Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր Սյունիք՝ տեղում դիտարկելու քաղաքացիների անվտանգությունը ճանապարհներին եւ տնտեսական հարցեր:
Սրան զուգահեռ երկու օր առաջ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց՝ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը եւ Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին: «Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Գործընթացների զարգացումը մեկ անգամ եւս ընդգծում է սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը»,- ասել էր Զախարովան եւ հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ ՌԴ-ն առաջարկներ է ներկայացրել ինչպես Բաքվին, այնպես էլ Երեւանին:
Ռուսական կողմն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատի ունի իր արխիվներում պահվող ԽՍՀՄ քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերջերս հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերը ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ձեւաչափի օրակարգում են: Այն, որ վաղ թե ուշ երկրների միջեւ սահմանները հստակեցվելու են, քննարկման առարկա չէ: Այստեղ խնդիրն այդ գործընթացի իրավապայմանագրային հիմքերի մասին է:
ՌԴ-ի արխիվներում, անկասկած, պահվում են նաեւ 1926 թ. խորհրդային քարտեզները, որտեղ ամրագրված է այն քիչ թե շատ բնական սահմանագիծը, երբ ադրբեջանցիները տարբեր ճնշումների միջոցով միութենական իշխանությունների զանազան որոշումներով սահմանի տարբեր հատվածներում չէին զավթել Խորհրդային Հայաստանի տարածքները, ինչպես նաեւ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել: Պետք է պարզել, թե ինչքանով է իրավաչափ միջազգային GPS համակարգով գծված հետխորհրդային պետությունների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանահատվածը, առավել եւս, որ այն նախկին խորհրդային շատ հանրապետությունների համար փաստացի չի գործում:
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը նաեւ հարմար առիթ է 1920 թ. բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթելու հետեւանքով Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար: Այս տարբերակը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. քեմալական Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ոչ թե խորհրդային նախորդի, իսկ 20-րդ դարի սկզբում Ազգերի լիգայի հաստատմանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած Հայաստանի սահմանները շատ ավելի իրականությանը մոտ էին եւ իրավական առումով հիմնավորված:
Հետեւաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն սկսելու հիմնական փուլը պետք է լինի իրավապայմանագրային հիմքերի հստակեցումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը: