Հայաստանի անկախության հռչակմամբ արմատապես նոր իրողություն ստեղծվեց։ Առաջին օրվանից Հայաստանի ղեկավարությունն արտաքին գործերի նախարարությունը վերակազմավորելու խնդիր դրեց, որը կարեւոր դերակատարություն ունեցավ նորանկախ հանրապետության կայացման գործում։ Թեեւ արտգործնախարարություն ունեցել ենք նաեւ խորհրդային տարիներին, սակայն, ըստ էության, այդ կառույցը որեւէ արտաքին քաղաքական խնդիր չէր լուծում, արտաքին աշխարհի հետ մենք հարաբերվում էինք պաշտոնական Մոսկվայի միջոցով։
«Անկախությունը մեզ համար երազանք էր, որն իրականություն դարձավ 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Անկախության հռչակումն անչափ ոգեւորիչ էր նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Մի ժողովուրդ, որը հարյուրամյակներ շարունակ անցել էր տառապանքի ճանապարհով, վերջին հարյուր տարվա ընթացքում երկու անգամ անկախություն ստացավ։ Դա Աստծո պարգեւ էր, մեր ժողովրդի երազանքների իրականացումը։ Դրանով մեր ժողովուրդը վերահաստատեց անկախ ապրելու իր ձգտումը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Թունիսի Հանրապետությունում եւ Մարոկկոյում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը։
Կանգնած լինելով նորանկախ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կայացման ակունքներում՝ զրուցակիցս փաստում է, որ պետական կարեւորագույն ինստիտուտի կայացման ճանապարհին ԱԳՆ աշխատակիցներն անգնահատելի աշխատանք են կատարել եւ վստահաբար լավագույն կերպով են իրականացրել իրենց վրա դրված առաքելությունը։ Զրոյական մակարդակից սկսելով եւ հաղթահարելով թե երկրի ներսում առկա դժվար պայմանները, նյութատեխնիկական սուղ բազան եւ թե արտաքին մարտահրավերները՝ կարողացել է ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։
Փոլադյանի խոսքերով՝ արտաքին գործերի նախարարությունը եւ մյուս պետական կառույցները կայացան Հայաստանի համար ամենաբարդ եւ դժնդակ ժամանակներում, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվել էր էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամ, մյուս կողմից՝ Արցախի հակամարտությունն էր, Հայաստանը գտնվում էր հետպատերազմական ծանր իրավիճակում։ «Ահավոր ծանր պայմաններ էին ստեղծվել բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ԱԳՆ-ի համար, որը պետության, պետականության դեմքն է, արտաքին աշխարհի հետ մեր խոսնակը։ Բարեբախտաբար, կարողացանք կարճ ժամանակահատվածում հաղթահարել որոշակի դժվարություններ»,- ասաց նա։
Տարբեր երկրների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելուց հետո սկսվեց մյուս փուլը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Հաջորդ քայլը դիվանագիտական ներկայացուցչությունների բացումն էր այս կամ այն երկրում։
Սկզբնական շրջանում նախարարությունը գտնվում էր այսօրվա Սահմանադրական դատարանի շենքում։ «Ընդամենը մի քանի աշխատակիցներով կարողացել ենք կապեր հաստատել եւ հարաբերվել արտաքին աշխարհի հետ։ Փորձի պակաս ունեցել ենք բոլորս, մեզանից պահանջվել է շատ մեծ աշխատանքէ այդ բացը լրացնելու համար, բայց ժամանակի ընթացքում կարողացել ենք ուժերի լարմամբ հասնել արդյունքների»,-ասաց նա։ Փոլադյանը նախարարության հետ կապեր է ունեցել սկսած 1992 թվականից, երբ երկրի առաջին նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է մերձավորարեւելյան հայտնի այցերին (Սիրիա, Եգիպտոս), իսկ պաշտոնապես սկսել է աշխատել 1993 թ. սկզբներից։ Այդ ժամանակ ձեւավորվել են նոր վարչություններ, դրանցից էր Մերձավոր Արեւելքի վարչությունը, որտեղ էլ սկսել է դիվանագիտական ծառայությունը։ Վարչությունը դարձավ նախարարության կարեւորագույն օղակներից մեկը։
Փոլադյանը չափազանց բարձր է գնահատում հայկական համայնքների աջակցությունն ու օգնությունը։ Հայաստանի քայքայված տնտեսության եւ այլ դժվարությունների պայմաններում առաջին հերթին հնարավոր եղավ դիվանագիտական ներկայացուցչություններ բացել հատկապես այն երկրներում, որտեղ առկա էին հայկական համայնքներ։ «Բազմիցս ասել եմ՝ մեր երախտիքի խոսքը պետք է ուղղենք մեր հայրենակիցներին, որոնք Հայաստանի համար այդքան դժվար ժամանակաշրջանում թեւ ու թիկունք եղան, թե նյութական, թե բարոյական առումներով օգտակար եղան Հայաստանին։ Նրանջ ջանքն ու ներդրումը մեծ է դիվանագիտական ներկայացուցչությունների կայացման գործում։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որը տարբեր երկրներում ավելի շատ ճանաչելի էր տեղի հայ համայնքի միջոցով։ Նրանց համար նոր չէր Հայաստանը, պատկերացում ունեին հայերի մասին, դա որոշակի կապիտալ էր մեզ համար, եւ կարողացանք հաջողությունների հասնել»,- ընդգծեց զրուցակիցս։
2000 թ. առաջին անգամ Փոլադյանը ԱՄէ-ում նշանակվում է գործերի հավատարմատար, ապա նաեւ՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծոցի տարածաշրջանն ընդհանրապես ավանդական համայնքներ չի ունեցել, եւ Հայաստանի մասին պատկերացումներն աղոտ են եղել։ Դեպքեր հիշեց, երբ «Արմենիա» անունն ընկալում էին կամ Ռումինիա, կամ Ալեմանիա՝ Գերմանիա։ «Հիմա այլ է պատկերը»,- վստահեցնում է նա։ Դիվանագետների դեպքում շատ հաճախ կատարած ամբողջ աշխատանքի միայն արտաքին շերտն է երեւում, եւ հասարակության լայն շրջանակների համար տեսանելի չի լինում ահռելի եւ մեծածավալ աշխատանքը։ Կատարած աշխատանքը երբեմն հանրայնացման ենթակա չի լինում, եւ թվում է՝ այն չի արվում։ «Շատերը պատկերացում չունեն դիվանագետի բուն աշխատանքի մասին, թե այս կամ այն խնդիրը լուծելու համար որքան ջանք եւ եռանդ է պահանջվում՝ բարդույթները կոտրելու եւ սեփական երկրիդ շահն առաջնային դարձնելու, տվյալ երկրում ներկայացնելու համար»,- նկատեց դիվանագետը՝ շարունակելով, որ հայերիս կապիտալը նաեւ մեր մշակույթն է, սակայն սահմանափակ բնական ռեսուրսների փոխարեն մենք ունենք մշակույթ, որը դռներ է բացում մեզ համար։ Փալադյանը հիշում է, որ 2002, թե 2003 թթ. Էմիրություններից մշակութային ծրագրով խումբ էր եկել Հայաստան, որոնք վերադարձել էին տպավորված, բոլորովին այլ պատկերացումներով, վերաբերմունքով։ Նրանց խիստ զարմացրել էր այն փաստը, որ միայն մեկ երաժշտական դպրոցում տեսել են 33 դաշնամուր։ Դա ցույց էր տալիս մեր երկրի եւ ժողովրդի արժեհամակարգը։
Փոլադյանը ԱՄԷ-ում Հայաստանի մասին արաբերենով գիրք է գրել, որը, նրա խոսքերով, մեծ լիցք էր հաղորդել Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին։ «Արեւելքն իր առանձնահատկություններն ունի, լեզվի իմացությունը գործի կեսն է եւ լավ մթնոլորտ է ապահովում։ Երբ մարդու հետ խոսում ես իր լեզվով, դա նոր դռներ է բացում»,- ընդգծեց դեսպանը։
Անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ Փոլադյանը շնորհավորեց հայ ժողովրդին եւ նախեւառաջ իր դիվանագետ հին ու նոր ընկերներին՝ մաղթելով նորանոր բարձունքների նվաճում հանուն հայրենիքի, իսկ մեր երկրին էլ՝ խաղաղություն։ Թեեւ գրեթե զրոյական կետից ենք սկսել, բայց մեր դիվանագետները բարձր վարկանիշ ունեն արտերկրում։ Համակարգում աշխատում են պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի մարդիկ, որոնք բավականին ծանր ճանապարհ անցնելով՝ պատրաստ են բարձր պահել Հայաստանի անունը»,- շեշտեց զրուցակիցս։