Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, նախօրերին ընդունվել է Արցախի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւ, որը կազմվել է իռլանդացի պատգամավոր Պոլ Գեյվընի զեկույցի հիման վրա. վերջինս այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան։ Թե որքանով է ընդունված բանաձեւը ներկայացնում հայկական շահը, ինչպիսի քաղաքական եւ իրավական կշիռ ունի, այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանի հետ։
«Այս բանաձեւը քաղաքական եւ իրավական առումներով ունի կշիռ։ Թեեւ իրավական առումով պարտադիր չէ կատարման համար, միանգամից գործելու պարտադրանք չեն ենթադրում, բայց դրանցում արտահայտված բառապաշարը, փաստերի արձանագրումը հետագայում միանշանակորեն կարող են օգտագործվել մեր կողմից այլ իրավական գործընթացներում»,- ասաց նա։ Բանաձեւում օգտագործված «խրախուսվում է», «կոչ ենք անում», «ափսոսում ենք», «մտահոգված ենք» արտահայտությունները դասական իմաստով չեն պարտադրում։ Նման բանաձեւերը միջազգային իրավունքում հայտնի են որպես «փափուկ իրավունք», որոնք պարտադիր չեն կատարման համար, սակայն դրանց չկատարումը միջազգային հանրության մոտ նվազեցնում է տվյալ պետության հեղինակությունը եւ գործունեության ազատությունը՝ առաջացնելով քաղաքական ու հնարավոր դիվանագիտական հետեւանքներ։
Տ. Սիմոնյանը կարեւորում է այն, որ բանաձեւում օգտագործված նման բառապաշարի, արտահայտությունների, դիրքորոշումների տակ քվեարկությամբ ստորագրում են պետությունները եւ հաստատում իրենց կամքն առ այն, որ դրանում առկա բառապաշարը համապատասխանում է իրենց մոտեցումներին։ Հետագայում այդ պետությունները, որոնք նման կամք են արտահայտել, բնականաբար, կաշկանդված են լինում իրենց քվեարկությամբ, եւ այդ պետությունների հետ հարաբերություններ կառուցելը շատ ավելի նպաստավոր է լինում։ Զրուցակիցս հիշեցրեց, որ երբ Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում հակահայկական բանաձեւեր էր ընդունել տալիս, որոնք հաճախ հայտնի էին դառնում որպես «խավիարային դիվանագիտության» արդյունք, ապա հետագայում նման պետություններն այլեւս չէին կարողանում հայանպաստ դիրքորոշում արտահայտել, որովհետեւ այդ խնդրի առնչությամբ նախկինում արդեն իսկ արտահայտել էին իրենց դիրքորոշումը։
Անդրադառնալով այս բանաձեւում հայկական շահից բխող ձեւակերպումներին՝ իրավաբանը նշեց, որ նախեւառաջ արձանագրվել է, որ պատերազմն սկսվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով միջազգային իրավունքի տված հնարավորությունները։ Այսինքն՝ պատերազմին կարելի է հակազդել միայն ինքնապաշտպանության նպատակով, մինչդեռ Ադրբեջանն է նախահարձակ եղել, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի հիման վրա։ Հաջորդը՝ գերիների հետ կապված փաստերի արձանագրումն է, մասնավորապես այն, որ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների, չեն վերադարձվում, ավելին՝ կան գերիներ, որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ միջազգային կառույցներին։ Երրորդ կարեւոր արձանագրումը վերաբերում է հայկական պատմամշակութային հուշարձաններին։ «Դրանք մինչ այս էլ շարունակաբար ոչնչացվել են Ադրբեջանում եւ հիմա էլ են ոչնչացվում թե՛ պատերազմի ժամանակ, թե դրանից հետո։ Պատերազմի արդյունքում հայկական հուշարձանները դարձել են թիրախ, ինչպես Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Արձանագրվել է նաեւ հայկական մշակութային հուշարձանների օտարացման գործընթաց, երբ հայկականը վերագրվում է այլ ժողովուրդների։ Արձանագրված են նաեւ մարդասիրական իրավունքի իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Այսինքն՝ այս բանաձեւում ամրագրվել են բոլոր այն մեղադրանքները կամ դրանց մի մասը, որոնք մենք անընդհատ բարձրաձայնում ենք»,- մանրամասնեց Սիմոնյանը։
Մտահոգիչ է այն, որ բանաձեւում նշվում է 1991-1994 թթ. ադրբեջանցիների տեղահանման եւ նրանց վերադարձի անհրաժեշտության մասին, մինչդեռ որեւէ նշում չկա Ադրբեջանից եւ հայկական այլ տարածքներից հայերի բռնի տեղահանման եւ վտարման մասին՝ սկսած Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից եւ մյուս բնակավայրերից։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ զրուցակիցս նկատեց, որ այդ առումով հայկական շահն այնքան էլ ամբողջական չի ներկայացվել, բայց նշեց, որ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում բանաձեւերի անցկացման ժամանակ շատ անգամ կողմերը գնում են փոխզիջումների։ «Դա արդեն համոզելու արվեստն է, եթե կարողանում ես լավ համոզել, որ քո շահը սպասարկող բոլոր բառերը ամրագրվեն, շատ ավելի լավ է, իսկ եթե չես կարողանում, պետք է ստիպված մի մասը հանես, որ մյուս մասն ընդունվի։ Չգիտեմ ինչ է տեղի ունեցել, բայց կարող եմ ենթադրել, որ նման բանակցությունների արդյունք է եղել»,- ասաց նա։
ԵԽԽՎ վերոնշյալ բանաձեւում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը։ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իր տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է։ «Պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որեւէ հիմքից, դրանք պետք է հեռացվեն, եւ ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի»,- գրում է Արման Թաթոյանը, ապա հավելում, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։