, ի տարբերություն սեփական հայտարարությունների, ոչ բարեկամական գործողություն է դրսեւորում վերջինիս հանդեպ: Նկատենք, որ վերջին օրերին լարվել է իրավիճակը նաեւ ադրբեջանա-իրանական սահմանին, երբ այնտեղ արձանագրվեց փոխհրաձգություն, ինչի հետեւանքով եղավ նաեւ վիրավոր:
Մյուս կողմից՝ Ադրբեջանն այդ քայլով փորձում է միջազգային հանրությանը մատուցել այն թյուր պատկերացումը, թե վերահսկում է իրավիճակը Արցախի Հանրապետությունում, ինչը նա պարբերաբար ապարդյուն արել է հակամարտության վերջին 30 տարիների ընթացքում: Պաշտոնական Բաքվի հերթական սադրանքին Արցախի Հանրապետության արձագանքը չուշացավ: ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, եւ վերջինս որեւէ իրավասություն չունի այնտեղ որեւէ մեկի մուտքի կամ ելքի թույլտվություն տալու։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ իրանական բեռների տարանցումը Հայաստանի տարածքով՝ ստիպելով օգտվել իր տարածքի ճանապարհներից, որոնք տնտեսապես արդյունավետ չեն՝ անհամեմատ ավելի երկար լինելու պատճառով:
Սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ Բաքուն տարածաշրջանում համագործակցություն հաստատելու մասին իր հայտարարություններին տրամագծորեն հակառակ գործողություններ է իրականացնում: Նման ոչ խելամիտ քայլերով Ադրբեջանը ոչ միայն արգելակում է հետպատերազմյան գործընթացները եւ եռակողմ հայտարարության իրագործումը, այլեւ սկսում է հակադրվել իր թուրք «ավագ եղբորը»՝ Թուրքիային: Այն դեպքում, երբ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու օգտին, գրեթե միաժամանակ պաշտոնական Բաքուն տարածաշրջանային համագործակցությունը տորպեդահարող քայլեր է անում: Այս դեպքում սպասվում է, որ Թուրքիան իր «կրտսեր եղբոր» հետ համապատասխան բացատրական աշխատանքներ կտանի՝ գոնե երկու թյուրքական երկրների միջեւ նման փոխբացառող գործողությունները բացառելու համար: