Մեր երկրի անվտանգության եւ այդ անվտանգության բավարար մակարդակն ապահովելու համար տնտեսությունը պետք է զարգանա։ Եվ հարկ է, որ զարգանա նոր տեմպով։ Իսկ սրա համար էլ անհրաժեշտ է, որ տնտեսությունը փոխի իր կառուցվածքը՝ եւ՛ արագ եւ՛ որակյալ առաջընթաց գրանցելու համար։ Այս ընթացքում մեր տնտեսագետները թեկուզ որոշակի տարբեր մոտեցումներով, բայց իբրեւ տնտեսության քարշակ ուժերից մեկը մատնանշել են ռազմարդյունաբերության ոլորտը։
Մասնագետների առաջարկների հայտարարը, սակայն, նույնն է. 1. տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Մենք պետք է կարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքը, տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավումը եւ այս հենքի վրա ռեսուրսների լավագույնս օգտագործման չափանիշների ներդրումը (Հայկ Սարգսյան)։ 2. Ծրագրային գերակայություն պետք է լինի իրական ռազմարդյունաբերության ձեւավորումը։ Չի կարող լինել հիմնավոր ռազմարդյունաբերություն, քանի դեռ տնտեսությունում չեն կայացել եւ արդյունավետ ու համակարգված չեն գործում 5 առանցքային ոլորտներ՝ էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, նոր նյութերի արտադրություն, թեթեւ ճշգրիտ մեքենաշինություն, ՏՏ ոլորտ (Կարեն Ադոնց)։ 3. ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Մասնավորապես՝ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Սա, իր հերթին, կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ, ըստ այդմ, պետք է տնտեսության կառավարման մեջ ներմուծվեն պլանային կառավարման նոր սկզբունքներ (Կարեն Սարգսյան)։
Այնուամենայնիվ, ինչպես Կարեն Ադոնցն է ասում, ապագայի չոր հաշվարկով փորձենք ի մի գալ ու պարզեցնել անելիքը, օրինակ, հետեւյալի մասով՝ բանակ-անվտանգություն՝ այս պահին «չխոսելով մեր վիճակից, վտանգներից, մարտահրավերներից, համաշխարհային տնտեսական զարգացումներից, քանզի, մեծ հաշվով, իրավիճակը հասկանալի է»։
Ըստ այդմ, մասնագետի խոսքերով, ո՞րն է մեր գլխավոր խնդիրը՝ ըստ «բոլոր» կողմերի պնդումների։ Նախ՝ դա բանակի նորովի վերազինումն ու կատարելագործումն է։ Բանակի վերազինումն ու ամրապնդումը խոշոր հաշվով՝ սպառազինությունն է, մատակարարումը, պահպանումը եւ ինժեներա-շինարարական աշխատանքները՝ ժամանակի եւ տարածության մեջ։ «Պարզ է, որ խոսքը «մեծ գումարների» լինելիության մասին է։ Նույնիսկ եթե երկիրն ունի ռազմարդյունաբերություն՝ սեփական արտադրության սպառազինության դիմաց պետք է վճարել»,- նշում է Կ. Ադոնցը՝ միաժամանակ հարցադրում հնչեցնելով՝ որքան գումար է անհրաժեշտ այդ նպատակի պատշաճ իրագործման համար։
«Եթե կողմնորոշիչը վերցնենք «հարեւան երկրի» պլանավորված ծախսերի՝ մոտ 3 մլրդ դոլարի կեսը, ապա մեր ներկայիս տարեկան ծախսերը առնվազն պետք է կրկնապատկվեն, եթե 70 տոկոսը, ապա առնվազն պետք է եռապատկվեն,- շեշտում է տնտեսագետը։- Ակնհայտ է՝ այսօրվա մեր բյուջեն, նույնիսկ ամենաբարձր կանխատեսվող տնտեսական աճի պարագայում, չի կարող գեներացնել նման գումարներ։ Անհեռանկար է ակնկալել, որ նման միջոցներ հնարավոր է գեներացնել արտաքին պարտքով (այն արդեն հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը), կամ՝ սփյուռքի հանգանակություններով»։
Այս ամենից ելնելով՝ նրա խոսքերով, տարբերակը մեկն է՝ այս գումարները պետք է ձեւավորի Հայաստանի տնտեսությունը. «Հավատում ենք դրան, թե չենք հավատում, մտածում ենք այդ ուղղությամբ, թե չենք մտածում, հաշվարկում ենք, թե չենք հաշվարկում, էական չէ՝ այդ գումարները պետք է գեներացնի Հայաստանի տնտեսությունը։ Դրա համար չոր հաշվարկով՝ տնտեսությունը առաջիկա 5 տարիներին պետք է աճի միջինը՝ տարեկան 20-25 տոկոսով»։
Թե ինչպես պետք է հասնել դրան, մասնագետն առաջարկել է համապատասխան ծրագիրը, որին «ՀՀ»-ն առիթով անդրադարձել է։ Մեզ հետ զրույցներում շատ տնտեսագետներ են փաստել. այո՛, հնարավոր է, մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք դա անել։ Մնում է գործել։ Իսկ պարտավոր ենք, որովհետեւ տարածաշրջանում իրողությունները շատ արագ են փոխվում, մեր երկիրը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է, եւ հարկ է, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ գոնե սկզբնական փուլի համար։ Որովհետեւ մեր փոխարեն դա ոչ մի երկիր չի անի։