Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման 2022-2024 թթ. ծրագիրը հաստատված է։ Ինչո՞ւ կայացվեց օտարման որոշումը, ի՞նչ է օտարվելու եւ, ընդհանրապես, ի՞նչ ունենք մեր այս պահուստում։ Պարզաբանումները՝ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության։
Նախ՝ ի՞նչ ունենք։ Պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի մասին տվյալները: 96 կազմակերպություններից ստացված տեղեկությունները ճշգրտվել են։ Գանձարանի կողմից մշակութային օջախների, թանգարանների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատված եւ դասակարգված են ըստ պետական պահուստի արժեքների եւ ազգային պահուստի արժեքների (անձեռնմխելի են եւ ենթակա չեն օտարման): Ազգային պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 65.9 կգ, արծաթ` 1453.2 կգ, պլատին` 477.5 գրամ եւ պալադիում` 0.02 գրամ, թանկարժեք մետաղների համաձուլվածք` 196.6 կգ (2021 թ. հունվարի 1-ի դրությամբ):
Պետական մարմինների, պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 1.3 կգ, արծաթ` 21.1 կգ, պլատին` 63.4 կգ, պալադիում` 0.2 կգ, իրիդիում` 10.9 կգ, ռոդիում` 0.3 կգ, օսմիում` 2.23 գրամ, ինչպես նաեւ սարքավորումների մեջ` ոսկի` 4.8 կգ, արծաթ` 462.9 կգ, պլատին` 3.5 կգ, պալադիում` 9.1 կգ, ռոդիում` 0.3 գրամ, իրիդիում` 0.1 գրամ (դարձյալ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ):
Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկյա իրեր` 80.0 կգ, մետաղական ոսկի` 14.6 կգ, արծաթյա իրեր` 74.1 կգ, մետաղական արծաթ` 31.3 կգ, արծաթի եւ ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ զարդեր` 4.7 կգ, պլատին` 3.0 կգ, պալադիում` 1.4 կգ, օսմիումի օքսիդ` 4.32 գրամ, թանկարժեք քարեր (ադամանդ, ադամանդի հումք)` 3575.8 կարատ, թանկարժեք քարեր (ալմաստի քարեր եւ հումք)` 762 կարատ, թանկարժեք քարեր (զմրուխտ)` 256 կարատ, աճեցված (կուլտիվացված) մարգարիտ` 102.8 կգ, արհեստական քարեր` 4795 հատ, արհեստական քարերից շարաններ` 1.2 կգ, կիսաթանկարժեք քարեր` 417 կարատ: Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ընդհանուր արժեքը 01.01.2021 թ. դրությամբ շուրջ 2 մլրդ 156 մլն դրամ է։
Ընդհանրապես, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը նախատեսված է պետության եւ ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության եւ ազգային տնտեսության` թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը: Այդ դեպքում ինչո՞ւ է այս հարստությունն օտարելու որոշում կայացվել։
Ըստ ֆիննախի՝ գանձարանում տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպեսեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքն ու արժեքը. «Եվ պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նախարարությունը որդեգրել է մոտեցում, որ պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ եւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր, ինչն էլ հիմք է դարձել պետական պահուստներից ոչ իրացվելի իրերի օտարման ծրագրի կազմման համար»:
Ի դեպ, պետական պահուստներից թանկարժեք քարերի, ինչպեսեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի իրացում չի արվել 1996-ից հետո։ Հիմա, ըստ պատկան մարմնի, պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով գանձարանում գտնվող իրացման ենթակա ոչ լիկվիդային իրերի օտարում կարվի` ըստ առաջնահերթության։ Թանկարժեք քարերի` զմրուխտի, ադամանդի, ադամանդի հումքի իրացման գինը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից: Ոսկյա եւ արծաթյա իրերի յուրաքանչյուր գրամի իրացման գինը չի կարող պակաս լինել գանձարանի կողմից սահմանված մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գներից։ Իսկ թանկարժեք քարերից ներդիրների առկայության դեպքում պետք է ավելացվի նաեւ ներդիրների արժեքը, որը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից:
Օտարման ենթակա իրերը հրապարակային աճուրդի ներկայացվելուց առաջ գանձարանի կողմից կվերագնահատվեն` առաջնորդվելով տվյալ պահի շուկայական գներով: Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված իրերն առանձնահատուկ ապրանք են, որոնց բնորոշ են նաեւ կարճ ժամանակահատվածում գնային տատանումներ, հետեւաբար աճուրդից առնվազն մեկ օր առաջ արդեն իսկ վերագնահատված իրի արժեքի եւ տվյալ պահին նմանատիպ իրի շուկայական արժեքի միջեւ 5 եւ ավելի տոկոս դրական կամ բացասական շեղման դեպքում կկատարվի տվյալ իրի կրկնակի վերագնահատում: Իրացումից ստացված գումարը կուղղվի պետբյուջե։
Ֆիննախը նշում է նաեւ, որ իրերի վաճառքը նախ՝ աճուրդների «դասական» եղանակով կարվի՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետեւ՝ «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ: Այս ամենից ակնկալիքը, ըստ պետական գերատեսչության, այն է, որ «հնարավորություն կստեղծվի պետական պահուստներն արդյունավետ օգտագործելու՝ ՀՀ ֆինանսական, գիտական, սոցիալական, մշակութային, ներդրումային եւ այլ կարիքների բավարարման նպատակով: Կունենանք իրացվելի թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստ: Անհրաժեշտ գործողությունների կատարմամբ գանձարանը կտիրապետի շուրջ 622.0 միլիոն դրամ արժողությամբ բարձր իրացվելիություն ունեցող եւ արժութային արժեք համարվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ