ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն ավելացված արժեքի հարկով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց բաժնի պետը, մեր երկրում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ պետեկամուտների կոմիտեն գործուն քայլեր է իրականացնում: Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է գործադիրի հավանությանը եւ ԱԺ-ում անցել առաջին ընթերցմամբ։
Հստակեցնենք, որ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումն ու հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները:
Լուսինե Մկրտչյանը շեշտեց. «Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է` քաղաքացիներին հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու»։
Մեր զրուցակցի պարզաբանման համաձայն՝ ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու եւ ՀՀ պետբյուջե ԱԱՀ վճարելու: Կամ՝ ենթադրենք քաղաքացին օգտվում է «Zoom» էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որեւէ կրթական ծառայությունից: Այս դեպքում նույնպես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու եւ մեր պետբյուջե ԱԱՀ վճարելու, իսկ ֆիզիկական անձը որեւէ գործողություն չի անելու:
«Նաեւ լրացուցիչ որեւէ ֆինանսական բեռ չի կրելու, որեւէ լրացուցիչ գործառույթ չի իրականացնելու։ Քաղաքացին կշարունակի վճարել միայն իր ստացած ծառայության դիմաց»,- հավելեց Լ. Մկրտչյանը։
Ի դեպ, էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, եւ կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու եւ ՀՀ պետական բյուջե վճարելու համար: Իսկ ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը կսահմանի կառավարությունը։