«Գազետա.ռու»-ն, ՌԴ ԿԲ տվյալներին հղում անելով, գրում է, որ ՌԴ միջազգային պահուստները գերազանցել են պատմական ռեկորդը՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 618.2 մլրդ դոլար։ Հուլիսին միջազգային պահուստներն աճել են մինչեւ 601 մլրդ դոլար: Օգոստոսին պահուստներն աճել են 2.86 տոկոսով: Դինամիկայի որոշիչ գործոններն էին ոսկու գների աճն ու բյուջետային կանոնների շրջանակներում արտարժույթի գնման գործարքները: Համապատկերում «ՀՀ»-ին հետաքրքրեց Հայաստանի վիճակը միջազգային պահուստների մասով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ մեր պահուստներում ոսկի չկա։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նաեւ հարեւան երկրների համեմատականներից խոսեց՝ մինչ այդ կարեւոր համարելով ներկայացնել, թե ընդհանրապես ինչ է այդ պահուստը տվյալ պետության համար։ Հայտնի է, որ միջազգային պահուստները բարձր իրացվելի ակտիվների պաշարներ են, որոնք պետության տրամադրության տակ են՝ դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմնի կառավարման ներքո: Դրանք սովորաբար բաղկացած են ոսկուց, ԱՄՆ դոլարից եւ այլ բարձր իրացվելի արժույթներից, ինչպեսեւ՝ Հատուկ փոխառության իրավունքներից (ՀՓԻ), որը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թողարկվող հատուկ արժույթ է: Վերջինիս քանակով որոշվում է ԱՄՀ-ում տվյալ երկրի մասնակցության չափը: Միջազգային պահուստների շարժը կարեւոր տեղեկություններ է տալիս տվյալ երկրի ֆինանսական իրացվելիության եւ ազգային արժույթի դիրքի կարգավորման հնարավորությունների մասին:
ՀՀ ԿԲ հրապարակած միջազգային պահուստների վիճակագրությունը սկսվում է 2003-ից։ Ըստ այդ վիճակագրության՝ պահուստների չափը մշտապես փոփոխության է ենթարկվել՝ մերթ աճելով եւ մերթ նվազելով: «պետք է նշել, որ 2003-ից ի վեր պահուստների բարձր մակարդակ գրանցվեց 2021 թ. փետրվարին»,- հայտնեց տնտեսագետը։
Եվ անդրադառնալով վերջին տարիների ցուցանիշներին, ներկայացրեց հետեւյալ պատկերը. 2020 թ. վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 614 մլն դոլար՝ 2019 թ. վերջի համեմատ նվազելով մոտ 236 մլն դոլարով կամ 8.3 տոկոսով։ 2020 թ. պահուստների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին։ Իսկ նվազագույն մակարդակը՝ նոյեմբերին։ 2020 թ. դեկտեմբերի դրությամբ վերջիններիս ծավալը կազմել է 2.62 մլրդ դոլար, 2021 թ. հունվարին այն նվազել է՝ կազմելով 2.4 մլրդ դոլար, իսկ փետրվարին կտրուկ աճել է՝ հասնելով 3.184 մլրդ դոլարի: Վերջինիս մեջ հիմնականում գերակշռում է ԱՄՆ դոլարային պահուստը՝ 3.18 մլրդ դոլար, եւ բավական չնչին մաս է կազմում ՀՓԻ-ով պահուստը, այն է 0.4 մլրդ դոլար:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս տարվա փետրվարի դրությամբ պահուստների աճը՝ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան Կ. Սարգսյանը պարզաբանեց. «Այդ կտրուկ աճը պայմանավորված է նրանով, որ միջազգային պահուստները համալրվել են 2021 թ. հունվարին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։ Հիշեցնեմ, որ Հայաստանը 2021 թ. բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Այդ միջոցները հենց տեղ են գտել մեր միջազգային պահուստներում»։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի այլ երկրների վիճակին։ Ըստ մասնագետի, 2021 թ. հուլիսի դրությամբ Վրաստանի միջազգային պահուստները կազմել են 3.9 մլրդ դոլար, որի գերակշիռ մասը նույնպես ԱՄՆ դոլարի տեսքով է եւ չնչին մասը՝ ՀՓԻ-ով: 2021 թ. տարեսկզբի դրությամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կազմել են 6.4 մլրդ դոլար եւ, ըստ հրապարակված տվյալների, ոսկու պաշարները կրկին 0 են: Ռուսաստանի պահուստները, որոնք վերջին ժամանակահատվածում կտրուկ աճել են՝ կապված նավթի գների աննախադեպ վերելքի հետ, սեպտեմբեր 9-ի դրությամբ կազմում են շուրջ 620.8 մլրդ դոլար, որի մեջ ոսկու պաշարների տեսակարար կշիռը կազմում է 22.4 տոկոս: Արտարժութային պաշարները կազմում են շուրջ 455.5 մլրդ դոլար, մնացածը՝ ՀՓԻ-ով պահուստներն են:
Տնտեսագետը հստակեցնում է, սակայն, որ երկրի միջազգային պահուստների վերաբերյալ մեկ կամ մի քանի ամիսների կտրվածքով վերլուծությունները ցույց չեն կարող տալ վերջիններիս իրական պատկերը։ Դրանք կարող են համալրվել կամ նվազել, երբ երկիրը արտարժույթի կարիք է ունենում, հարկավոր է լինում լրացնել բյուջեի պակասուրդը եւ այլն։ Ինչպես մեր՝ այս տարվա փետրվարի օրինակն է՝ եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված գումարի շնորհիվ պահուստները կտրուկ աճել են, սակայն ընդամենը մեկ ամիս անց այդ գումարը կարող է նվազել։ Մասնավորապես, արդեն մարտին դրանք կազմել են 3.008 մլրդ դոլար, ապրիլին՝ 2.990 մլրդ դոլար, մայիսին՝ 3.008 մլրդ դոլար, հունիսին՝ 3.113 մլրդ դոլար, հուլիսին՝ 3.078 մլրդ դոլար եւ վերջին տվյալը օգոստոսի դրությամբ է՝ 3.215 մլրդ դոլար:
«Պահուստի ծավալներն անընդհատ փոփոխվում են՝ պայմանավորված պետության դրամավարկային քաղաքականության շրջանակում դրանց օգտագործմամբ»,- եզրափակեց մասնագետը։